Լրահոս
Օրվա լրահոսը

Վերակազմավորված «Արցախի բալիկներ»-ի երևանյան ելույթը սկսվեց «Արցախի կանչը» խորագրով

Հունվար 24,2026 14:30

«Արցախի բալիկներ» պետական մանկապատանեկան համույթի նպատակն էր՝ սերմանել երեխաների մեջ հայ ազգային ժողովրդական երգն ու պարը, հնչեցնել ու ներկայացնել այն արցախյան ժողովրդին ու աշխարհին»։

Գ․ Հարությունյան

 

Հունվարի 23-ին Երևանում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում, համերգով հանդես եկավ «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը։
Արդեն 37-ամյա պատմություն ունեցող համույթը 2023թ․ ողբերգական դեպքերից հետո բռնի տեղահանվել էր հայրենի Արցախից։

Թվում էր արդեն վերջ՝ համույթն այլևս չի կարող գործել։ Սակայն Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը, ինչպես աջակցեց Արցախի մի շարք մշակութային կառույցների, այնպես էլ իր հովանավորության տակ առավ մանկապատանեկան համույթը։

«Դիալոգ»-ի նախագահ Յուրի Նավոյանի և համույթի գեղարվեստական ղեկավար Գայանե Հարությունյանի հանդիպումից հետո «Արցախի բալիկներ»-ը վերակազմավորվեց և սկսվեցին պարապմունքները։ Եւ ընդամենը 2 ամիս անց «Արցախի բալիկներ»-ը Երևանում բեմում է։ Մինչ համերգի սկսելը՝ հաղորդավարը հակիրճ ներկայացրեց համույթի անցած ճանապարհը։

«Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը կազմավորվել է Արցախի համար բարդ ու արդեն պատերազմի մեջ գտնվելու ժամանակ՝ 1989 թվականին՝ Սերգեյ Հարությունյանի ջանքերով։ Ժամանակին համույթի կազմում են իրենց երաժշտական առաջին քայլերը կատարել Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Վարդան Բադալյանը, Պարույր Գրիգորյանը, Տաթևիկ Բալայանը, այլք։

1994թ․ «Արցախի բալիկներ»-ին է միացել կոմպոզիտոր Էդուարդ Ղազարյանցը, որի ստեղծագործությունները հենասյուն են դարձել համույթի հետագա գործունեության համար։ Բելգիայի «Ամադեուս» ստեղծագործական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված պատանի երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոնին մասնակցելով՝ համույթն արժանացավ «Գրան-պրի» մրցանակի և ոսկե մեդալի՝ Էդ․ Ղազարյանցի «Իմ Ղարաբաղ» ստեղծագործությամբ, Գայանե Հարությունյանի խմբավարմամբ։

Գ․ Հարությունյանը, ով 1998-ից համույթի խմբավարն էր, 2008-ին նշանակվեց գեղարվեստական ղեկավար։ «Արցախի բալիկներ»-ն այդ ժամանակից համերգներով հանդես է եկել նաև արտերկրում։ Իր խոսքում համույթի գեղարվեստական ղեկավար Գ․ Հարությունյանը, հակիրճ ներկայացնելով համույթի անցած ուղին, նշեց․ «Այսօր այս ամենը հնարավոր չէր իրագործել առանց մի մարդու, ով հավատաց, վստահեց մեզ և հնարավորություն ստեղծեց՝ նորից հնչի «Արցախի բալիկներ»-ի ձայնը»։

Շնորհակալություն հայտնեց Յուրի Նավոյանին, ով կանգնած է Արցախի մշակութային խմբերի ու անհատների կողքին ու աջակցում է նրանց վերակազմավորվել ու շարունակել գործել։ Նաև շնորհակալագիր հանձնեց աջակցին՝ «Արցախի բալիկներ»-ի կողմից հայտնելով երախտագիտություն։
Ներկաներին ողջունեց նաև Յուրի Նավոյանը՝ ասելով․ «Մեծ ճանապարհի սկզբին ենք, ու «Արցախի բալիկներ»-ի առաջին ելույթն է, որը հուզիչ արարողություն է և մեծ հույզեր է պարունակում։

Երեկոն նաև առանձնահատուկ խորհուրդ էլ ունի, որովհետև այսօր ելույթ է ունենալու մի սերունդ, որը ծնվել է 5- 10-15 տարի առաջ Արցախի մայր հողում։ Եվ ծնված օրից ներծծված է Արցախյան բազմադարյան մշակույթով, բառ ու բանով, կոլորիտով։ Իսկ յուրաքանչյուր բալիկ Արցախյան յուրահատուկ պատմական կոդ է՝ հասկանալու մեր պատմությունը, մեր ներկան ու ապագան՝ լուսավոր հայացքով։ Ինչու՞, քանի որ նրանք կապող օղակ են, կամրջող են սերունդների միջև՝ սկսած 1989 թվականից։ Եվ երկրորդը՝ նրանք կապող օղակ են Արցախի ժամանակակից պատմության տարբեր փուլերին։

Պատահական չէ, վերակազմավորված «Արցախի բալիկներ»-ի երևանյան ելույթն սկսվում է «Արցախի կանչը» խորագրով՝ իր քաղաքական, պատմական առումով»։ Յու․ Նավոյանը նաև շնորհակալություն հայտնեց Գ․ Հարությունյանին՝ իրենց համագործակցության ու նվիրումով աշխատելու համար։

Համերգն սկսվեց «Ղարաբաղի հորովել» երգով։ Ընթացքում հնչեցին նաև «Ղարաբաղցին», «Կալի երգ», «Խբեցե, հրեցե», «Աղե արկանք», «Հըրսանեք», «Դերունց ծորում», «Նախշուն բաջի», «Կենաց երգ», «Ճեղաց», «Հընգեր», «Մեր գյուղը», «Ղարաբաղ իմ», «Արցախ և այլն։ Համերգին ներկա էին ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, «Արցախ» ջազի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղ․ ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը, Էդ․ Ղազարյանցի հարազատներ, մշակույթի այլ գործիրներ, արցախցիներ, հյուրեր։

Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ըմբոշխնեց արցախցի մանուկների ելույթը։ «Դիալոգ»-ի աջակցությամբ թատրոնի ճեմասրահում կազմակերպվել էր նաև արցախցի ստեղծագործողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

«Արցախի բալիկների»-ի ձայնը դեռ պետք է հնչի տարբեր բեմերում՝ ավետելով աշխարհին, որ կա մի փոքրիկ երկիր, որի բալիկներն էլ կոչվում են «Արցախի բալիկներ»։

 

Զոհրաբ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031