Լրահոս
Օրվա լրահոսը

2026-ի ընտրություններին ընդառաջ դեռևս բազմաթիվ են ռիսկերը. դիտորդական առաքելություններ

Հունվար 23,2026 21:21

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռիսկերի և անհրաժեշտ բարեփոխումների մասին դիտորդական առաքելությունների հայտարարությունը

2021 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության ընտրական և առնչվող օրենսդրությունը ենթարկվել են էական ու ծավալուն փոփոխությունների, որոնք միտված են եղել ընտրական իրավունքների առավել լիարժեք իրացմանը, ընտրական գործընթացների արդյունավետության բարձրացմանը, կուսակցությունների բարեվարքության ամրապնդմանը, ընտրական գործընթացներում ապօրինի ազդեցությունների, այդ թվում՝ վարչական ռեսուրսի, բարեգործության և այլ եղանակներով, ֆինանսների չարաշահման կանխարգելմանը, ընտրական գործընթացների և քաղաքական ֆինանսավորման նկատմամբ վերահսկողության բարելավմանը, ընտրախախտումների համար պատասխանատվության խստացմանը:

Այդուհանդերձ, 2026 թվականին ընդառաջ դեռևս բազմաթիվ են ռիսկերը: Դրանք կիբերհարձակումների սպառնալիքներն են, ապատեղեկատվությունը, տեղեկատվական մանիպուլյացիաներն ու ատելության տարածումը, որոնց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի պետական կառույցները տանում են որոշակի աշխատանք: Միաժամանակ, նրանց ուշադրությունից դուրս են մնում անսահմանափակ դրամական (կանխիկ և կրիպտո) հոսքերը, երրորդ անձանց կողմից քարոզչությունն ու դրա ֆինանսավորումը, արտաքին ազդեցությունները չգրանցված քաղաքական և քաղաքացիական ներկայացող միավորների միջոցով:

Ակնհայտ է, որ այս վտանգները կա՛մ պատշաճ չեն ընկալվում, կա՛մ պատշաճ արձագանքի չեն արժանանում համապատասխան մարմինների կողմից: Միանշանակ է նաև, որ նույնիսկ օրենքով սահմանված վերահսկողական գործառույթները բավարար չեն իրականացվում։ Ուստի այս պայմաններում հարցականի տակ է դրվում պետության պատրաստվածությունը՝ երաշխավորելու մրցակցային, մաքուր, ազատ, արդար, թափանցիկ ու օրինական ընտրություններ:

2026 թվականի նախաշեմին խնդրահարույց է փոխել կուսակցությունների համար խաղի կանոնները, սակայն օրհասական է անդրադառնալ ընտրությունների ֆինանսավորման թափանցիկության ու հաշվետվողականության հարցերին, առանց որի անհնարին է ժողովրդավարական հասարակությունների ու միջազգային ստանդարտներին համապատասխանող ընտրությունների իրականացումը:

Ստորև ներկայացվում են ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների առաջարկները։ Ակնկալվում է, որ դրանք ընթացք կստանան՝ հնարավորինս կանխարգելելու «կեղտոտ փողերի» ներգրավումն առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ապահովելու ֆինանսավորման թափանցիկությունը:

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ցանկացած քաղաքական կուսակցություն կարող է մասնակցել ընտրություններին, նույնիսկ եթե դրանք ստեղծվում են գրանցման վերջնաժամկետից մի քանի օր առաջ։ Քաղաքական միավորները/շարժումները կարող են չարաշահել այս հնարավորությունը։ Որոշներն արդեն իսկ կազմակերպում են լայնածավալ ու ծախսատար քարոզարշավներ՝ առանց որևէ հաշվետվողականության: Սա ստեղծում է անհավասար մեկնարկային իրավիճակ ընտրապայքարում ներգրավված տարբեր քաղաքական ուժերի համար և աղճատում է մրցակցությունը, ինչպես նաև պարունակում է ռիսկեր արտաքին միջամտությունների տեսանկյունից։
Առաջարկ. Անհրաժեշտ է կարգավորել չգրանցված քաղաքական միավորների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ նրանց վրա հնարավորինս տարածելով գրանցված կուսակցությունների համար նախատեսված պահանջները:

ՀՀ ընտրական օրենսգրքում պետք է նախատեսել պահանջ, որ առաջիկա ընտրություններին առաջադրվող, սակայն նախորդող տարվա ընթացքում պետական գրանցում չունեցող կուսակցությունները առնվազն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից ընտրությունների օրվա նշանակման պահից հաշվառեն իրենց քարոզչության նպատակով արված մուտքերն ու ծախսերը և դրանք ներառեն նախընտրական հիմնադրամներում։

Նորաստեղծ կուսակցությունների ղեկավար մարմնի ներկայացուցիչների համար պետք է սահմանել պարտավորություն՝ կուսակցության (այդ թվում՝ դաշինքի կազմում) առաջադրման պահի դրությամբ ներկայացնելու նախորդ մեկ տարվա ընթացքում գույքի և եկամուտների հայտարարագիր, եթե նրանց արդեն իսկ չեն հանդիսանում հայտարարատու։

