Հայաստանի ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնողների շարքում, կարծես թե, առաջատարը հիմա ԱՄՆ-ն է։ Հանդիպումներ, քննարկումներ, օրերս էլ հայտնի դարձավ, որ սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան՝ Հայաստան և Ադրբեջան։ Արդյո՞ք այս «խաղաղության գործընթացի» ներքո ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին նույն՝ հավասար հնարավորություններ է տալիս։ «Հարցին պատասխանելու համար պետք է դեպի Եվրամիություն նայենք։ Ճիշտ է, ֆորմալ առումով այս պահի դրությամբ գոնե կարող ենք ֆիքսել, որ Վաշինգտոնի և Բրյուսելի մեջ կան հակասություններ, որովհետև Վաշինգտոնը, ըստ երևույթին, առաջնորդվում է այլևս ոչ թե դաշնակցային, այլ վասալային հարաբերությունների տրամաբանությամբ և հրաժարվում է վճարել եվրոպական անվտանգության համար։ Մի հետաքրքիր իրողություն անցյալ շաբաթ աչքովս ընկավ, որը, կարծում եմ, բավականին լավ նկարագրում է մեր հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի, այլև ԱՄՆ-ի հետ։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն կաջակցի Ադրբեջանին՝ վերականգնելու երկաթգիծը Նախիջևանում, իսկ Հայաստանը հնարավորություն է ստացել ԵՄ-ի շենքի առջև կառուցել հուշարձան՝ նվիրված մեր այբուբենին։ Սրանից հետո ասել, թե մեզ հավասար են ընկալում Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում, ինքնախաբեություն կլինի։ Երկրորդ՝ մինչ վերջերս լրատվամիջոցները, նաև իշխանության հետ շաղկապված փորձագետները, քաղաքական գործիչները խոսում էին ԱՄՆ փոխնախագահի այցի մասին Հայաստան, այլ ոչ թե տարածաշրջան։ Բայց տեսանք, որ տեղի ունեցավ Դավոսի ֆորումը, որտեղ ԱՄՆ-ի նախագահը երկու առանձնազրույց է ունեցել, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի նախագահի հետ։ Դրանից հետո որոշում է կայացվել, որ Վենսը այցելելու է նաև Ադրբեջան, այսինքն՝ Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ նույնիսկ սիմվոլիկ տեսանկյունից Վենսը այցելի նաև իրենց երկիր։ Նաև զարմանալի չի լինի, եթե Վենսը մի նոր փաստաթուղթ ստորագրի Հայաստանի իշխանությունների հետ «TRIPP»-ի վերաբերյալ, նա մի նոր փաստաթուղթ էլ կստորագրի Ադրբեջանի իշխանությունների հետ, ու այստեղ ևս մեկ անգամ կամրագրվի այն հանգամանքը, որ Հայաստանով անցնող կոմունիկացիայի փայատերը պաշտոնական Բաքուն է։ Սա է Միացյալ Նահանգների վերաբերմունքը մեր, մեր տարածաշրջանի նկատմամբ»,-նկատում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































