Հունվարի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Մենք կանք» կրթամշակութային միջոցառման շուրջ….
Այս օրերին տարբեր արձագանքներ ու հարցադրումներ ենք տեսնում միջոցառման կազմակերպման շուրջ, և կարևոր ենք համարում որոշ հանգամանքներ պարզաբանել։
«Մենք կանք»-ը չէր հետապնդում գեղագիտական կամ դասական համերգ լինելու նպատակ։ Այն միավորման, միասին լինելու, մշակույթի արժևորման և հիշեցման նախաձեռնություն էր։ Փորձ՝ ցույց տալու, որ մշակույթը միայն բեմ չէ, այլ նաև ներկայություն, դիմակայություն և շարունակականություն։
Անկեղծորեն պետք է նշենք, որ մեր ստանձնած պարտավորությունների մի մասը դեռևս մնում է չփակված։ Միայն դահլիճի վարձակալության արժեքը կազմել է 14 400 000 դրամ, որն իր մեջ չի ներառում բեմի կառուցման, լուսային և ձայնային տեխնիկայի, ինչպես նաև այլ կազմակերպչական ծախսերը։ Տոմսերի վաճառքը նպատակ ուներ բացառապես թեթևացնել կազմակերպչական ծախսերի բեռը։ Սեղմ ժամկետում, փոքր աշխատակազմով և առանց գլխավոր հովանավորի կամ կայուն ֆինանսական աջակցության, դա ծախսերի գոնե մի մասը փակելու միակ իրատեսական տարբերակն էր։
Կարդացեք նաև
Ինչպես արդեն նշեցինք, միջոցառումը կազմակերպվել է չափազանց սեղմ ժամանակահատվածում՝ հունվար ամսին, մի քանի հոգուց բաղկացած թիմով և առանց համակարգային հովանավորության։ Ի սկզբանե այն նախատեսված էր անցկացնել 2025 թ․ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության օրը, սակայն տարբեր պատճառաբանություններով այդ օրը մերժվեց, և մեր հարցադրումներին ու հետևողական դիրքորոշմանը ի պատասխան առաջարկվեց նոր ամսաթիվ՝ 2026 թ․ հունվարի 18-ը։
Չենք թաքցնի, որ պատասխանատվության և ծանրաբեռնվածության գիտակցմամբ մի քանի անգամ քննարկվել է միջոցառումը չեղարկելու տարբերակը։ Սակայն գերակշռել է այն համոզմունքը, որ որոշ իրավիճակներում անհրաժեշտ է անել ոչ թե հեշտը, այլ՝ անհրաժեշտը։
Շատերը չհավատացին այս նախաձեռնությանը և, հնարավոր է, հենց այդ պատճառով էլ չաջակցեցին։ Միաժամանակ եղան նաև հավատացողներ։ Նրանց շնորհիվ էր, որ «Մենք կանք»-ը կայացավ։
Կցանկանայինք, որ գոնե մշակութային դաշտում խոսքն ու գործը քայլեն կողք կողքի։ Որ արցախյան խնդրի մասին խոսելն ու մշակույթը պահպանելու համար գործ անելն ընկալվեն որպես իրար լրացնող, ոչ թե հակադիր գործընթացներ։ Արժեքների պահպանումը չի կարող սահմանափակվել միայն հրապարակային հայտարարություններով կամ տեսանելի ելույթներով, այլ պահանջում է հետևողական, շարունակական և գործնական քայլեր։
Շնորհակալություն ենք հայտնում այն քիչ, բայց կարևոր մարդկանց և կազմակերպություններին, որոնք հավատացին այս գաղափարին և աջակցեցին դրա իրականացմանը։ Այս նախաձեռնությունը կայացավ հենց այդ հավատքի և համախմբման շնորհիվ։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նաև բոլոր այն մարդկանց, ովքեր տոմս գնելով և իրենց ներկայությամբ աջակցեցին միջոցառման կայացմանը՝ դառնալով այս նախաձեռնության կենդանի մասնակիցը։
Ուստի, կարևոր ենք համարում նշել «Մենք կանք» նախաձեռնության հաջողությունն ու այն լայն դրական արձագանքը, որ այն ստացավ։ Այդ արձագանքներն ու դրա շարունակական ազդեցությունը տեսանելի են մինչ օրս՝ վկայելով նախաձեռնության նշանակությունն ու հանրային պահանջվածությունը։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության կանոնադրական առանցքային նպատակներից է արցախյան մշակույթի պահպանությունն ու հանրահռչակումը, ինչպես նաև դրա նպատակաուղղված ներկայացումը արտաքին մշակութային քաղաքականության շրջանակում։
Այս սկզբունքներից ելնելով՝ «Մենք կանք» նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ուղղված ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Սա ևս մեկ կարևոր քայլ է արցախյան մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնելու և արժևորելու ճանապարհին։
Ապրես Մարգարյան
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ


















