2. ՀՀ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն թեկնածուները, կուսակցությունները/դաշինքները պարտավոր են նախընտրական քարոզչության նախապատրաստման, կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերը կատարել նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, որը ձևավորվում է միմիայն կուսակցությունների կողմից: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով իրավաբանական անձանց արգելված է մուծումներ կատարել կուսակցությունների հաշվին, իսկ ֆիզիկական անձանց համար սահմանված են որոշակի շեմեր։ Սակայն օրենսդրությամբ չկա որևէ արգելք, որ իրավաբանական անձինք (մասնավորապես՝ կուսակցություններին փոխկապակցված լրատվամիջոցները, հիմնադրամները կամ ընկերությունները) իրենք իրականացնեն քարոզչություն, իսկ ֆիզիկական անձինք՝ նախատեսված շեմերը գերազանցող գումարներ ծախսեն նախընտրական քարոզչության նպատակով՝ մրցակից ուժերին աջակցելու կամ վնասելու համար: Հետևաբար, ՀՀ ընտրական օրենսգրքով և «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կուսակցությունների ֆինանսավորման շեմերը մոլորեցնող են և իրականում՝ անիմաստ, եթե չեն զուգակցվում երրորդ անձանց ֆինանսավորման սահմանափակումներով: Ապօրինի ֆինանսավորման ներգրավման համար առկա պատասխանատվության միջոցները բավարար չեն: Դրանց ներկայիս շրջանակը և նախատեսված պատժելիության աստիճանը չեն կարող կանխարգելել իրավախախտումները:

Առաջարկ. Անհրաժեշտ է որոշակիորեն սահմանափակել, սակայն ոչ արգելել, նախընտրական քարոզչության մեջ ներգրավված երրորդ անձանց ներդրումները (այդ թվում՝ բնեղենով):
Հարկավոր է նախատեսել այլ անձանց կողմից կատարվող ծախսերի որոշակի ողջամիտ շեմ՝ քաղաքական ֆինանսավորման օրենքով սահմանված կառուցակարգերից դուրս նախընտրական քարոզչության ծախսերի սահմանաչափերի շրջանցումը և հավասար մրցակցային դաշտի խաթարումը կանխարգելելու նպատակով։

Պետք է նախատեսել վարչական և/կամ քրեական պատասխանատվություն քարոզչության մեջ ներգրավված երրորդ անձանց ներդրումների սահմանաչափերը խախտելու և կամ այլ անձանց միջոցով որևէ եղանակով շրջանցելու համար, ինչպես նաև ընդլայնել կուսակցության օգտին ապօրինի միջոցներ ներգրավելու և օգտագործելու համար պատասխանատվության սուբյեկտներին՝ չսահմանափակելով միայն կուսակցության անդամ լինելով:

3. Կուսակցությունների օրենսդրությամբ սահմանված ֆինանսական թափանցիկությունը և հաշվետվողականությունը լիարժեք չի ապահովվում: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կուսակցությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ), որը 3-օրյա ժամկետում հրապարակում է դրանք իր կայքում՝ բացառությամբ աուդիտի ենթակա (այսինքն՝ պետական բյուջեից ֆինանսավորում ստացող և 25 մլն ՀՀ դրամ շեմը գերազանցող) կուսակցությունների, որոնց տարեկան հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը հրապարակվում են աուդիտորական եզրակացությունն ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում: Այսպիսով, առավել նշանակալի կուսակցությունների հաշվետվությունները հասանելի են դառնում մի քանի ամիս անց, 2026 թ. խորհրդարանական ընտրությունների պարագայում՝ անմիջապես ընտրությունների նախաշեմին, որը հնարավորություն չի տալիս ընտրողներին պատշաճ ուսումնասիրել նյութերը, նաև ձևավորելով անհավասար վիճակ մրցակից կուսակցությունների համար։

ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, ընտրություններին մասնակցող (այդ թվում՝ դաշինքների կազմում) կուսակցությունների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը ներկայացնում են ԿԿՀ, որն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և հրապարակում այն իր կայքում։ Սակայն, կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետին նախորդող փուլի ֆինանսական հոսքերի վերաբերյալ չկա որևէ հաշվետվողականություն ո՛չ ընտրողների, ո՛չ ԿԿՀ-ի և ո՛չ էլ ԿԸՀ-ի համար, մինչդեռ վերջինիս Վերստուգիչ-վերահսկիչ ծառայության գործառույթն է ստուգել քաղաքական ուժերի ծախսերը։ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների առնչությամբ սա նշանակում է, որ 2026 թ. հունվարի 1-ից մինչև մոտավորապես մայիսի սկզբին քարոզարշավի մեկնարկը կատարված եկամուտներն հասանելի կդառնան միայն հաջորդ տարի՝ 2027 թվականի մայիսին։

Առաջարկ. Հրատապ է նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման պատեհաժամ թափանցիկության ու լիարժեք վերահսկողության ապահովումը:

Անհրաժեշտ է երաշխավորել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից իրենց 2026 թվականի հունվար-մայիս (մինչև նախընտրական քարոզչության մեկնարկի օրը) ամիսների ֆինանսական հաշվետվությունների տրամադրումը ԿԸՀ-ին և դրանց հրապարակայնացումը։

Պետք է նախատեսել կուսակցությունների հաշվեհամարին մուծումներ անող նվիրատուների հայրանվան հրապարակման պահանջ։

Հարկավոր է սահմանել պահանջ, որ նախընտրական քարոզչության համատեքստում կուսակցությունների կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված ծառայությունների մատուցման բոլոր պայմանագրերը հրապարակվեն կամ առնվազն հասանելի դառնան դիտորդական կազմակերպություններին որպես ընտրական փաստաթղթեր։

Ապագայի համար պետք է ստեղծել իրավական ու տեխնիկական հիմքեր՝ ապահովելու կուսակցությունների ֆինանսական մուտքերի կենդանի ռեժիմով հրապարակայնությունը առնվազն նվազագույն աշխատավարձը գերազանցող մուծումների համար:

Նաև պետք է նախատեսել մեխանիզմ, որ աուդիտի ենթակա կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները մյուսների հետ հավասար պայմաններով հրապարակվեն՝ հետագա ճշգրման հնարավորությամբ։

 

«Ականատես» դիտորդական առաքելություն
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031