Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կարծիքը ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

Հունվար 23,2026 18:30

ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն թվականի հունվարի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունվել են ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերը։

Նշենք, որ Նախագծերի նախնական՝ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման կայքում տեղադրված կարգավորումների համեմատ ՀՀ ԱԺ ներկայացված նախագծերը ենթարկվել են էական փոփոխությունների՝ ի վնաս բարեվարքության եզրակացությունների հրապարակայնության ապահովման և բացասական եզրակացությունների պատշաճ հաշվառման նպատակի։

Կազմակերպությունը հանրային քննարկման դրված նախագծերի վերաբերյալ մշակել էր կարծիք և առաջարկություններ, ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ դրական գնահատելով բարեվարքության եզրակացությունների հրապարակայնության ապահովման նպատակով ձեռնարկվող ջանքերը։

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ԱԺ ներկայացված Նախագծերի հիմնավորումը մնացել է նույնը, այնուամենայնիվ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սոսկ սահմանվել է ԿԿՀ կողմից դատավորների, դատախազների, քննիչների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակման պահանջ, մինչդեռ հանրային քննարկման դրված նախագծերով նախատեսված էր նաև այն կարևորագույն կարգավորումը, որ այն դեպքերում, երբ ԿԿՀ կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունը բացասական է, սակայն նշված անձինք միևնույնն է նշանակվում են պաշտոնի՝ նման որոշումները անհրաժեշտաբար պետք է ունենան պատճառաբանական մաս և հիմնավորում առ այն, թե ինչու է տվյալ անձը նշանակվում պաշտոնի, այսինքն՝ համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ որոշումը պետք է պարունակի նաև բացասական բնույթի խորհրդատվական եզրակացության պայմաններում նշանակում կատարելու պատճառաբանված հիմնավորումները։

Նշենք, որ թե հանրային քննարկման դրված, թե ՀՀ ԱԺ ներկայացված նախագծերի հիմնավորման մեջ նշված է բացասական եզրակացության դեպքում նշանակումը պատճառաբանելու կարևորությունը, հղում է կատարված «ԱՄՆ Պետքարտուղարության Հայաստանում 2023թ․ մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցին» (էջ 28, 29), որում նշվել է, որ ԿԿՀ-ի կողմից կատարվող բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները հրապարակային չեն և ԲԴԽ-ն հաճախ հաշվի չի առնում դրանք դատավորների նշանակման գործընթացում, անգամ քաղաքական կողմնորոշում ունենալու կամ չհիմնավորվող գույքի առկայության պարագայում, Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, որով հանձնաժողովը խնդրահարույց է համարել այն հանգամանքը, որ ԲԴԽ-ն պարտավորված չէ պատճառաբանելու իր որոշումները և բացատրելու հարցազրույցի արդյունքում քվեարկության արդյունքները։

Նախագծերով նախատեսվում է պարտադիր դարձնել բարեվարքության եզրակացությունների միայն եզրափակիչ մասերի հրապարակումը։ Եզրափակիչ մասը, ըստ էության, ենթադրում ենք, որ տեղեկատվություն չի պարունակելու եզրակացությունը բացասական դարձնող հանգամանքների և փաստերի մասին և ստացվում է, որ եզրակացությունների հրապարակման պահանջը կրելու է զուտ ձևական բնույթ։

Մինչդեռ քննարկման առարկա է այն հարցը, թե արդյո՞ք եզրափակիչ մասի հրապարակումը կապահովվի թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի կառավարման վտանգը։ Ըստ այդմ, խնդրել են մատնանշել, թե եզրափակիչ մասը ի՞նչ է ներառելու և քննարկման առարկա դարձնել եզրակացությունների ամբողջական հրապարակման հարցը՝ անձնական տվյալների պաշտպանության երաշխիքների սահմանմամբ։

Կազմակերպությունը ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամներին է ուղարկել Նախագծերի վերաբերյալ կարծիքն ու առաջարկությունները, որով առաջարկել ենք․

հրապարակել նաև Վերաքննիչ դատարաններում պաշտոնի նշանակված դատավորի վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները,

Նախագծերի նախնական տարբերակում սահմանված կարգավորումը ներառել՝ նախատեսելով ԿԿՀ բարեվարքության բացասական եզրակացությունների դեպքում պաշտոնի նշանակելիս նման որոշումների պատճառաբանման և հիմնավորման պահանջ,

սահմանել, որ Գլխավոր դատախազը հրարապարակում է բարեվարքության եզրակացությունները ոչ միայն դատախազներին պաշտոնում նշանակելիս, այլ նաև հրապարակում է ընթացիկ ստուգումների արդյունքում կազմված եզրակացությունները, ինչպես նաև ներառել բացասական եզրակացությունների դեպքում որոշման պատճառաբանությունները։

հրապարակել քննիչների՝ բարեվարքության ընթացիկ ստուգումների եզրակացությունները։

 

Կարծիքին և առաջարկություններին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031