«Ճշտված ինֆորմացիա որեւէ մեկս չունենք։ Ընդհանուր տեղեկություն ունեինք, որ տարեց ու առողջական խնդիրներ ունեցող մարդիկ էին մնացել Արցախում, որոնք ուղղակի հրաժարվել էին դուրս գալ Արցախից։ Տարբեր մարդիկ այցելել էին նրանց, հորդորել դուրս գալ, բայց իրենք հրաժարվել էին, որոշել էին մնալ Արցախում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տեղեկություն ունեն Արցախի ՀՀ տեղափոխված անձանց մասին։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ Արցախում բնակվող 10 հայեր եւ ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։
Հարցին, թե Արցախի իշխանությունները տեղյա՞կ էին, որ այդ անձինք տեղափոխվում են Հայաստան, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․ «Կոնկրետ ես տեղեկություն չեմ ունեցել։ Չեմ կարող ասել՝ իշխանության մյուս ներկայացուցիչները տեղեկություն ունեցել են, թե ոչ, բայց եթե լիներ նման ինֆորմացիա, ես կարծում եմ՝ բոլորս տեղեկություն կունենայինք։ Այսինքն՝ որեւէ մեկս տեղեկություն չենք ունեցել։ Ցավոք, Արցախում գտնվող այդ անձանց հարազատները եւս ակտիվ չէին շփման մեջ, կարծես շփման ցանկություն էլ չկար՝ հաշվի առնելով այն հանգամանքը,որ իրենք կաշկանդված էին, որ իրենց հարազատները մնացել են Արցախում»։
Անդրադառնալով այն հարցին, որ Արսեն Թորոսյանն իր գրառման մեջ Արցախը «Ադրբեջանի հանրապետություն» էր անվանել, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այս ամենն անպատժելիության հետեւանք է։
Կարդացեք նաև
«Այս տարիների ընթացքում՝ սկսած 2020 թվականից, յուրաքանչյուր հանցավոր արարք գործելուց առաջ այս իշխանությունները շոշափում էին հնարավոր հետեւանքները՝ փորձելով տեսնել՝ կլինի՞ արդյոք հակազդեցություն հասարակության կողմից։ Ցավոք սրտի՝ բավարար չէր այն հակազդեցությունը, որը պետք է ստանային այս իշխանությունները։ Հասարակության պատասխանը գոնե պետք է լիներ այն, որ իրենք առնվազն այսօր իշխանության չպետք է լինեին, իսկ առավելագույնը իրենց կատարած հանցանքների համար պետք է ՀՀ օրենքի ողջ խստությամբ արդեն պատասխան տալուց լինեին։ Բայց, ցավոք սրտի, իրենք տարբեր տեխնոլոգիաներ կիրառելով, խաբելով, ստելով, սուտը ճշտի տեղ անցկացնելով՝ կարողացան մոլորեցնել հայ ժողովրդին եւ հասնել իրենց բաղձալի արդյունքին կամ գոնե մոտ լինել այդ արդյունքին, որովհետեւ իրենց նպատակներն այսքանով չեն ավարտվում։ Եվ բնական է, սա էլ շոշափելու ձեւ է, հանրության արձագանքն են ստուգում, ինչո՞ւ չէ, նաեւ արցախցիների արձագանքը։ Տեսնելով պասիվություն՝ իրենք իրենց հանցավոր քայլերը շարունակելու են, կանգ չեն առնելու, որովհետեւ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի հանրության արձագանքը՝ հանրությունը թույլ կտա այս իշխանություններին շարունակել, թե՞ ոչ»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


















































