Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ն արձանագրել է «քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների» փաստը, ՀՀ-ն պետք է հետևողական լինի անհատական պատժամիջոցների կիրառման հարցում»

Հունվար 27,2026 16:44

Արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ընդունված բանաձեւին, որով վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ «դադարեցնել հակադարձ հետապնդումները և անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ կալանավորներին»։

Ռաֆայել Մարտիրոսյան

Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով՝ ԵԽԽՎ բանաձևի ընդունումը կարևոր քաղաքական ազդակ է, սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից մեր հետագա քայլերը պետք է լինեն հետևյալ ուղղություններով։

Ժնևյան 3-րդ կոնվենցիայի անվերապահ կիրառում, ըստ որի՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո բոլոր ռազմագերիները և պահվող անձինք պետք է ազատ արձակվեն և հայրենադարձվեն։ «Ադրբեջանի կողմից նրանց որպես «քրեական հանցագործներ» ներկայացնելը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Մենք պետք է շարունակենք պնդել, որ 23 հայ կալանավորների կարգավիճակը պաշտպանված է միջազգային իրավունքով։ Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ և պարտավոր է կատարել ՄԻԵԿ պահանջները։ Անհրաժեշտ է միջազգային հարթակներում շեշտել, որ ցանկացած «քաղաքական դրդապատճառներով հետապնդում» խախտում է Կոնվենցիայի 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) հոդվածները։ Քանի որ ԵԽԽՎ-ն իր բանաձևում արդեն իսկ արձանագրել է «քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների» փաստը, Հայաստանը պետք է հետևողական լինի, որպեսզի այս ձևակերպումը հիմք դառնա Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների հետագա սահմանափակման կամ անհատական պատժամիջոցների (Մագնիտսկու ցուցակի նմանությամբ) կիրառման համար։ Մեր գլխավոր անելիքն է ԵԽԽՎ այս քաղաքական հայտարարությունը վերածել իրավական պարտադրանքի»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ սա ոչ թե երկկողմ վեճ է, այլ համաշխարհային իրավակարգի և մարդու արժանապատվության պաշտպանության հարց։ Մենք պետք է օգտագործենք այս բանաձևը՝ որպես լրացուցիչ լծակ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթացող գործընթացներում։

Ըստ Մարտիրոսյանի՝ երբ խոսում ենք 23 կալանավորների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, պետք է հստակ արձանագրենք երեք իրավական հիմնասյուն։

Նախ և առաջ ինքնորոշման իրավունքի իրացման լեգիտիմություն Միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի ղեկավարները ներկայացրել են մի ժողովուրդ, որն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի։ Նրանք ընտրվել են ժողովրդավարական ընթացակարգերով։ Հետևաբար, նրանց գործունեությունը չի կարող որակվել որպես «ահաբեկչություն» կամ «ծայրահեղականություն»։ Դա քաղաքական պայքար էր՝ հանուն էկզիստենցիալ անվտանգության։

Երկրորդ՝ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանություն Անկախ քաղաքական կարգավիճակից, զինված հակամարտության ժամանակ և դրանից հետո բոլոր անձինք, ովքեր հայտնվել են հակառակորդի ձեռքում, օգտվում են «նվազագույն երաշխիքների» իրավունքից՝ Ժնևյան կոնվենցիաների ընդհանուր 3-րդ հոդված։ Նրանց նկատմամբ կիրառվող ցանկացած դատավարություն, որը չի ապահովում անկախ և անկողմնակալ դատարանի սկզբունքը, համարվում է պատերազմական հանցագործություն։ Ադրբեջանի դատական համակարգը, ըստ միջազգային զեկույցների, չի կարող ապահովել նման արդարադատություն։

Երրորդ՝ պատանդառության արգելքը․ Միջազգային իրավունքն արգելում է անձանց պահել որպես «սակարկության առարկա» քաղաքական նպատակներով։ Բաքվի կողմից նրանց կալանքի տակ պահելը և դա որպես ճնշման միջոց օգտագործելը Հայաստանի դեմ, միջազգային իրավունքի տերմինաբանությամբ որակվում է որպես պատանդառություն։ Ադրբեջանը փորձում է դատել ոչ թե անհատներին, այլ Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Միջազգային հանրությունը, ԵԽԽՎ այս բանաձևով սկսում է գիտակցել, որ այս անձանց ազատ արձակումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությունը։

«Այս փաստարկներին տեղյակ է ՀՀ իշխանությունը, որն ըստ էության չի գործածում դիվանագիտական հարաբերություններում։ Միջազգային իրավունքում գոյություն ունի մի սկզբունք՝ եթե պետությունը երկար ժամանակ չի բողոքարկում իր իրավունքների խախտումը կամ լռում է, երբ օտարն իրենից ուժով խլում է այդ իրավունքը, ապա միջազգային հանրությունը դա կարող է դիտարկել որպես «լռելյայն համաձայնություն»։ Եթե ՀՀ իշխանությունները հետևողականորեն չեն բարձրաձայնում Արցախի ժողովրդի վերադարձի և 23 կալանավորների իրավունքների մասին, ապա աշխարհի համար ստեղծվում է պատկեր, թե հարցն այլևս օրակարգային չէ»,- ասաց Ռաֆայել Մարտիրոսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031