«Ամսի 20-ի տեղումները թույլ էին… Հունվարի 23-ի ձյունը կանխատեսելի էր, առավոտյան 11:20-ին սկսվել է ձյունը, բավականին ինտենսիվ տեղումներ էին, ժամը 21-ին նոր դադարել է»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով ձնամաքրման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին: Նա նշեց, որ այդ օրը ձյուն մաքրող մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում, ժամը 12-ի մոտ սկսվել են աշխատանքները, աղ ու ավազ են ցանվել, մինչեւ ուշ երեկո աշխատանքներ են իրականացվել:
Կամո Արեյանի խոսքով, ընդհանուր առմամբ՝ մոբիլիզացված է եղել 137 միավոր տեխնիկա, 650 բանվորական ուժ է աշխատել այդ երկու օրերի ընթացքում:
«Ամսի 23-ին խցանումներ առաջացան մայրաքաղաքում, գրեթե ամբողջ տարածքում, բայց հիմնական կանգը, խցանումները եղան Կենտրոն վարչական շրջանում: Մենք շաբաթ օրը ԵԱՍՄ-ում («Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ) պատճառները քննարկել ենք: Այո, եղել են տեխնիկայի ուշ մտնելու ժամեր, եւ դա պայմանավորված է եղել երթեւեկի ինտենսիվությամբ, ուղղակի ԵԱՍՄ-ի մեքենաները չեն կարողացել մտնել երթուղի»,-հավելեց Կամո Արեյանը՝ նշելով, որ ստիպված դիմել են պարեկային ծառայությանը, որպեսզի ճանապարհ բացի:
Նա ասաց, որ մայրաքաղաքի ճանապարհների երկարությունը 1204 կմ է, 15 մլն քառակուսի մետր մաքրվող տարածքն է՝ մեքենա մեխանիզմներով, 8,6 մլն են կազմում ձեռքով մաքրվող բակային տարածքները. «Այս թվերը բերում եմ նրա համար, որ հասկանալի լինի, թե ինչու բոլոր փողոցները միաժամանակ չէր կարող տեխնիկան մտնել … Սյո կենտրոն չկարողացանք մեքենաներով մտնել, ստիպված պարեկային ծառայությանը դիմեցինք, բայց ասել, որ որեւէ տարածք չի մաքրվել, չի համապատասխանում իրականությանը»:
Կարդացեք նաև
Գործակարգավարական խորհրդակցությունն՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրինի


















































