Հայաստանի տարածքային անհամաչափ զարգացումը ժամանակակից հանրային, տնտեսական և սոցիալական դիսկուրսի ամենաակտուալ և դժվար լուծվող խնդիրներից է, որը տարիներ շարունակ ձևավորել է երկրի սոցիալ-տնտեսական դիմագիծը և խորացրել է կենտրոն-մարզ հարաբերությունների բևեռացվածությունը։ Այս խնդիրը միայն թվային ցուցանիշների կամ մակերեսային սոցիալ-տնտեսական տեմպերի հարց չէ։ Այն ներառում է կառավարման արդյունավետության, սոցիալական արդարության, ժողովրդագրական կայունության, ազգային անվտանգության և երկարաժամկետ զարգացման կենսունակության խորքային շերտերը։
Տարածքային անհամաչափ զարգացման տնտեսական հետևանքները արտահայտվում են երկրի ընդհանուր մրցունակության նվազման, ներդրումային գրավչության անկման և տնտեսական աճի ներուժի թուլացման տեսքով։ Երբ երկրի ռեսուրսների զգալի մասը կենտրոնացած է մեկ քաղաքում, իսկ մնացած տարածքները զուրկ են զարգացումից, տեղի է ունենում տնտեսական պոտենցիալի կորուստ, նվազում է աշխատուժի որակն ու արդյունավետությունը, կրճատվում են նորարարական հնարավորությունները։ Տնտեսությունը մեծամասամբ կախված է լինում գերկենտրոնացած տարածքի միջավայրից, իսկ դա նշանակում է, որ մայրաքաղաքում կամ հարակից շրջաններում ցանկացած ճգնաժամ կարող է ունենալ կործանարար ազդեցություն ողջ պետության համար։ Մարզերի տնտեսության թուլությունը նաև խոչընդոտում է երկրի ներքին շուկայի ընդլայնմանը, սահմանափակում է արտահանման հնարավորությունները, խաթարում է տեղական արտադրության զարգացումը և խորացնում է կախվածությունը ներմուծումից։
Սոցիալական և մշակութային առումով տարածքային անհամաչափ զարգացումը հանգեցնում է արժեքային համակարգերի բևեռացման, հասարակության ներսում բաժանարար գծերի խորացման։ Երևանում ձևավորվում է ժամանակակից, դինամիկ, տեղեկատվության հոսքերին ինտեգրված երիտասարդություն, մինչդեռ մարզերում աճում է սոցիալական պասիվությունը, ապագայի հանդեպ անվստահությունը, արժեքների պահպանողականությունը և նորարարության հանդեպ դիմադրությունը։ Այս տարբերությունը կարող է ժամանակի ընթացքում վերածվել ոչ միայն սոցիալական խզման, այլև քաղաքական ու մշակութային պառակտման, երբ բնակչության տարբեր խմբեր սկսում են տարբերվող օրակարգեր ձևավորել՝ չունենալով ընդհանուր տեսլական և միասնական նպատակներ։
Եթե տարածքային անհամաչափ զարգացման միտումները շարունակվեն առանց արմատական միջամտությունների և համակարգային քաղաքականության, Հայաստանը կարող է կանգնել անդառնալի հետևանքների առջև։ Նախ՝ մարզերի շարունակական դատարկումը և սոցիալ-տնտեսական մարգինալացումը կարող են հանգեցնել բնակչության առավել խիստ կենտրոնացման Երևանում և հարակից տարածքներում՝ ստեղծելով գերբնակեցման, տրանսպորտային, բնակարանային, էկոլոգիական և սոցիալական լուրջ ճգնաժամեր։ Միևնույն ժամանակ, մարզերի տնտեսության, ենթակառուցվածքների և համայնքային կյանքի շարունակական թուլացումը կարող է հանգեցնել պետական կառավարման դեգրադացման, համայնքային ինքնակազմակերպման հնարավորությունների կորստի, նոր սոցիալական կոնֆլիկտների և նույնիսկ անվտանգային սպառնալիքների աճի։ Իսկ երկրաշարժերի, բնական աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում զարգացման կենտրոնացվածությունը կարող է դառնալ ողբերգական հետևանքների պատճառ։
Կարդացեք նաև
Տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման համար անհրաժեշտ է մշակել և հետևողականորեն իրականացնել համապարփակ, երկարաժամկետ և համակողմանի ռազմավարություն, որը միաժամանակ կներառի տնտեսական, սոցիալական, կառավարման, ենթակառուցվածքային և մշակութային բաղադրիչներ։ Պետական քաղաքականությունը պետք է խթանի ներդրումները մարզերում, ապահովի ենթակառուցվածքների արդիականացումը, ստեղծի գործարար միջավայրի բարելավման իրական նախապայմաններ, աջակցի տեղական ձեռնարկատիրության զարգացմանը, խրախուսի մարդկային կապիտալի աճը և կրթության որակի բարձրացումը մարզերում։
Հայաստանի ապագան անմիջականորեն կապված է տարածքային համաչափ զարգացման ապահովման հետ։ Եվ քանի որ ամիսներ անց Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, ապա ակնկալվում է, որ քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում հատուկ տեղ կհատկացնեն այս թեմային։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
















































