Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ցույց՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով։
Ցույցի կազմակերպիչները «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի կալանքի վերաբերյալ նամակ փոխանցեցին ԵՄ պատվիրակությանը, որում հիմնավորումներ են ներկայացվում, որ կալանքն անհիմն է։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ու Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը կալանավորվել են «կաշառք տալու» գործով։
«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանն այսօր լրագրողներին ասաց, որ ԵՄ ներկայացուցչության ուշադրությունն են հրավիրում այս գործերի վրա։ Նաեւ հանրությունը պետք է իմանա, որ քաղաքական հետապնդումներ են իրականացվում Հայաստանում։ «Սիրելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած այսօրվա Հայաստանում ովքե՞ր են բանտում նստած՝ քաղաքական գործիչներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, սրբազաններ, լրագրողներ՝ բոլորն ընդդիմադիր քաղաքական հայացքներով»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ «Հայրենիք» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում է ստեղծման օրվանից ի վեր․ «Քանի որ սպասվում են ընտրություններ, ընտրություններին ընդառաջ ճնշումները մեծանում են, գործ սարքելու պրակտիկան ավելանում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Փաստաբան Արսեն Բաբայանն ասաց, որ Խաչիկ Գալստյանի վերաբերյալ գոյություն չունի որեւէ տվյալ, փաստ, որը հիմնավոր կասկածի նվազ շեմով կարող է նման լինել հանցագործություն կատարելու դեպքի հետ։ «Խաչիկ Գալստյանին կալանքի տակ պահելու որեւէ հիմք գոյություն չունի՝ սկսած իր կենսագրությունից, իր անցած ուղուց։ Այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու բազմաթիվ հիմքեր կան, թեպետ մենք դրան էլ համաձայն չենք, որովհետեւ հիմնավոր կասկածի շեմն առնվազն հաղթահարված չէ։ Բայց անգամ մեր դատարանների պայմաններում ամբողջությամբ կարելի էր կիրառել այլընտրանքային խափանման միջոց։ Սա խոսում է իշխանության կողմից քաղաքական գործիչների, ընդդիմադիր կեցվածք ունեցողների, հոգեւորականների նկատմամբ քաղաքական հետապնդումների մոլուցքի մասին։ Դա արվում է, որպեսզի ՀՀ-ում ընտրություններից առաջ տարածվի վախի մթնոլորտ, որպեսզի բոլորն իմանան՝ եթե հանկարծ փորձեն տարբերվող կարծիք ասել, քան իշխանության կարծիքն է, նրանք կարող են բանտարկվել։ Բայց պետք է հիասթափեցնեմ իշխանությանը՝ ՀՀ-ում շատ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր դրանից կվախենան»,- ասաց Բաբայանը։
Նա նշեց, որ եվրոպական կառույցներից ակնկալում են բացել աչքերը, տեսնել, թե ինչ է կատարվում իրականում։ «Ինչո՞ւ ենք դիմում հատկապես Եվրամիությանը, որովհետեւ ԵՄ-ն ջանք ու եռանդ չի խնայում մեր դատաիրավական համակարգին ֆինանսավորելու, աջակցելու։ Մի հատ էլ էս կողմից թող տեսնեն, թե ինչ է կատարվում, թեեւ կարծում եմ՝ տեսնում են»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանն ասաց․ «Քանի որ ԵՄ-ն ու եվրոպական երկրները միշտ ունեցել են այն հանձնառությունը, որ իրավունքի գերակայությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները պաշտպանում են, այս մարդիկ եկել են այստեղ՝ հիշեցնելու հենց եվրոպական երկրներին ու Եվրամիությանը այդ հանձնառության մասին։ Որեւէ այլ պետության, որը նման հանձնառություն չի վերցրել, մենք այդ պահանջով չենք կարող դիմել»։
Նա նշեց, որ այսօր ունենք իրավիճակ, երբ մեր նորանկախ պատմության ընթացքում ամենաշատ քաղբանտարկյալները կան Հայաստանում։ Անգամ ոչ քաղաքական անձինք են քաղաքական հետապնդումների ենթարկվում, օրինակ, սրբազանները։
Մանրամասները՝ տեսանյութում
«Անկախ նրանից՝ ԵՄ կողմից մեր նամակի պատասխանը կլինի դրական, թե բացասական, մեր պայքարը բոլոր քաղբանտարկյալների համար շարունակվում է»,- հավելեց Սոս Հակոբյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































