Լրահոս
Օրվա լրահոսը

2025-ին գրանցվել է լրագրողների եւ ԶԼՄ-ների հանդեպ ճնշումների, տեղեկություններ ստանալու իրավունքի խախտման 224 դեպք

Հունվար 26,2026 14:29

«Մեր տարեկան զեկույցը բավականին ծավալուն է ստացվել, 125 էջ, բայց ես հիմնական գործընթացներն ու միտումները կներկայացնեմ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2025թ զեկույցը ներկայացնելիս:

«2025 թվականի առանձնահատկությունն այն էր, որ լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ ճնշումների եւ դատական գործերի կեսը եղել է պետական պաշտոնյաների եւ իշխանության ներկայացուցիչների կողմից։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ սովորաբար կոնֆլիկտները միակողմանի չեն լինում, եւ տարվա ընթացքում բազմիցս արձանագրել ենք նաև դեպքեր, երբ լրագրողներն էին գործում մասնագիտական էթիկայի խախտումներով, ու այդ կոնֆլիկտային ընդհանուր իրավիճակը հանգեցրել է նրան, որ 2025 թ. ընթացքում ընդհանուր խախտումների քանակն ավել է, քան 2024 թվականին։

Դուք երեւի հիշում եք, որ մենք այդ իրավունքների խախտումները բաժանում ենք երեք կատեգորիայի՝ ֆիզիկական բռնություններ, այլ տեսակի ճնշումներ՝ վիրավորանքներ, սպառնալիքներ եւ այլն, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ։ Այս երեք կատեգորիաներով, եթե վերցնում ենք, 2025 թվականին արձանագրել ենք 224 դեպք, մինչդեռ 2024 թվականին դրանք 208-ն էր»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով, ֆիզիկական բռնությունների թիվը 15 է, այլ տեսակի ճնշումների թիվը 108 է, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները 101-ն են:

Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ խախտումները տեղի են ունենում հատկապես այն փուլերում, երբ երկրում սրվում է հասարակական-քաղաքական մթնոլորտը, սրացումների ընթացքում էլ են ավելանում լրագրողների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները: Աշոտ Մելիքյանի գնահատմամբ, իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-եկեղեցի առճակատումը, կալանավորումները մեդիա միջավայրում լուսաբանվել են ծայրահեղ դիրքերից, կախված նրանից, թե ինչ քաղաքական դիրքորոշում ունի տվյալ ԶԼՄ-ն կամ խմբագրությունը: Նա ասաց, որ դրանով եւս մեկ անգամ արտահայտվել է լրատվադաշտի բեւեռվածությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031