«2025թ ստուգումների տարեկան ծրագրով Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը նախատեսել էր իրականացնել 600 ստուգում, սակայն փաստացի իրականացվել է 842 ստուգում»,-ամփոփիչ ասուլիսի ժամանակ, ի թիվս այլնի՝ նշեց ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը: Ընդգծեց, որ 110 ստուգում իրականացվել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ:
Նրա խոսքով, 842 ստուգումների պարագայում 637-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, տուգանքի նշանակման մասին 620 որոշում է կայացվել:
Պատասխանելով Ադրբեջանից ներմուծված բենզինի որակի եւ դրանում մեծ չափով կապարի առկայության վերաբերյալ լրագրողի հարցին՝ Կոտոլյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Տեսչական մարմինը ՀՀ սահմանը հատելու դեպքում որեւէ գործառույթ չի իրականացնում: Տեսչական մարմնի գործառույթները սկսում են այն պահին, երբ բենզալցակայաններում սկսում է վաճառվել տվյալ արտադրանքը: Մենք այս թեմայով հարցում էինք արել Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնին, որտեղից տեղեկացել ենք, որ փորձանմուշ են վերցրել, լաբորատոր փորձաքննություն է իրականացրել, եւ խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին, այսինքն՝ որակական առումով, որեւէ խնդիր չի եղել»:
Ինչ վերաբերվում է բենզալցակայաններին, նրա խոսքով. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ընդհանրապես տեղեկատվություն չի ունենում, թե բենզալցակայանը կոնկրետ որ երկրից, որ պետությունից է ներմուծել արտադրանքը: Այսինքն, տեսչական մարմնի գործառույթն է ապահովել չափագիտական նորմերի եւ կանոնների ապահովումը, ինչն էլ անում ենք: Մեզ համար մեծ հաշվով տարբերություն չկա, թե որ երկրի արտադրանքն է վաճառվում տվյալ բենզալցակայանում: Մենք տեղեկատվություն չունենք, թե որ բենզալցակայանում է լինում վաճառվող բենզինի կամ դիզելային վառելիքի թերլիցքավորումը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արմեն Կոտոլյանի լուսանկարը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կայքից


















































