Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացավ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և նույն թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու սպասավոր Գարեգին քահանա Արսենյանի դատավարությունը։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել Փաշինյանի դեմ հավաքներին, իսկ 2021-ի ընտրություններին նրանց հրահանգել մասնակցել ընտրություններին ու չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Իսկ Տեր Գարեգինը մեղադրվում է Մկրտիչ Սրբազանին օժանդակելու մեջ։
Հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդեց երեք ամսով երկարացնել Մկրտիչ եպիսկոպոսի կալանքը, սակայն դատարանը՝ Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, այն երկարացրեց մեկ ամսով ու վերացրեց սահմանափակումները:
Նախքան որոշման հրապարակումը, այս գործով տուժող ճանաչված, կարգալույծ եղած քահանաները, որոնցից մեկը Արամայիս Թախմազյանն է՝ կարգալույծ հռչակված Տեր Թադե քահանան ու Ստեփան Ասատրյանը՝ կարգալույծ հռչակված Տեր Արամը, նշեցին, որ չեն ընդունում իրենց կարգալույծ լինելը։
Կարդացեք նաև
Արամայիս Թախմազյանն իր կարգալույծ լինելը համարեց ապօրինի՝ նշելով, որ չկա հիմք, Մայր Աթոռից որևէ փաստաթուղթ չի ստացել՝ արձանագրված ու քննված, համացանցով է իմացել իր կարգալույծ լինելու մասին, այստեղ կա մեկ անձի քմահաճույք։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպան Արա Զոհրաբյանը դատարանին ասաց․
«Եթե Ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է արել, դա փաստ է, այդ փաստի հետ չեք կարող չհամակերպվել, որ իրենք հոգևորականներ են։ Իրենք եկեղեցիները զավթել են, և որևէ մեկը չի կարող ասել, թե փաստացի աշխատում է։ Իրենք որ աշխատում են, ի՞նչ են անում, ո՞ւմ համար են աշխատում, ասենք՝ այդ եկեղեցիների գործունեության ժամանակ ո՞ւմ են հաշվետվություն տալիս՝ Հայաստանի վարչապետի՞ն, թե՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ո՞ւմ համար են աշխատում, շատ կարևոր հարց է։
Փաստացի ապօրինի վարքագիծ են դրսևորում իրենք, իրենք զավթել են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող երկու եկեղեցական կառույց՝ եկեղեցու կամքին հակառակ։ Հետագայում քրեական պատասխանատվության հարց էլ է բարձրանալու, ապօրինի գույքը օգտագործելու, վնասելու։ Սա առանձին հարց է լինելու, բայց այս պահին դատարանը պիտի արձանագրի, որ իրենք հոգևորական չեն, ինչքան էլ իրենց համարեն հոգևորական, մարդը իրեն համարում է Նապելեոն, է, թող համարի, չդարձավ Նապելեոն։
Եկեղեցին իր դիրքորոշումը հայտնել է, որ այդ երկու անձինք հոգևորական չեն։ Այս փաստը դատարանը չի կարող անտեսել, իսկ եթե անտեսեց ու նրանց համարեց հոգևորական, ինչ-որ միջամտություններ արեց, սա կնշանակի՝ խառնվում է եկեղեցու ներքին գործերին»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Ստեփան Ասատրյանը հակադարձեց նրան՝ մեջբերելով երջանակահիշատակ Գարեգին Առաջին Վեհափառի խոսքերը, թե անցան շորի ժամանակները, եկել է խոսքի ժամանակը։
«Հոգևորական լինելը-չլինելը դա դեռ սքեմ հագնելով-չհագնելով պայմանավորված չէ, անհրաժեշտ է, որ մարդ ունենա հոգևոր կյանք»,-ասաց Ստեփան Ասատրյանը։
Նա նաև նշեց, թե սպառնալիք է տեսնում փաստաբանի կողմից, որբ ասում է, թե վաղը մյուս օր ձեր օրը կտեսնեք։
«Հարց բարձրացվեց, թե ո՞ւմ համար ենք մենք աշխատում՝ կաթողիկոսի՞, թե՞ վարչապետի, չհասկացանք, թե ինչ կապ ունի այստեղ վարչապետը։ Դատի սկզբից ակնարկներ ենք այստեղ տեսնում, որ հնարավոր է՝ այս գործի մասով մենք վարչապետի պաշտպանության տակ ենք։
Հարգարժան դատավոր, մենք ո՛չ վարչապետին ենք ծառայում, ո՛չ կաթողիկոսին, մենք ծառայում ենք հայ ժողովրդին, այն ժողովրդին, որը մեր ծառայության կարիք ունի, մեզ դիմում է», ասաց Ստեփան Ասատրյանը։
Դատական նիստն ամբողջությամբ
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»


















































