«Բանակի օրվա քթի տակ են մտցրել, որպես ի՞նչ, որ բանակի օրը ուրանա՞ն, ես համոզված եմ, որ վաղը իրենցից ոչ մեկը չի գա Եռաբլուր»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Աղդամում հոկտեմբերի 8-ին զոհված` կամավորական հիմունքներով ռազմաճակատ մեկնած Հարություն Հարությունյանի հայրը։
Նա չի ընդունում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի սահմանված միասնական օրը, կարծում է, որ դա արվել է սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա պատերազմի օրը մոռացության տալու համար։ Ասում է, որ 44-օրյայում զոհվածների ծնողները համամիտ են իր հետ։
Նա էլ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր՝ 44-օրյա պատերազմում զոհվածների այլ ծնողների հետ, որպեսզի թույլ չտար, որ Նիկոլ Փաշինյանը կամ կառավարության անդամներից որեւէ մեկը մոտենար իր որդու շիրիմին։ Նա համարում է, որ այդ կերպ իր որդու շիրիմը անարգանքի կենթարկվեր, քանի որ իր որդին այլ գաղափարների կրող է եղել։
«Իրենք չէին եկել տղերքի մոտ, տղերքի համար, իրենք եկել էին մի ինչ-որ թուրքի թիկունք պահեն, որ մտնի Եռաբլուր»,- նկատի ունենալով պանթեոնում կենտրոնացված ոստիկանական ուժերն` ասաց զոհվածի հայրը։
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ Փաշինյանն ու կառավարության անդամները 44-օրյայում զոհված տղաների շիրիմներին չեն էլ մոտեցել․ «Բարձրացավ 90-ականների տղաների շիրիմների կողմը եւ գնաց»։
Այս կառավարությանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ինքը դավաճան է համարում․ «Կառավարությունը դավաճանեց տղերքին, թողեց անտեր, թիկունքներին չկանգնեց։ Տղաները կռվեցին, հողերը ո՞վ վերցրեց` տվեց թշնամուն։ Ժամանակին՝ 1990-ականներին տղերքը հետ բերեցին Ղարաբաղը, իրենք սկուտեղի վրա տվեցին թշնամուն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Զոհվածի մեկ այլ հարազատի գնահատմամբ էլ՝ այս կառավարությունը իրական հրամանատարներին ստվերել է, առաջին շարք է բերել մարդկանց, ովքեր զինվորական գործի հետ կապ չունեն։ Ասում է՝ ինքը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ է ծառայել բանակում․ «Պապիկյանը լավ տղա է, բայց լավ նախարար չի»։
Վստահ է՝ ետ ենք բերելու կորցրածը։ Նաեւ վստահ է՝ մենք դա տեսնելու ենք, ինքն էլ առաջին ետ բերողների մեջ է լինելու․ «Ալիեւը փողով բոլորին առել է, բայց ինչը սկիզբ ունի, ավարտ էլ ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































