Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանության կողմից Արցախի, արցախցիների վերադարձի ու մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը փակելը պատճառներ են, որ մարդիկ ոտքի կանգնեն»

Հունվար 26,2026 12:00

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։

-Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը վերջերս հայտարարեց, որ գարնանից նախատեսվում է փողոցային պայքար սկսել։ Հաշվի առնելով նախորդ փորձը՝ ի՞նչ եք կարծում՝ արցախցիները դուրս կգա՞ն պայքարի, ի՞նչ հարցեր պետք է լինեն օրակարգում, եւ փողոցային պայքարի միջոցով հնարավո՞ր է հասնել առկա խնդիրների լուծմանը։

-Արցախցիների իրավունքները մինչեւ այսօր էլ ոտնահարվում են, բայց իմ կարծիքով՝ սա միայն արցախցիների խնդիրը չէ, այլ մեր ամբողջ ժողովրդի խնդիրն է։ Արցախցիների բարձրաձայնած ոչ մի խնդիր չի լուծվել, մի փոքր փոփոխություն է եղել բնակապահովման ծրագրում։ Նիկոլ Փաշինյանը վերջերս նորից հայտարարել է, որ Արցախի եւ արցախցիների հարցը փակ է, չկա։ Իսկ Արսեն Թորոսյանը գրառում է կատարում, որ «Ադրբեջանի տարածքից» 10 հայ է տեղափոխվել Հայաստան՝ նկատի ունենալով Արցախը։ Այսինքն՝ այս մարդիկ մեր տունը, մեր ծննդավայրը, մեր սրբությունները ջնջում են։ Եվ այսօր այնքան Ադրբեջանի իշխանությունը չի անում դա, որքան Հայաստանի իշխանությունն է փորձում ամեն ինչ փակել, ջնջել։ Այսինքն՝ արցախցիները որտեղի՞ց են եկել, ովքե՞ր են, այդ ամենը ջնջում են։ Միշտ ասում են, թե արցախցիները պայքարում են սոցիալական հարցերի համար, բայց միայն սոցիալական հարցերը չեն։ Այո, սոցիալական հարցերը հիմա սրված են, այսօր եղանակը ցուրտ է, մարդիկ տան վարձերի ու կոմունալները վճարելու խնդիր ունեն։

Ինչ վերաբերում է հարցին, թե մարդիկ դուրս կգա՞ն փողոցգ Հայաստան տեղափոխվելուց հետո պայքարի տարբեր ձեւաչափեր են եղել, մարդիկ չունեն վստահություն, թե ում հետեւից քայլեն, ով է ճիշտ կամ ով կլուծի իրենց խնդիրները, կնպաստի իրենց իրավունքների՝ գոնե չնչին չափով իրականացմանը։ Արցախցիներն այսօր աշխատում են, որպեսզի գոնե տան վարձ տան ու մինիմալ պայմաններով Հայաստանում գոյատեւեն։ Իրատեսական չէ, որ աջակցության ծրագրերը բավարարում են արցախցիների մինիմալ պայմանների ապահովմանը։ Այսինքն՝ այսօր մի քիչ դժվար է գնահատական տալ՝ մարդիկ դուրս կգան փողոց, թե՞ ոչ։ Բայց այն ծանր սոցիալական իրավիճակը, մարդկանց աշխատանք չգտնելը, ՀՀ իշխանության կողմից Արցախի հարցը, արցախցիների վերադարձի ու մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը փակելը պատճառներ են, որ մարդիկ ոտքի կանգնեն։ Եվ ես կարծում եմ, որ սա ոչ միայն արցախցիների հարցն է, այլ ընդհանուր հայ ժողովրդի։ Հակառակ դեպքում, այսպես շարունակելով՝ Արցախը կդառնա երկրորդ Նախիջեւան, որն այսօր չունի հայկական հետք։ Միջազգային ասպարեզում ոչ ոք այսօր չի խոսում Նախիջեւանի մասին։ Մենք չպետք է թույլ տանք, որ այդ ամենը կրկնվի։

-Կան մտահոգություններ, որ քանի որ նախընտրական շրջան է, այս կամ այն ուժերը կարող են արցախցիներին «օգտագործել»։ Ի՞նչ եք անելու՝ դա թույլ չտալու համար։

-Այո, ինձ թվում է՝ ուժեր կլինեն, որոնք կփորձեն օգտագործել արցախցիներին։ Բայց այնպես չէ, որ մենք քնած ենք։ Կան մարդիկ, ովքեր հավատում են մեզ, մենք էլ փորձելու ենք մաքսիմալ կանխել, որպեսզի արցախցիներին չօգտագործեն։ Արցախցին ոչ միայն ընտրության գնալու կամ քվեաթերթիկ լրացնելու համար է, արցախցին մարդ է, ով հայ է եւ, ինչպես մյուս հայերը, ուզում է ապրել իր հայրենիքում՝ նորմալ կյանքով։ Այսօր Հայաստանում արդեն խորացված քարոզչություն է ընթանում, մարդիկ ընտրությունների են պատրաստվում։ Պետք է հստակ ձեւակերպել գործողությունները՝ լավ, եթե ինչ-որ մի ուժ արցախցիների ու Արցախի հարցով ինչ-որ բան է առաջարկում, պետք է ներկայացնի՝ ինչպե՞ս է հետագայում դա իրականացնելու։ Այսինքն՝ մաքսիմալ պետք է մնալ չեզոք, չթողնել, որպեսզի օգտագործեն ոչ միայն արցախցիներին, այլ յուրաքանչյուր մարդու, ով չի զբաղվում քաղաքականությամբ, այլ ինքնուրույն ծանոթանում է քաղաքական ուժերի ծրագրերին, որ գնա ընտրության։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031