Հունվարի 22-ին սկսվել և շարունակվում են մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական և միջազգային մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին նվիրված միջոցառումները Հայաստանում։ Ուշագրավ էր առաջինը մարզերից՝ Լոռու մարզային գրադարանում համերգ-բանախոսությամբ ձևաչափով անցկացված միջոցառումը:
Բանախոսը «Առնո Բաբաջանյանի հիշատակին» մոսկովյան հիմնադրամի գիտահետազոտական գծով փոխնախագահ, արվեստի պատմաբան Արտյոմ Անդրեասյանն էր, որի երաժշտական խմբագրմամբ, հիմնադրամում գործունեության շուրջ 5 տարիների ընթացքում, այլ աշխատանքների թվում հրատարակվել են բաբաջանյանական հետևյալ գործերը՝ «Անուրջներ» կոնցերտային պիեսը՝ երկու դաշնամուրի համար փոխադրությամբ (Ե.։ «Կոմիտաս» հրատ., 2019), հեղինակային 20-ից ավել հոդվածներ, որոնք տեղ են գտել Հայաստանի և Ռուսաստանի արվեստագիտական մամուլում։ Նշենք նաև, որ արվեստի պատմաբանի, որը նաև դաշնակահար է, գիտական հետաքրքրությունների կենտրոնում են դասական երաժշտության պատմությունը և տեքստաբանությունը։
Անդրադառնալով Արտյոմ Անդրեասյանի՝ որպես բանախոսի ելույթին, նախ հակիրճ ներկայացվեցին Բաբաջանյանի կյանքի և ստեղծագործության գլխավոր կողմերը՝ այնպիսի մանրամասներով, որոնք հայտնի են արվեստագետների նեղ շրջանակներին, նաև կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության կայացման ուղին՝ Երևանի՝ Ա. Սպենդիարյանի անունը կրող երաժշտական դպրոցից մինչև Մոսկվայի կոնսերվատորիա և Հայ մշակույթի տուն։
Անդրեասյանը ներկայացրեց ինչպես դասական, այնպես էլ էստրադային հայտնի ստեղծագործությունների պատմությունից էջեր, արկածային և հումորային դրվագներ նրա ուսանողական տարիներից, միջազգային շրջագայություններից, Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը, և ոչ միայն, գործընկերների հետ հանդիպումներից։ Անդրադարձ կատարվեց Բաբաջանյանի տարաբնույթ նախասիրություններին (ինչպես, օրինակ, գեղանկարչությունը կամ բարդ մեխանիկական աշխատանքներ՝ ընդհուպ մինչև ռոյալի կապիտալ նորոգում), որոնց ցուցաբերվող մոտեցումը ևս ինքնամոռաց ու ստեղծագործական էր։ Ի դեպ, Անդրեասյանի խոսքն առատորեն համեմված էր ինչպես ժամանակակիցների հուշերից, այնպես էլ հենց կոմպոզիտորի հոդվածներից ու հարցազրույցներից մեջբերումներով։
Կարդացեք նաև
-Խոսքիս. կառուցման ընթացքում այդ ճանապարհն էի ընտրել՝ ապահովելու համար պատումների իսկությունը, անմիջականությունն ու ընդհանուր տրամադրությունը,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց բանախոսը։ -Բացի այդ՝ ինչպես հուշերը Բաբաջանյանի մասին, այնպես էլ հենց նրա հոդվածներն ու հարցազրույցները մեծամասամբ ցրված են այս ու այն հրապարակումներում, և ունեն առանձին ժողովածուներում մեկտեղման կարիք։ Բացի հետաքրքրաշարժ լինելը՝ դրանք իրենց ուսուցողականությամբ կարող են ունենալ նշանակալի դեր մեր մշակութային կյանքի վերակառուցման գործում, ինչը մշտապես իր մասին զգացնել տվող հրամայական է։
Բանախոսի ելույթը ընդհատում էին Բաբաջանյանի հայտնի ու սիրված էստրադային երգերը՝ «Երևանի սիրուն աղջիկ», «Королева красоты», «Благодарю тебя», Վանաձորի «Voice» երգի ստուդիայի (գեղ. ղեկ.՝ Վարազդատ Հովհաննիսյան) սաներ Արամայիս Հովսեփյանի, Արտյոմ Ամիրխանյանի և Կամիլա Նասիբյանի մեկնաբանություններով։
Երաժշտական կատարումներով հանդես եկավ նաև ինքը՝ Արտյոմ Անդրեասյանը՝ ներկայացնելով Բաբաջանյանի՝ ինչպես հայտնի դաշնամուրային ստեղծագործություններից մեկ-երկուսը, այնպես էլ հեղինակի արխիվներում հայտնաբերված անտիպ մանրանվագներ։
-Կարծում եմ, որ իրավունք ունեի դրանք հրապարակ հանելու, -մեզ հետ զրույցում շարունակեց Անդրեասյանը, -Քանի որ այդպիսի անտիպ գործերը, անկախ ամեն ինչից, ունեն որոշակի պատմական արժեք և գեղարվեստական արժանիքներ, որոնք, ի դեպ, մատնանշված են Բաբաջանյանի կյանքի և ստեղծագործության նախկին նշանավոր հետազոտողների կողմից։ Մեր ներկայիս գիտահետազոտական գործունեության բնույթն այնպիսին է, որ ոչ մի խտրություն չպիտի դնենք ուսանողական և հասուն շրջանի, դրվատված և քննադատված գործերի միջև. բոլոր ստեղծագործությունները մեզ համար հավասարապես կարևոր են։
Եվ վերջապես, ավելի քան մեկ տասնամյակ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո «Առնո Բաբաջանյանի հիշատակին» հիմնադրամը՝ համագործակցելով ռուս-հայկական «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հետ. 2024 թ. Մոսկվայում ստորագրել էր համագործակցության հուշագիր, ըստ որի Առնո Բաբաջանյանի երկերի ժողովածուն լույս կտեսնի 25 հատորով, բոլոր բնագրերը կճշգրտվեն գիտաքննական սկզբունքով՝ ձեռագիր, տպագիր ու նաև ձայնագիր աղբյուրների հաշվառմամբ, և կից գիտական ապարատում (առաջաբաններ, ծանոթագրություններ) ամփոփ կներկայացվեն բոլոր կարևոր պատմագիտական տեղեկությունները, առավել ակնառու տեքստաբանական նրբություններ… Մի խոսքով՝ սա աննախադեպ ծավալի գիտահրատարակչական ծրագիր է (այս մեծածավալ ժողովածուի ընդհանուր խմբագրումը ստանձնել է Արտյոմ Անդրեասյանը): Շուտով լույս կտեսնի առաջին հատորը, որն ամփոփում է Բաբաջանյանի օրոք հրատարակված և նրա կատարմամբ ձայնագրված մենանվագ դաշնամուրային ստեղծագործությունները։ Այս տարի ծրագրված է լույս ընծայել հինգից ութ հատոր։
Հավելենք նաև՝ միջոցառմանը եզրափակիչ խոսքով հանդես եկավ Լոռու մարզային գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը, որը շնորհակալագրեր հանձնեց բանախոսին, «Voice» երգի ստուդիայի գեղարվեստական ղեկավարին։ Իր խոսքում տիկին Հալիվորյանն էլ ընդգծեց երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում բարձրարվեստ երաժշտության դերն ու նշանակությունը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները և տեսանյութը մեզ տրամադրել է Արտյոմ Անդրեասյանը
























































