Անընդունելի են դիտորդների սահմանափակումները․ հայտարարություն
Հունվարի 23-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունել է դիտորդական առաքելությունների գործունեությունը սահմանափակող օրենսդրական նախագիծը։
Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը անընդունելի է համարում դիտորդական առաքելությունների սահմանափակման՝ իշխանության վերահսկման մեխանիզմները բարդացնելու հնարները (Տե՛ս հայտարարության հավելվածում)։
Նախագիծը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների հանրային վերահսկողությունը։
Կարդացեք նաև
Այս նախագիծը տվյալ դեպքում ընդունվել է միահեծան իշխանության պայմաններում, իրականացվել է առանց ընդդիմության մասնակցության՝ բացառապես իշխանական խմբակցության ձայներով։
Նկատի առնենք, որ նախագիծը սահմանադրական օրենքի փոփոխությանն էր վերաբերում, և անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի կողմ ձայները (առնվազն՝ 65 )։ Քաղաքացիական պայմանագիրն Ազգային ժողովում ունի 71 պատգամավոր, հետևաբար սահմանադրական օրենքի փոփոխությունն իրականացվում է միահեծան։
Տարակուսելի է, որ մի շարք կազմակերպություններ ու անձիք են ներգրավված այս նախագծի ընդունմանը, որոնք տարիներ շարունակ իբր թե զբաղվել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմամբ, փոխանակ, որ քննադատեին ու քայլեր ձեռնարկեին իշխանական միահեծանության դեմ, ինչպես նաև իշխանության վերահսկման մեխանիզմի բարդացումը դատապարտեին։
Հանրային դաշինքը շեշտում է, որ չի կարող համարվել ժողովրդավարական այն համակարգը, որտեղ մեկ կուսակցություն միահեծան փոփոխություններ է իրականացնում սահմանադրական օրենքներում։
Ինչպես նաև չի կարող ժողովրդավարական համարվել այն համակարգը, որտեղ նվազեցվում է իշխանության վերահսկման մեխանիզմները՝ այս դեպքում՝ դիտորդական առաքելության սահմանափակումները։
Կոչ ենք անում քաղաքական ուժերին, իրավաբաններին, իրավապաշտպաններին դիտարկել այս խնդիրը միահեծան համակարգի շրջանակներում և աշխատել, որպեսզի հետագայում թույլ չտրվի, որ մեկ կուսակցություն կարողանա սահմանադրական օրենքի փոփոխություն իրականացնել։
Հայտարարության հավելված՝ օրենքի փոփոխությամբ դիտորդական առաքելությունների դեմ ճնշումները
- Սուբյեկտիվ «քաղաքական չեզոքության» չափանիշի ներդրում, ըստ որի դիտորդների ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական դիրքորոշում, կարող է հիմք հանդիսանալ սահմանափակման կամ պատժման համար։
- Դիտորդների ինքնագրաքննության խթանում, քանի որ ընտրախախտումների հրապարակային արձանագրումը կարող է գնահատվել որպես քաղաքական կողմնակալություն։
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայեցողության էական ընդլայնում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ընդունելիությունը որոշելու հարցում՝ առանց հստակ և օբյեկտիվ չափանիշների։
- Քննադատական և անկախ դիտորդական կազմակերպությունների հնարավոր դուրսմղում ընտրական գործընթացից՝ իրավական, բայց քաղաքականապես պայմանավորված մեխանիզմներով։
- Ֆինանսական թափանցիկության լրացուցիչ և անհամաչափ պահանջների սահմանում դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների համար, ինչը հատկապես բարդացնում է փոքր և մարզային կազմակերպությունների գործունեությունը։
- Օտարերկրյա դիտորդների հավատարմագրման ժամկետների կոշտ սահմանում (քվեարկությունից ոչ ուշ, քան 15 օր առաջ)՝ առանց արտահերթ ընտրությունների կամ ճգնաժամային իրավիճակների համար բացառությունների։
- Միջազգային դիտորդական առաքելությունների արագ արձագանքման հնարավորության սահմանափակում, հատկապես ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ճգնաժամի պայմաններում։
- Դիտորդների հավատարմագրումը չեղարկելու հիմքերի ընդլայնում՝ առանց «քաղաքական չեզոքության խախտման» հստակ իրավական սահմանման։
- Ընտրությունների ընթացքում կամ դրանից հետո դիտորդների հեռացման ռիսկի բարձրացում, եթե նրանց գործունեությունը դիտարկվում է որպես «անհարմար» կամ քննադատական։
- Իշխանության վերահսկման մեխանիզմների համակարգային թուլացում, քանի որ նախագիծը ոչ թե բացահայտ արգելում է դիտորդական գործունեությունը, այլ այն դարձնում է վարչարարական, իրավական և սուբյեկտիվ սահմանափակումներից կախված։
Հանրային դաշինք


















































