Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեում գտել են օդի աղտոտվածության վրա շինարարության գործոնի նվազեցման ձեւը

Հունվար 26,2026 12:58

«Օդի աղտոտվածության վրա շինարարության գործոնի ազդեցությունը նվազեցնող նորմ ենք մշակել, որով սահմանել ենք՝ ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիքներ ու սարքավորումներ պետք է օգտագործվեն, որ առավելագույն չափով նվազեցվեն արտանետումները». այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

«Պահանջ է սահմանվել, որ պետք է շինհրապարակի ներսի ճանապարհները պատված լինեն բետոնե ծածկույթով, իսկ այն հատվածները, որոնք որպես ճանապարհ չեն ծառայում եւ ունեն հողային մակերես՝ պետք խճապատվեն, որ քամիների դեպքում փոշին չբարձրանա: Սահմանել ենք փոշեզսպիչ, փոշեճնշիչ ու ջրային մառախուղ առաջացնող սարքավորումների կիրառության պարտադիր պահանջ եւ մի շարք այլ պարտադիր պահանջներ: Երբ այս նորմը մտնի կիրառության մեջ, կարծում եմ՝ շինարարության գործոնը օդի աղտոտվածության մասով կհասցվի նվազագույնի»,- հավելեց Վարդանյանը:

Նա նաեւ ասաց, որ կառուցապատողներին բավարար ժամկետ են տվել, որ իրենց շինհրապարակները վերակահավորեն կամ վերակազմակերպեն, բոլոր սեփականատերերը կամ շինարարները իրականացնելու են այդ կարգավորման աշխատանքները: Ըստ Վարդանյանի՝ վերջնաժամկետը մայիսի 1-ն է. «Պետական ծրագրերի դեպքում՝ պետական միջոցներով կարվեն այդ աշխատանքները, իսկ մասնավոր ծրագրի դեպքում՝ մասնավոր միջոցներով: Պարտադիր պահանջ ենք սահմանել նաեւ, որ շինհրապարակները կահավորված լինեն համապատասխան սարքավորումներով, որոնք վերլուծելու են ու գնահատական են տալու օդի աղտոտվածության հետ կապված»:

Իսկ այն ընկերությունները, որոնք չեն պահպանի սահմանված նորմերը, կզրկվեն լիցենզիայից կամ նրանց լիցենզիան կկասեցվի:

Անդրադառնալով ինտենսիվ շինարարության վերաբերյալ մտահոգություններին՝ Վարդանյանն ասաց. «Եթե շինարարության տեմպերին նայենք վիճակագրության տվյալներով, ապա ՀՀ-ում այս մեծ տեմպերի ու ծավալների պարագայում կառուցվում է մեր ունեցած բնակֆոնդի ընդամենը 2 տոկոսը: Տեսեք քանի տարի այս տեմպերով պիտի կառուցապատենք, որ գանք այն մակարդակի, որ բնակչության բնակֆոնդի մոտ 50-60 տոկոսը լինի այսօրվա սեյսմիկ պահանջներին համապատասխան: Բնակֆոնդի թարմացման համար պետք է խթանենք շինարարությունը»:

Վարդանյանն ասաց, որ ռենովացիոն ծրագրեր են մշակում, որ գտնեն լավագույն մոդելը, որը կիրառելի կլինի այսօրվա շուկային համապատասխան: Նախատեսում են՝ հին շենքի քանդում, ապամոնտաժում, դրա փոխարեն նոր շենքի կառուցում. «Առաջնահերթությունը կտրվի վթարային շենքերին»

Վարդանյանը նաեւ շեշտեց, որ շինարարությունը շարունակում է մնալ մեր տնտեսության առաջնորդող ուղղություններից մեկը՝ պահպանելով աճի դինամիկան: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2024-ի համեմատ 2025-ին շինարարության ոլորտում արձանագրվել է 20 տոկոսից ավելի աճ. «Մոտ 645 միլիարդ ծավալով շինաշխատանքներ են իրականացվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031