Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ «Հյուսիսային տերեւաթափ» անունը ստացած դատական նիստը հետաձգվեց։
Քանի որ ուժեղացված ծառայությամբ պայմանավորված` մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանին Զովունիի ոստիկանության բաժանմունքը չէր կարողացել ապահովել նրա ներկայությունը այսօրվա դատական նիստին, իսկ փետրվարի 1-ին լրանում է Սերգեյ Մկրտչյանի եւ մեղադրյալներ Աշոտ Մարգարյանի ու Վազգեն Ոսկանյանի տնային կալանքի ժամկետը, նախագահող դատավորն առաջարկեց քննության առարկա դարձնել այդ հարցը։
Հանրային մեղադրողը միջնորդեց, որպեսզի մեղադրյալների խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվի եւս երեք ամսով, սակայն պաշտպանական կողմի ներկայացուցիչը դատարանին խնդրեց այսօրվա նիստը հետաձգել եւ մինչեւ փետրվարի 1-ը նշանակել եւս մեկ դատական նիստ։ Դատարանը նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 29-ին, ժամը 17։30-ին։
Հիշեցնենք, որ ենթադրյալ հանցավոր խմբի հինգ անդամներն ըստ իրավապահների, մտադիր են եղել 2023 թվականին կազմալուծել կառավարության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն եւ հանրության համար վտանգավոր արարք։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































