Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը վերանշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան

Հունվար 26,2026 16:05

Կրթության միջազգային օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը վերահաստատում է իր աջակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ նպաստելու Հայաստանում երեխաների զարգացմանն ու բարեկեցությանը։


ԵՐԵՎԱՆ, հունվարի 26, 2026 թ. – Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հունվարի 24-ին վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան։

Առաջին անգամ մաեստրո Սմբատյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան է նշանակվել 2023 թվականին և այդ ժամանակվանից ի վեր համագործակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ խթանելու դրական ծնողավարությունը և վաղ մանկական ուսումնառությունը։ 2025 թվականին մաեստրո Սմբատյանն այցելել է Արտաշատի թիվ 4 վերանորոգված մանկապարտեզ՝ իր աջակցությունը հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքներին՝ ուղղված ներառական վաղ ուսումնառության ծառայությունների հասանելիության ընդլայնմանը փախստական և ընդունող համայնքների երեխաների համար։

2024 թվականին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ գործող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապույտով է լուսավորվել Հայաստանի Ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի շենքը՝ ի նշան Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 35-ամյակի։ Խորհրդանշական արարողությանը հաջորդել է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի բացման համերգը, որը ևս նվիրված է եղել Երեխաների համաշխարհային օրվան։

2023 թվականին մաեստրո Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցության հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար միջոցներ է հավաքագրել յոթ համերգների միջոցով՝ հնարավորություն ընձեռելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին բազմաֆունկցիոնալ դեղատնային վաուչերներ տրամադրել հաշմանդամություն ունեցող փախստական երեխաներին։ 2024 թվականին մաեստրո Սմբատյանը հանդիպել է այդ ծրագրի շրջանակում աջակցություն ստացած մի քանի երեխաներին և նրանց ընտանիքներին։

«Մենք ուրախ ենք շարունակել մեր գործընկերությունը մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպանի», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ «Վերջին տարիներին մաեստրո Սմբատյանն իր ձայնի, արվեստի և ազդեցության միջոցով պաշտպանել է հայ երեխաների իրավունքներն ու բարեկեցությունը։ Նրա նվիրվածությունը վաղ մանկական ուսումնառությանը, ներառականությանը և, առհասարակ, երեխայի իրավունքներին ցույց է տալիս, թե որքան մեծ ազդեցություն կարող են ունենալ մշակույթն ու հոգատարությունը, երբ դրանք միավորվում են ընդհանուր նպատակի շուրջ։ Մենք ակնկալում ենք մեր համագործակցության շարունակությունը՝ ապահովելու, որ յուրաքանչյուր երեխա, անկախ իր ծագումից կամ իրեն շրջապատող հանգամանքներից, ունենա սովորելու, զարգանալու և իր ներուժը բացահայտելու հնարավորություն»։

«Շատ ուրախ եմ, որ այսօր կրկին նշանակվում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան. վերանշանակումը փաստում է, որ մեր համագործակցությունը երկուստեք արդյունավետ է եղել՝ և անձամբ ինձ համար, և ՅՈՒՆԻՍԵՖ-ի։ Այստեղ կարևորն ինձ համար այն է, որ երեխաների համար արժեք ստեղծելու ևս մեկ հնարավորություն ունեմ։ Հատկանշական է, որ այսօր անդրադառնում ենք նաև մեր «Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագրին, որը դասական երաժշտությունը հասանելի և մատչելի դարձնում երեխաների համար դեռ մանկապարտեզից։ Սա մեր կրթական գործընթացի շղթայի անբաժան մասն է, որը հեռահար ազդեցություն է ունենալու դասական երաժշտության հանրահռչակման վրա»։

Նշանակման արարողությանը հաջորդել է «Սիմֆոնիկ հեքիաթներ» խորագիրը կրող պանելային քննարկում՝ նվիրված դասական երաժշտության կարևորությանը վաղ մանկական զարգացման և նախադպրոցական կրթության մեջ: Քննարկումը վարել է Հանրային հեռուստատեսության «Ծնողական ժողով» հաղորդման վարող Աննա Ավանեսյանը։

Քննարկման մասնակիցներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկական զարգացման ծրագրի պատասխանատու Մայա Սիմոնյանը, «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրերի ղեկավար Տաթև Ադամյանը, Վաղարշապատի «Ոստան» մանկապարտեզի տնօրեն Լուսինե Ավագյանը և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի բովանդակության և զարգացման գծով տնօրեն Լուսինե Աղաբեկյանը։

Քննարկման շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և մաեստրո Սմբատյանի կողմից հիմնադրված «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը ներկայացրել են իրենց համատեղ «Սիմֆոնիկ հեքիաթներ» նախաձեռնությունը, որը կյանքի է կոչվել 2025 թվականին։ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ գործընկերների կողմից մշակվել է կրթական մոդուլ և ուղեցույց, որի նպատակն է՝ խրախուսել փոքր երեխաներին բացահայտելու դասական երաժշտության և արվեստի աշխարհը՝ նպաստելով նրանց հոգեսոցիալական բարեկեցությանը։ Ծրագիրն արդեն փորձարկվել է Հայաստանի հինգ համայնքներում և շուտով կներկայացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ երկրի մասշտաբով ընդլայնելու նպատակով։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031