Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Սվետլանա Տիխանովսկայան պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Տիխանովսկայան իր համերաշխությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին, ողջունել հայ-ադրբեջանական ճգնաժամի կարգավորումը, ինչպես նաև Հայաստանի կառավարության՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանն ուղղված քաղաքականությունը։
Նա նշել է, որ բելառուսները կցանկանային Հայաստանը տեսնել «ժողովրդավարական, անկախ և բարգավաճ երկիր» և ընդգծել է հայ և բելառուս ժողովուրդների միջև առանձնահատուկ մտերմությունն ու բարեկամությունը։
Սվետլանա Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Լուկաշենկոյի ռեժիմի պահանջով հետապնդվող բելառուսներին չարտահանձնելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ Հայաստանում բնակվող բելառուսները կարող են իրենց անվտանգ զգալ։
Կարդացեք նաև
Քննարկվել են տարածաշրջանի անվտանգության իրավիճակը, Բելառուսում տիրող դրությունը, ինչպես նաև համատեղ գործունեությունը միջազգային ձևաչափերում, մասնավորապես՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցությունը, որը կանցկացվի Երևանում։
Տիխանովսկայան հույս է հայտնել, որ այս տարի վերջապես կկարողանա այցելել Հայաստան, քանի որ աշնանը նախատեսված այցը Եվրանեսթին չէր կայացել։
Ֆորումի շրջանակում Տիխանովսկայան կարճ զրույց է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Սվետլանա Տիխանովսկայան նշել է.
«Շնորհակալություն Հայաստանին՝ սկզբունքային դիրքորոշման և բելառուսներին աջակցելու համար։ Ուրախ եմ, որ թե՛ նախագահը, թե՛ կառավարությունը պահպանում են կապը մեր ժողովրդավարական ուժերի հետ, և մենք կարողանում ենք լուծել գործնական հարցեր։ Այդ շփումների շնորհիվ անցյալ տարի մեզ հաջողվեց փրկել մի շարք բելառուսների հնարավոր արտահանձնումից, իսկ առանձին դեպքերում՝ լուծել օրինականացման և փաստաթղթերի հարցերը։ Մեզ համար կարևոր է իմանալ, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է հետևողական, և մենք շարունակելու ենք համագործակցությունը»։
2026 թվականի հունվարի 19-ից 22-ը Սվետլանա Տիխանովսկայան արդեն չորրորդ տարին անընդմեջ միջազգային առաջնորդների հետ մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին, որտեղ ունի երկու ելույթ հիմնական ծրագրում, մասնակցում է փակ բրիֆինգների և հանդիպումների, ինչպես նաև անցկացնում է «դաշտային» հանդիպումներ։


















































