Սպասելի էր, որ Բաքվի ռեժիմը այսպես էր վարվելու Արցախում մնացած մոտ մեկ տասնյակ հայերի հետ։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։
Ըստ նրա՝ արդեն պարզ էր՝ եթե ադրբեջանցիները ոչնչացնում են Արցախի անշունչ հուշարձանները, ինչպե՞ս պետք է վարվեին այնտեղ մնացած հայերի հետ։ «Արցախում ատելությամբ ոչնչացնում են հայկական հուշարձանները, հատկապես այն հուշարձանները, որոնք վերաբերում են ազատամարտին, արցախյան պետականությանը։ Հիմնահատակ ավերում են, հետքը ոչնչացնում են, հայկական տառի, խաչի նկատմամբ են ատելությամբ լցված, այսինքն՝ նպատակաուղղված ոչնչացնում են այն ամեն, ինչը հայ մարդու ինքնությունն է։ Այսօր էլ այդ քաղաքականությունը շարունակվում է՝ Նախիջեւանում արեցին-վերջացրեցին, հետո նույնը արեցին Հյուսիսային Արցախում, հիմա էլ այդ նույնն անում են արդեն Արցախի ամբողջ տարածքում, ցավոք սրտի, միջազգային հանրության անտարբեր հայացքի ներքո»,- նշեց Վահրամ Բալայանը։
Օրերս ՀՀ իշխանությունները հայտնեցին, որ Արցախից Հայաստան են տեղափոխվել 11 անձինք։ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, թե «10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։
Իրականում պարզվեց, որ Արցախում մնացած վերջին հայերը վերջին ամիսներին գերու կարգավիճակ էին ունեցել Արցախում։ Եվ ինչպես պատմել են Հայաստան վերադարձած անձանց հարազատները՝ նրանք Հայաստան տեղափոխվելու դիմում գրելու հնարավորություն չեն էլ ունեցել, միայն Հակարիի կամուրջ հասնելով են հասկացել, որ տեղափոխվում են Հայաստան։
Կարդացեք նաև
Վահրամ Բալայանի խոսքով՝ սա ապացուցում է, որ Ադրբեջանում ոչինչ չի փոխվել․ սկսած իշխանական բարձրագույն համակարգից, մինչեւ ներքին օղակներ հայության նկատմամբ վերաբերմունքը մնում է նույնը, այսինքն՝ ատում են հայերին։ «Եթե ադրբեջանական լրատվամիջոցներին հետեւեք, այնտեղ էլ է պարզ երեւում, թե ինչ քաղաքականություն են վարում հայերի հանդեպ։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների տողատակերում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ու իրենց շահերի հայտարարություններ են, ասում են, որ իրենք են դա մեզ պարտադրել։ Տեղեկություն կար նաեւ, որ Ադրբեջանի նախագահը համակենտրոնացման ճամբար էր պատրաստվում հայերի համար, որպեսզի Արցախի բռնի տեղահանության ժամանակ հազարավոր մարդկանց ձերբակալեին ու համակենտրոնացման ճամբար տեղափոխեին»,- ասաց նա։
Բալայանը նշեց, որ պատմությունը ցույց է տալիս՝ ադրբեջանցիների ու թուրքերի պահվածքում ոչինչ չի փոխվել․ «17-րդ դարի վերջին ու 18-րդ դարի սկզբներին Թուրքիան նորից մտավ Անդրկովկաս ու փորձում էր նվաճել Արցախի տարածքը։ Եվ եթե այն ժամանակվա իրենց զորավարների ու սուլթանների նամակագրությունը համեմատում ենք այսօրվա զարգացումների հետ, հասկանում ենք, որ այս ամբողջ ժամանակահատվածում ոչինչ չի փոխվել։ Դա ինչ-որ մի տեղ օրինաչափ է, որովհետեւ դա ձեւավորված պետական համակարգի մոտեցում է, այսինքն՝ անկախ նրանից, Թուրքիայում սուլթան է իշխում, թե նախագահ ու վարչապետ, քաղաքականությունը չի փոխվում՝ հայության նկատմամբ իրենց թշնամական վերաբերմունքը միշտ էլ պահպանում են։ Ակնհայտ է, որ Թուրքիան ուզում է Ադրբեջանի հետ միասին կապվել թուրանի հետ՝ Հայաստանի միջոցով։ Այսինքն՝ պանթուրքական այդ ծրագրերը արդիական են եղել թե անցյալում, թե այսօր»։
Վահրամ Բալայանի խոսքով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերական խաղաղություն կարելի է ունենալ միայն այն դեպքում, եթե մենք ուժեղ լինենք։ «Մենք ապրել ենք այդ ժամանակաշրջանը, չեմ ասում, թե լիարժեք խաղաղություն է եղել, բայց համենայնդեպս նրանք գիտեին, որ եթե իրենք կրակեն, մենք էլ էինք կրակելու։ Այսինքն՝ այդ բալանսը թույլ էր տալիս, որպեսզի որոշակի կայունություն պահվեր։ Հիմա պարզ է՝ խաղաղության մասին են խոսում, այլ մեթոդներով են նրանք փորձում Անդրկովկասը նվաճել, հասնել Միջին Ասիայի այդ հատվածները։ Այսինքն՝ էության մեջ ոչինչ չի փոխվել»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նկարը ստեղծված է արհեստական բանականությամբ



















































