Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության կոչեր Չարենցավանի համայնքապետի հասցեին․ Հակոբ Շահգալդյանը դիմել է իրավապահներին

Հունվար 23,2026 23:35

Aravot.am-ի տեղեկություններով, Չարենցավանի համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը իրավապահ մարմիններին հաղորդում է տվել, որ Չարենցավան քաղաքի բնակիչ Արթուր Արսենյանը, «+Армяний+» տելեգրամյան լրատվական ալիքով հրապարակված տեսանյութով թշնամանք է հրահրել իր ու համայնքապետարանի ենթակայությամբ գործող այլ հիմնարկների պաշտոնատար անձանց նկատմամբ։

Ըստ Շահգալդյանի, Արթուր Արսենյանը համաձայն չլինելով «համայնքապետի եւ համայնքապետին ենթակայության ներքո գործող մյուս պաշտոնատար անձանց կողմից վարվող համայնքային քաղաքականության հետ, ունենալով տարբերվող քաղաքական հայացքներ եւ օգտագործելով լրատվական միջոցներն ու տեղեկատվական-հաղորդակցության տեխնոլոգիաները, հրապարակված տեսանյութով թշնամանք է հրահրում եւ քարոզում իր եւ մյուս պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաեւ ավագանու անդամների նկատմամբ»։

Հակոբ Շահգալդյանը մասնավորապես նշել է, որ Արսենյանը տեսանյութով փորձում է ստեղծել անհանդուրժողական մթնոլորտ, ինչպես նաեւ ատելություն իր անձի նկատմամբ, պաշտոնից հեռացնելու նպատակով բռնության կոչեր է հնչեցրել։

Հրապարակային այդ կոչերն, ըստ հաղորդման, «ուղեկցվում են իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից եւ ցինիկ վերաբերմունք ցուցաբերելով՝ օգտագործելով սեռական բնույթի հայհոյանքներ եւ լկտի բառապաշար»։

Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանի հաղորդման հիման վրա կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Չարենցավանի քննչական բաժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031