Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդամ երկրները պետք է հարգեն Կոնվենցիայով սահմանված իրավունքները իրավական գործընթացներում՝ ներառյալ նրանք, որոնք ներառում են քաղաքական ընդդիմությանը և ակտիվիստներին»․ Ալեն Բերսե

Հունվար 27,2026 15:20

«Ուզում եմ հարցնել Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Արդյոք Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցո՞ւմ եք նրանց՝ առանց նախապայմանների ազատ արձակման հարցում՝ որպես Ձեր՝ ադրբեջանական պատվիրակությանը Վեհաժողով վերադարձնելու ջանքերի մի մաս»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին հարցրեց ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Նա հիշեցրեց՝ երեկ հնարավորություն ունեցանք Ձեզ հետ քննարկելու քաղաքական մարտահրավերները, որոնց ՀՀ-ն բախվում է ընտրություններին ընդառաջ․ «Կարևոր է, որ ԵԽ-ն անտարբեր չմնա գոյություն ունեցող մարդու իրավունքների խախտումների և ժողովրդավարական հետընթացի նկատմամբ»։

Ալեն Բերսեն պատասխանեց․ «Ինձ համար դժվար է մեկնաբանություն տալ անհատական իրավական հարցերի մասին անդամ պետությունների հետ կապված։ Բայց ես ուզում եմ այս իրավիճակին հղում կատարելով՝ նշել, որ շատ կարևոր է՝ բոլոր անդամ պետությունները հարգեն իրենց պարտավորությունները ԵԽ-ի առաջ՝ պաշտպանել մարդու իրավունքները և հարգել օրենքի գերակայությունը։ Մենք փորձում ենք պաշտպանել և ամրապնդել Կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դերակատարությունը, մենք պետք է ՄԻԵԴ-ին տանք հնարավորություն որոշում կայացնել»։

Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ այն այնքան արագ ու խորը չի ընթանում, ինչպես ակնկալվում էր․ «Նախորդ ամիսներին ունեցանք դրական սպասումներ խաղաղության գործընթացի հետ կապված, բայց այն չի ընթանում այնքան արագ ու խորը, որքան ակնկալում էինք։ Մենք պետք է ընդունենք, որ իրավիճակը շատ ավելի խճճված է։ Հիշում ենք՝ անցյալ տարի ամռանը ԱՄՆ նախագահի հովանու ներքո խաղաղություն հաստատվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, բայց հիմա մենք տեսնում ենք, որ կան դժվարություններ»։

Անդրադառնալով ՀՀ-ում քաղաքական իրավիճակի հետ կապված՝ Արմեն Գևորգյանի բարձրացրած հարցին՝ Ալեն Բերսեն ասաց․ «Ձեր հարցի սկզբում Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ նշեցիք։ Չեմ ուզում մտնել դրա մեջ այժմ և հստակ պատասխան տալ։ Ուղղակի ուզում եմ վկայակոչել, որ բոլոր անդամ երկրները պետք է հարգեն Կոնվենցիայով սահմանված իրավունքները, օրենքի գերակայությունը բոլոր ընթացող իրավական գործընթացներում՝ ներառյալ ակնհայտորեն նրանք, որոնք ներառում են քաղաքական ընդդիմությանը և ակտիվիստներին»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031