Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի զեկույցը «գրեթե անհավանական» է որակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական էսկալացիան։ Սակայն Ծառայությունից միեւնույն ժամանակ փաստում են՝ ռիսկերը մնում են։
«Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» եւ «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր», – ասվում է զեկույցում։
«Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթը թշնամական բնույթ ունի»․ փորձագետ
Տարածաշրջանի փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ «Արեւմտյան Ադրբեջանի» եւ «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը «մի թեմա է, որը թույլ չի տալիս, որպեսզի խաղաղության գործընթացը եւ հատկապես երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացն ավելի վստահ արդյունքներ արձանագրի»։
Կարդացեք նաև
«Վստահաբար, «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթը թշնամական բնույթ ունի։ Բնականաբար, այն ենթադրում է որոշակի տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ», – ասաց Aravot.am-ի զրուցակիցը։
Միեւնույն ժամանակ նա նշում է, որ ինչպես արտաքին հետախուզությունն, այնպես էլ փորձագիտական եւ միջազգային վերլուծական դաշտը կարծում է, որ նոր էսկալացիայի հնարավորություններն էականորեն նվազել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիեւ համաձայնություններից հետո։
Պետրոսյանը, սակայն, հավելեց․ «Քանի դեռ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ստորագրված չէ, քանի դեռ աշխարհում ու տարածաշրջանում շարունակվում են անորոշությունները, բնականաբար, լիարժեքորեն գնահատել, որ էսկալացիան հարյուր տոկոս հնարավոր չէ, բարդ է ասել»։
ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները՝ ԻԻՀ-Իսրայել-ԱՄՆ զարգացումների ֆոնին
Անորոշություններից Պետրոսյանն առանձնացրեց Իրանի շուրջ լարվածությունը՝ մատնանշելով, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջամտությունը տարածաշրջանում «որոշակի անկառավարելիության կամ անվերահսկելիության մթնոլորտի հնարավորությունների տեղ է թողնում»։ Նման զարգացումը կարող է այլ շերտեր եւս ունենալ։
«Օրինակ՝ Ադրբեջանի ավելի ակտիվ ներգրավվածությունը Իրանի դեմ հնարավոր գործողություններում եւ Իրանի պատասխան գործողությունն Ադրբեջանի դեմ կամ Ադրբեջանում իսրայելական դիրքերի դեմ կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը եւ որոշակի առումով նաեւ ազդել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա», – մանրամասնեց Պետրոսյանը։
Համատեքստ՝ Իրան-Իսրայել հարաբերությունների հետ կապված
ԱՀԾ-ից նշում են՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ բախման վտանգը մնում է։ Սա հղի է ՀՀ-ի համար խնդիրներով։
«Նկատի ունենալով այն փաստը, որ Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմը չապահովեց կողմերի ռազմավարական բոլոր նպատակների իրագործումը՝ 2026 թվականին, մեծ հավանականությամբ, կպահպանվի պատերազմի կամ այլ ինտենսիվության փոխադարձ հարվածների կրկնվելու հավանականությունը։ Սա իր հերթին կընդլայնի Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրների շրջանակը՝ միգրացիոն ու այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերի շարժերի կառավարման, տնտեսական, լոգիստիկ խնդիրների առաջացման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացը վտանգող ռիսկերի բազմազանեցման առումով», — գրում են Ծառայությունից։
Համատեքստ՝ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի հետ կապված
Արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ Ադրբեջանը Սպիտակ տանն ընդունված հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլեւ էականորեն ակտիվացրել է «Արեւմտյան Ադրբեջանի» եւ «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» քարոզչությունը։ 2025 թվականի մարտի 24-ից օգոստոսի 7-ը հայկական հետախուզության կողմից դիտարկված հինգ ադրբեջանական լրատվամիջոցներում «Արեւմտյան Ադրբեջանի» թեման արծարծվել է 141 անգամ։ Մինչդեռ, արդեն օգոստոսի 8-ից դեկտեմբերի 22-ը թեմայի մասին խոսք է գնացել 193 անգամ։
«Արեւմտյան Ադրբեջանի», «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը, դրանցից բխող գործողությունները Ծառայությունը «երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն» է որակում։
«Կեղծ նարատիվների ձեւավորման վրա ահռելի ջանքեր են գործադրելու»
