Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղոթենք Աստծուն, թող մտքերը լուսավորի, հասկանան, որ այդպես որևէ հարց չի կարգավորվում, գնացին ու էլ չեկան»․ Տեր Արտաշեսը՝ բարերարի՝ իրենից եկեղեցու բանալիները պահանջելու մասին

Հունվար 25,2026 14:15

«Խնդիրն այսպես լուծվեց․ իրենք գնացին ու էլ չեկան։ Երեկ օրը խաղաղ անցավ՝ կեսօրից հետո։ Մինչև այսօր դեռ խաղաղ է։ Պատարագը մատուցել ենք, ոչ մի խոչընդոտի առիթ, նման միջադեպ չի եղել։ Փառք Տիրոջ, ամեն ինչ խաղաղ է»,- Aravot.am-ին տեղեկացրեց Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում երեկ վաղ առավոտից լարված իրավիճակ էր։ Եկեղեցին կառուցած Համլետ Գորոյանը և Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը առավոտյան մի խումբ անձանց հետ այցելել էին եկեղեցի և պահանջել, որ քահանան ազատի եկեղեցին և հանձնի բանալիները։

Հիշեցնենք՝ տեր Արտաշեսը միացել, այնուհետև հետ էր կանգնել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «բարենորոգումից»։

Տեր Արտաշեսից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմնավորմամբ էին իրենից եկեղեցու բանալիները պահանջում, նա ասաց․ «Բանալիները հիմնականում բարերարն էր պահանջում,ասում է՝ եկեղեցին ես եմ կառուցել, եկեղեցին իմն է։ Դա հիմնավոր չէ։ Հողը պատկանում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին»։ Հետաքրքրվեցինք՝ այդ հիմնավորումները, որ բարերարին ներկայացրիք, համոզեցի՞ն նրան, տեր Արտաշեսը պատասխանեց․ «Բնականաբար, եթե մարդը մի համոզումով գալիս է, իրեն դժվար է այդ պահին հակառակը համոզելը։ Ժամանակի ընթացքում աղոթենք Աստծուն, թող մտքերը լուսավորի, հասկանան, որ այդպես որևէ հարց չի կարգավորվում»։

Տեր Արտաշեսն ասաց, որ սկզբում իրենց խոսակցությունը հանգիստ է եղել, հետո նրանք ձայները բարձրացրել են, վիրավորական արտահայտություններ հնչեցրել որոշ մարդկանց հասցեին՝ ոչ իրեն ուղղված։ Նա վստահեցրեց՝ նախկինում որևէ խնդիր որևէ մեկի հետ իր համայնքներում չի ունեցել․ «Այդ թվում և իրենց  հետ»։ Հարցին՝ կարծում եք՝ այդ խնդիրն առաջացել է եկեղեցու դեմ ուղղված գործողությունների ընդհանուր ֆոնի՞ն, տեր Արտաշեսը պատասխանեց․ «Հստակ չգիտեմ․ բնականաբար, պատճառահետևանքային կապերով, եթե նայում ես, այդպես է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031