Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի որակի մոնիթորինգի դիտակայանի ձեռք բերման համար առաջիկա ամիսներին մրցույթ կհայտարարվի. Մաթեւոսյան

Հունվար 26,2026 18:03

«Սեւան» ազգային պարկում 2021-2025թթ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից 61-ը՝ 2025 թվականին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«2020-2025թթ. լուծվել է 143 պայմանագիր՝ ընդհանուր 251 հա տարածքով, որից միայն 33 պայմանագիրը լուծվել է 2025 թվականին ընդհանուր 79 հա տարածքով: 2021-2025թթ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից 2025-ին՝ 61-ը՝ փաստացի նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրկնակի ավել»,-ասաց Մաթեւոսյանը:

Նրա խոսքով՝ շենք-շինությունների ապամոնտաժման և «Սեւան» ազգային պարկի տարածքները վերադարձնելու հարցում նախարարությունը սերտ համագործակցում է գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության և այլ գործընկերների հետ:

Մաթեւոսյանն անդրադառնալով Հայաստանում օդի աղտոտվածության խնդիրներին՝ ասաց, որ օդի որակի մոնիթորինգի դիտակայանի ձեռք բերման համար առաջիկա ամիսներին մրցույթ կհայտարարեն:

Նա հիշեցրեց, որ նախարարության եւ Ճապոնիայի կառավարության միջև ստորագրվել է դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր՝ եւս 3 դիտակայանի համար ժամանակակից ավտոմատ սարքավորումներ ձեռք բերելու եւ Երևանում տեղադրելու համար. «Եվս 1 դիտակայան՝ պետական բյուջեից ֆինանսավորվող, կփորձենք ձեռք բերել այս տարի: Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվող 3 դիտակայանների հետ միասին՝ ընդհանուր 6 դիտակայանով, Երևան քաղաքում կունենանք օդի որակի ամբողջական մոնիթորինգի հնարավորություն»:

Նախարարը տվյալներ ներկայացրեց նաեւ Սեւանա լճի վերաբերյալ, ասաց որ լճի մակարդակը կազմում է 1900.23 մ. «Արփա-Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 120 մլն խմ ջուր՝ 2024-ի համեմատ 64 մլն խմ-ով պակաս: Շարունակվում են լճի մոնիթորինգի տվյալների ճշգրտման աշխատանքները: Առափնյա գոտում տեղադրվել է 1 ավտոմատ օդերեւութաբանական կայան, արդիականացվել են ավազանի 2 հիդրոլոգիական դիտակետերը: Կենսապաշարի կայուն օգտագործման նպատակով 2025թ սահմանվել է սիգի արդյունագործական որսի 1123 տոննա չափաքանակ, ինչը նախորդ տարվա համեմատ 436 տոննայով ավելի է»: Նախարարը հայտնեց, որ փաստացի որսվել է 1103 տոննա, վճարվել է շուրջ 72.5 մլն դրամ բնաօգտագործման վճար, ինչը մոտ 64.4 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Ըստ Մաթեւոսյանի՝ վերանայվել են կենդանական աշխարհի օբյեկտների բնօգտագործման վճարի դրույքաչափերը, 2026 թ դրանք բարձրացվել են մոտ 2 անգամ, իսկ սիգի 1 կգ-ի համար՝ մոտ 3 անգամ՝ մինչև 200 դրամ՝ նախկին 65 դրամի փոխարեն: Վճարումն իրականացվում է ոչ թե փաստացի օգտագործման, այլ տրամադրված չափաքանակի հիման վրա:

Թվայնացման, սիգի քվոտայի ավելացման և ապօրինի որսի կրճատման արդյունքում 2025թ կենդանական ռեսուրսների օգտագործումից գեներացվել է շուրջ 134 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ 24 տոկոսով ավելի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031