ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում, պատասխանելով հարցին, թե իր վարած հակաեկեղեցական քաղաքականությամբ մինչև ուր է գնալու Նիկոլ Փաշինյանը, ասաց. «Մինչև այնտեղ, մինչև որտեղ կհանդուրժի հայ ժողովուրդը։ Իսկ եթե սկզբից գանք, դասագրքային ճշմարտություն է, որ գունավոր հեղափոխությունների ժամանակ այդ հեղափոխություններն իրականացնողներն ու նրանց տերերը ունեն մի առանցքային գերխնդիր՝ վերացնել բոլոր էլիտաները, բոլոր հեղինակությունները։
Իրենք գիտեն, որ ժամանակի ընթացքում այդ էյֆորիան անցնելու է։ Եվ եթե որևէ էլիտա մնա, ապա այդ էլիտան մեծ պրոբլեմ է դառնալու այս պատուհասների համար։ Բացառություն չէր նաև Հայաստանը։ Երբ եկան, հիշում եք, և քաղաքական էլիտան և մտավորականությանը և առողջապահական ոլորտի էլիտան, և այդ բոլորի հետ միասին իրենք ձեռնամուխ եղան նաև հոգևոր էլիտայի դեմ արշավին։ Սակայն այնտեղ իրենք չհաջողեցին։ Եվ կարծում եմ, դրանում մեծ խորհուրդ կա։
Մեր հոգևոր վերնախավը կայուն մնաց։ Դա բացատրելի է, որովհետև դա հենց այն էլիտան է, որը ոչ թե, ասենք, ընդամենը 30 տարվա պատմություն ունի, այլ ունի 1700 տարվա պատմություն, և այդ ընթացքում մեր այդ ազգային-հոգևոր կառույցը, որ դիմակայել է բազմաթիվ ասպատակությունների, կայուն ու կանգուն է մնացել և կայուն ու գանգուն է պահել մեր ազգին։ Բազմաթիվ փորձությունների արդյունքում մեր եկեղեցին ապացուցել է, որ ինքն այն միջնաբերդն է, որը բոլոր մյուս պարիսպների փլվելուց հետո ինքը կարողացել է իր շուրջը համախմբել ու պահել հայությանը։ Չմոռանանք, որ մեր եկեղեցին երկար ժամանակ ոչ միայն հոգևոր ծառայություն է մատուցել մեր ժողովրդին, այլև կրթել է, եղել է կրթության հիմնական, գուցե նաև միակ դարբնոցը։
Նաև առողջապահական խնդիրներ է լուծել, երբեմն նաև՝ դիվանագիտական խնդիրներ։ Հետևաբար, ի տարբերություն մեր մնացած էլիտաների, որոնք բավականին կարճ պատմություն ունեն ու չէին կարող կայացած լինել, մեր հոգևոր էլիտան ունի այդ կայունությունը, այդ փորձառությունը։ Եվ գուցե շատ ավելի մեծ, քան որևէ երկրի որևէ ինստիտուտ։ Դժվար կգտնեք աշխարհում որևէ պետություն, որն ունի 1700-ամյա ինստիտուտ։ Կարծում եմ, դա էր պատճառը, որ 2018 թվականի վայրագություններին մեր եկեղեցին և հոգևոր էլիտան կարողացան դիմակայել։
Կարդացեք նաև
Այն, ինչ հիմա կատարվում է, հասկանալի ու անխուսափելի քայլ է այս պատուհասների կողմից, որովհետև նրանք գիտեն, որ եկել է իրենց վերջը։ Եվ այդ վերջի՝ օր առաջ գալու տեսակետից շատ կարևոր է, որ մեր հոգևոր էլիտան հարձակման ժամանակ լինի կայուն և վճռական այս չարագործների նկատմամբ և իր կարևոր ու ազգահավաք խոսքն ասի։ 21-րդ դարում դժվար կգտնեք մի երկիր, որտեղ անառարկելի սկզբունքը, որը գալիս էր Ֆրանսիական հեղափոխությունից առ այն, որ եկեղեցին և պետությունը անջատ են միմյանցից, միախառնվում է, պետությունը հանձին իր իշխանության ներխուժում է եկեղեցու գործերի մեջ։ Սա նոնսենս է։ Եվ ցավալին այն է, որ այն երկրները, որոնք պարտավոր էին, բերանները ջուր են առել, աչքերն ու ականջները փակել են ու որևէ սաստող հայտարարություն այս այլանդակության նկատմամբ չեն անում։
Օրերը կանցնեն, ժամանակները կփոխվեն, գուցե նաև այդ երկրներում իշխանությունները փոխվեն։ Ու ինչպես այդ երկրների բազմաթիվ դրվագների հետ կապված նոր իշխանությունները ներողություն են խնդրել տուժող ժողովուրդներին իրենց նախորդների արած անպարկեշտ քայլերի համար, կարծում եմ, շատ երկրներ հայ ժողովրդի ապագա սերունդներին այդպիսի ներողություն կխնդրեն իրենց այսօրվա իշխանությունների վարքագծի համար»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































