«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Իհարկե, դուք ճիշտ եք։
✅ Ճիշտ եք, երբ ասում եք, որ հայ ազգը, Հայկական պետականությունը, ՀՀ քաղաքացին ու ընդհանրապես՝ հայ մարդը, դավաճանվել է, նրա հայրենիքն ուրացվել է, նրա հավատքի առեղծվածը կենցաղացվել է ու այդ մակարդակում ոտնահարվում է, նրան շրջապատել ու շարունակում են փոքրացնել թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր տարածությունում, նրա ուշադրությունը գամել են քաղաքական աղմուկին, «փրկիչների» պայքարին և դրանից սնվող անորակ «մշակույթին»։
✅ Բայց այդ ամենը հետևանք է։ Հետևանքն այն բանի, որ նախ նրան համոզում են, որ կյանքը կապ չունի արժանապատվության հետ, … այլ պարզապես ապրելու, թեկուզ՝ մոռացված տղամարդկությամբ, բայց թանկարժեք մեքենայով, զիջված Արցախով, բայց երևանյան բնակարանով, խոնարհված եկեղեցիներով, բայց վզից գցված ոսկե խաչով, տիրադավի պիտակով, բայց իշխանության ունքի շարժումին ուշադիր հոգևորականներով, ողջախոհությունը բռնաբարող, բայց գիտական կոչում ունեցող մտավորականով…
Եվ այս ամենը հանուն ինչի՞ … մի պատառ կյանքի, որից ինքներդ եք զզվելու շուտով, որովհետև հոգի չունեցող մարմինը չի կարող երկար մարդ մնալ…
Կարդացեք նաև
✅ Մեր խնդիրը շատ խորն է, բայց միևնույն ժամանակ մեր՝ մեկ, պարզ ու հստակ որոշման մեջ է՝ մենք ուզում ենք լինել արժանապատիվ մարդ, որ գիտակցում է կյանքի իմաստը, թե հանուն գոյությունը քարշ տալու, պատրաստ ենք զիջել նաև դա…
✅ Եթե պատրաստ ենք, ապա, ինչքան էլ համոզեք մարդկանց իշխանությունը չտալ անբարոյականության ու տգիտության քարոզիչներին, չի ստացվի, քանի որ վերջիններիս խոսքը շոյում ու սնուցում է մարդկանց անպատասխանատվությունը, որից էլ բխում է հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի Հանրապետության առջև նրանց տված երդումի դրժումը, ազգային համախմբման վերջին հենարան հանդիսացող հավատքի ու բարոյականության ավիրումը։
✅ Բայց եթե որոշում ենք լինել արժանապատիվ, չմոռանալ տղամարդկությունը, կառուցել մեր ներքին առաքինությունը՝ հիմնվելով ազգային դրական արժեքների վրա և առաջնորդվելով բացառապես ողջամտությամբ ու բանականությամբ, այլ կերպ ասած՝ ձևավորելով ԱՌԱՔԻՆԻ ԱՆՀԱՏԻ հայկական կատարելատիպը (իր Վեհ հոգով, Ազնիվ մտքով, Նվիրական վարքով ու Քաջությամբ), ապա այս տարածաշրջանում անհատական ու ազգային արժանապատվությամբ խաղաղության մեջ ապրելու և մարդկային հարգանքն ու պատիվը մեր զավակներին կտակելու իրավունքը երաշխավորված կլինի։
✅ Հ.Գ. Մնացած ճանապարհի և կառուցակարգերի մասին շուտով՝ նոր գրքի տեսքով… որովհետև սկզբից պետք է սկսենք, ամենասկզբից՝ մարդ-անհատի ձևավորումից։


















































