Fip.am. Այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ նախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադարձել են Հայաստանում Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ այն ներկայացնելով որպես քաղաքական բնույթի մեղադրանք։
Սակայն գործի պաշտոնական մեղադրանքի, իրավական հիմքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
ԵՄ-ին միանալու մասին Զախարովայի անհամարժեք համեմատությունը
Զախարովան նաև տարակուսանք էր հայտնել, թե Հայաստանի ղեկավարության արձագանքը Ղուկասյանի հայտարարություններին «զարմանալիորեն աններդաշնակ է այն բանին, թե ինչպես է Երևանը երբեմն նախընտրում չնկատել մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների ռեպլիկները»։
Կարդացեք նաև
«…Մենք չենք տեսել իրավական գործընթացներ և ավելին՝ այն անձանց կալանավորումները, ովքեր կոչ են անում առանց հետ նայելու գնալ դեպի Եվրամիություն։ ԵՄ-ին միանալը, սակայն, իսկապես կապված է ինքնիշխանության մի մասից հրաժարվելու հետ։ Այս մոտեցումը ընկնում է Հայաստանի քրեական օրենսգրքի հոդվածներից մեկի տակ։ Ինչո՞ւ պատասխանատվության չենթարկել նրանց, ովքեր, Հայաստանին դեպի ԵՄ մղելով, բառացիորեն կոչ են անում երկրին հրաժարվել ինքնիշխանությունից՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Թող տեսնեն, թե ինչ է կատարվում հիմա ԵՄ-ի ներսում»,- նշել է Զախարովան։
Ռուս պաշտոնյայի այս պնդումը չի համապատասխանում Հայաստանի իրավական և միջազգային պարտավորությունների շրջանակին։
Նախ՝ Եվրամիությանը անդամակցելու հարցը քաղաքական օրակարգի և արտաքին քաղաքական ընտրության հարց է, որը կարող է հանրային և քաղաքական քննարկումների թեմա լինել, և դա ամենևին էլ քրեական բնույթ չի կարող ունենալ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի արգելում երկրի արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ քաղաքական քննարկումները կամ կողմնորոշման արտահայտումը։
Բացի այդ, ԵՄ-ին անդամակցությունը չի նշանակում ինքնիշխանությունից «հրաժարում» իրավական իմաստով։ ԵՄ անդամ երկրները մնում են ինքնիշխան պետություններ՝ ունենալով սեփական սահմանադրությունները, կառավարությունները, զինված ուժերը և արտաքին քաղաքական սուբյեկտայնությունը։ Ինքնիշխան որոշ լիազորությունների համատեղ իրականացումը միջազգային կազմակերպության շրջանակում իրավականորեն նույնական չէ պետական ինքնիշխանության կորստին։
Վերջապես, Հայաստանի քրեական օրենսգիրքը չի նախատեսում պատասխանատվություն Եվրամիությանը կամ որևէ այլ միջազգային միավորմանը միանալու կոչերի համար՝ պայմանով, որ դրանք չեն ուղեկցվում բռնի իշխանափոխության, սահմանադրական կարգի տապալման կամ այլ քրեորեն պատժելի արարքների կոչերով։ Ինչպես եղավ Վարդան Ղուկասյանի դեպքում։
Այսպիսով, Զախարովայի այն պնդումը, թե ԵՄ-ին միանալու վերաբերյալ հրապարակային կոչերը կարող են ինքնին քրեական պատասխանատվության հիմք հանդիսանալ, չի բխում Հայաստանի գործող օրենսդրությունից և միջազգային իրավական պրակտիկայից։
Հասմիկ Համբարձումյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































