«Ազատություն». Միացյալ Նահանգների ռազմական ուժերի տեղակայումը Մերձավոր Արևելքում առիթ է տալիս ենթադրությունների, որ զորավարժությունները կարող են քողարկել Իրանին հարվածելու նախապատրաստությունները:
Փորձագետները նշում են, որ ռազմական ուժերի կուտակումը, ինչպես նաև տարածաշրջանում նախատեսված ԱՄՆ ռազմածովային զորավարժությունները մեծացնում են Իրանի վրա ճնշումը և ընդարձակում ռազմական արձագանքի տարբերակները, եթե Վաշինգտոնը որոշի հարձակվել Իրանի վրա:
«Սա կարող է Իրանին հասցեագրված ուղերձ լինել, որ մենք պատրաստ ենք, մեր հնարավորությունները տեղում են», – «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանն ասել է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆարզին Նադիմին։
Նադիմին հավելել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների հավանականությունը «շատ բարձր է»՝ մատնանշելով Պարսից ծոցում ամերիկյան «բացահայտ ագրեսիվ» ռազմական կուտակումները։
Կարդացեք նաև
«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը և երեք ուղեկցող կործանիչ նավերը շարժվում են դեպի Մերձավոր Արևելք՝ տեղափոխելով ավելի քան 5 հազար զինվորական։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ տարածաշրջանում տեղակայվել են F-15E Strike Eagle կործանիչներ։
Զուգահեռ, ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունվարի 25-ին հայտարարել են, որ պատրաստվում են Մերձավոր Արևելքում ռազմական վարժանքներ սկսել՝ «ցույց տալու տարածաշրջանում մարտական օդուժ տեղակայելու, ցրելու և պահպանելու կարողությունը»։
Այս ակտիվությունը հիշեցնում է անցյալ տարվա իրադարձությունները, երբ Վաշինգտոնը ռազմական միջոցներ տեղափոխեց տարածաշրջան, ինչից հետո Իսրայելը, ապա նաև Միացյալ Նահանգները օդային հարվածներ հասցրեցին Իրանի միջուկային օբյեկտներին։
Իրանի զինված ուժերի էլիտար ճյուղը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), արձագանքել է՝ բարձրացնելով տագնապի մակարդակը և կոչ անելով Իրաքում, Լիբանանում և Եմենում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումներին աջակցել Թեհրանին։
Ռիսկեր
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական մի շարք տարբերակներ՝ սկսած շաբաթներ կամ ամիսներ տևող երկարատև օդային արշավից մինչև Իրանի անվտանգության ուժերին թիրախավորող համեստ և հիմնականում խորհրդանշական հարվածներ։ Ըստ որոշ տեղեկությունների, քննարկվել են նաև ոչ ռազմական, այդ թվում՝ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների տարբերակը։
Փորձագետները նշում են, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների ցանկացած ռազմական գործողություն պարունակում է ռիսկեր և կարող է ազդել ամբողջ տարածաշրջանի վրա։ Թեհրանը արդեն սպառնացել է հարվածել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, ինչպես նաև Միացյալ Նահանգների առանցքային դաշնակից Իսրայելին։
Սակայն փորձագետների կարծիքով՝ Իրանը անպաշտպան չի մնա հակամարտության դեպքում։
Թեհրանն ունի թևավոր հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Պարսից ծոցի սահմանափակ ջրերում գտնվող ամերիկյան ռազմանավերին, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հարվածել տարածաշրջանային ռազմաբազաներին։ Իրանը նույնիսկ ակնարկել է այս մասին՝ շաբաթավերջին Թեհրանի գլխավոր հրապարակում մեծ պաստառ տեղադրելով, որի վրա պատկերված է հրթիռների տարափի տակ հայտնված ամերիկյան ավիակիրը։
Քիան Շարիֆի
«Ազատ Եվրոպա/ ռադիոկայանի իրանական ծառայություն՝ «Ռադիո Ֆարդա»
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