Պետրոսյանի պարզաբանմամբ՝ առաջինը՝ «Կա շատ կարեւոր եւ պարզ տրամաբանություն այս ամենում։ Ադրբեջանի գործող վարչակարգը բազմիցս ապացուցել է, որ ռազմավարական տեսլականի հիման վրա քաղաքականություն պլանավորող եւ իրականացնող իշխանություն է։ Անկախ ներկայում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բնույթից, իրենք ձեւավորելու են առնվազն քարոզչական եւ քաղաքական օրակարգ՝ տարածաշրջանում որոշակի տարածքային հավակնություններ ունենալու համար։ Տարածաշրջանի եւ իրենց ժողովրդի, չակերտավոր «Ադրբեջան պետության բազմադարյա պատմությունը» ի ցույց դնելու համար, կեղծ նարատիվների ձեւավորման վրա ահռելի ջանքեր են գործադրելու»։
Փորձագետը հիշեցնում է՝ Բաքուն այս տրամաբանությամբ է գործում արդեն տասնամյակներ շարունակ։ Պետության աջակցությունը վայելող, տարածքային հավակնություններ ներառող հռետորաբանությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով։ «Օրինակ, նույն եղանակով ադրբեջանական կողմը տարիներ, տասնամյակներ շարունակ նմանատիպ նարատիվներ է ձեւավորել նաեւ Իրանի դեմ՝ այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» խոսույթն առաջ մղելով»։
Պետրոսյանը նշում է՝ նման գործելակերպը կանխատեսելի է թյուրքական պետությունների պարագայում։ Հղում է կատարում Թուրքիայում տասնամյակներ շարունակ գործած տրամաբանությանը եւ Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի, Հունաստանի առանձին հատվածների նկատմամբ ձեւավորված քաղաքական-քարոզչական թուրքական խոսույթին։
«Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթը՝ արցախահայերի վերադարձի հիմնախնդրի համատեքստում
Երկրորդ՝ «Կա նաեւ խնդրի երկրորդ կողմը՝ արցախյան հիմնահարցով պայմանավորված եւ արցախցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի խնդրով պայմանավորված»։
Պետրոսյանի խոսքով՝ չնայած Հայաստանի ներկա իշխանությունը «շրջանցում կամ օրակարգից դուրս է թողնում այդ հարցը, այնուամենայնիվ, այդ հարցը կա համահայկական օրակարգում, Հայաստանի ներքաղաքական խոսույթում, արցախցիների շրջանում, սփյուռքում, որոշ միջազգային դերակատարների օրակարգում»։
«Գուցե սրան հավասարակշռելու համար են ադրբեջանցիները կամ Բաքուն առաջ մղում «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթը՝ շատ լավ հասկանալով, որ Արցախի հիմնախնդիրը, արցախահայերի վերադարձի հիմնախնդիրը գետնի վրա ավելի իրատեսական հարց է եւ պատմական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական նախադրյալների առկայության դեպքում շատ ավելի իրատեսական, առաջ մղվելիք հարց է, քան այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը», – ասաց զրուցակիցս, եզրահանգելով՝ «Ադրբեջանական կողմը շատ ակտիվ կերպով օրակարգում պահպանում է այդ հարցը՝ տարբեր նպատակներով, ըստ անհրաժեշտության, օգտագործելու համար»։
Երկարաժամկետ ռիսկ՝ երկարաժամկետ խաղաղության համար
Նա նաեւ հավելեց, որ ԱՀԾ զեկույցի կանխատեսումները վերաբերում են ընթացիկ տարվան, մինչդեռ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ազդեցությունն «առավել երկարաժամկետ» է։
«Վստահաբար, «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթը չունի այն ներուժը, որը կարող է 2026 թվականի համար առաջացնել էսկալացիայի հնարավորություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Դա ավելի երկարաժամկետ վտանգ, ռիսկ է պարունակում, որի կանխարգելումը կարեւոր է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»։
Ինչ վերաբերում է զեկույցի բովանդակության, հնարավոր բաց թողնված թեմաների, ռազմավարական առաջարկների բացակայության մասին մեր հարցին, Պետրոսյանը պարզաբանեց, որ նմանատիպ զեկույցների ծավալը արեւմտյան պրակտիկայում սահմանափակ է։
«Ոչ այդքան ընդգրկուն բովանդակությամբ փաստաթղթեր են, որոնք ունեն մի քանի ուղղվածություն։ Դա թե՛ արտաքին լսարանն է, թե՛ ներքին լսարանն է, թե՛ հնարավոր հակառակորդները կամ թշնամիներն են, թե՛ դաշնակիցներն են։ Այս համատեքստում, նման զեկույցների նպատակը պարզապես ուղերձներ եւ գնահատականներ հղելն է, այլ ոչ ռազմավարական տեսլական, լուծումներ, առաջարկներ ներկայացնելը», – նշեց զրուցակիցս։
Ամփոփելով՝ Պետրոսյանի նկատառումով՝ սահմանային էսկալացիան ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում առանձին վերցված հավանական չէ, բայց հարցը խճճվում է, երբ դիտարկում ենք ավելի լայն պատկերը։
«Եթե ուղիղ գնահատում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն, ապա դրանց էսկալացիայի հնարավորությունները նվազագույնի են հասնում, բայց աշխարհում եւ տարածաշրջանում շարունակվող անորոշությունը պահպանում է ընդհանուր տարածաշրջանային մակարդակում անվտանգային ռիսկեր, որոնք կարող են որեւէ մակարդակում առնչվել նաեւ Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին», – ասաց փորձագետը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































