Այս տարվա հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության մշակութային հայեցակարգ–2040»-ը, որտեղ Արցախը ներկայացվում է որպես «ազատագրված տարածք», որի «մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի եւ վերականգնվի»։ Aravot.am-ի հարցին՝ իր կարծիքով ի՞նչ է ենթադրում «ազատագրված տարածք» Արցախի մշակութային ժառանգության «պահպանումն ու վերականգնումը»՝ Ադրբեջանի տրամաբանությամբ, նկատի ունենալով այն, ինչ տեղի է ունեցել եւ ունենում Արցախում, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն այսպես արձագանքեց. «Նախ հստակորեն պետք է արձանագրել, որ «ազատագրված տարածք» հասկացություն գոյություն չունի, դա ադրբեջանական մտացածին եզրույթ է, նրանք ոչ թե ազատագրել, այլ բռնազավթել են ամբողջ Արցախի տարածքը:
Ընդ որում, բռնազավթումը պետք է դիտարկենք 2 փուլով. մեկը վերաբերվում է 2020թ բռնազավթված տարածքներին, սեպտեմբերի 27-նոյեմբեր ժամանակահատվածի ու դրան հաջորդած գործընթացներին, մյուսը 2023թ արդեն Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթումն է: Ադրբեջանի իշխանությունները հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականության գործիքակազմն անընդհատ փոփոխում են եւ նոր գործիքակազմեր են մշակում:
Մենք մասնագետներով տարիներ շարունակ ահազանգում ենք, որ Արցախում հայկական եւ ոչ միայն հայկական քրիստոնեական, այլեւ ընդհանրապես Արցախում գտնվող քաղաքակրթական արժեքները յուրացվում եւ ոչնչացվում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից՝ ի դեմս Իլհամ Ալիեւի, եւ այս փաստաթուղթն էլ դրա հերթական վկայությունն է»:
Հովիկ Ավանեսովը նշում է. «Դեռեւս 2020թ պատերազմից հետո, երբ Ադրբեջանի նախագահը ապօրինի այցով գտնվում էր Հադրութի շրջանի Ծակուռի բնակավայրում, նա հենց գյուղի եկեղեցու բակից հրահանգեց մաքրել հայկական արձանագրությունները բոլոր եկեղեցիներից եւ խաչքարերից: Այդ եւ այլ նույնաբովանդակ հայտարարությունները եւս հիմք հանդիսացան նման «փաստաթղթի» համար: Թե ինչ է ներկայացնում իրենից վերականգնողական աշխատանք ասվածը ադրբեջանական քաղաքականության տեսանկյունից, բազմիցս ականատես ենք եղել: Իբր վերականգնվեց Շուշիի Ամենափրկիչ եկեղեցին, բայց իրականում ամբողջ հայկական դիմագիծը ոչնչացվեց, նախնական շրջանում «վերականգնողական» աշխատանք սկսեցին իրականացնել մեկ այլ եկեղեցու՝ Հովհաննես Մկրտչի տարածքում, որն առավել հայտնի է Կանաչ ժամ անվամբ, բայց ի՞նչ եղավ այդ եկեղեցու հետ՝ այն ի վերջո հիմնահատակ ավերեցին: Նույնը եղավ Բերձորի եկեղեցու պարագայում, որը ոչնչացրին եւ եկեղեցու հարակից հատվածում, որտեղ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի պուրակն էր, մզկիթ կառուցեցին: Այնպես որ, սա փաստաթղթավորումն է այն քաղաքականության, ինչ Ադրբեջանն իրականացնում է Արցախի հայկական հուշարձանների նկատմամբ:
Կարդացեք նաև
«Վերականգնվող» հուշարձանների զգալի մասը կկորցնի իր դիմագիծը՝ պատմաճարտարապետական հայկական ինքնությունը, կձեւախեղվի ամբողջականությունը, որոշ եկեղեցիներ հիմնովին կքանդվեն, ինչպես եղավ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտչի, Բերձորի եւ այլ եկեղեցիների պարագայում, ցավոք սրտի ցանկը բավականին երկար է, մյուս եկեղեցիները կհայտարարվեն աղվանական, որն էլ չտեղավորվի աղվանականի ծիրի մեջ, կհայտարարվի որպես ուղղափառ եկեղեցի…
Այն ամենը, ինչը մեզ համար քաղաքակրթական, մշակութային արժեք ուներ, նաեւ հաղթանակի խորհրդանիշ էր համարվում, կապ չունի հուշարձան էր, հուշահամալիր, խաչքար, եկեղեցի թե մատուռ, ինչպես ոչնչացվել է, շարունակելու է ոչնչացվել: Ընդ որում, այդ քաղաքականության արդյունքում ոչնչացվում է ոչ միայն քրիստոնեական ժառանգությունը, այլ Արցախում գտնվող ամբողջ համամարդկային ժառանգությունը: Մենք բազմաթիվ դեպքեր ունենք Արցախում գտնվող նախաքրիստոնեական շրջանի ժառանգության յուրացման, տեղափոխման: Իրենք այս փաստաթղթով իբր փորձում են աշխարհին ցույց տալ, որ մշակութային ժառանգություն պահպանող երկիր են (վերջերս էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2 տարբեր հանձնաժողովների են միացել), իրականում նպատակը ոչնչացնելն է»:
Մեր զրուցակիցը փաստում է. «Պատահական չեն ամռանը Արցախի տարածքում բռնկված հրդեհները եւ այդ հրդեհների երկրորդ փուլը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Քաշաթաղ-Քարվաճառի շրջանում: Իրենք այդ հրդեհներով փորձում էին վանդալիզմի հետքերը մաքրել: Մենք պետք է բարձրաձայնենք աշխարհին, որ Ադրբեջանը ոչ մի աղերս չունի քաղաքակրթության հետ: Նախ` այդ հուշարձանների զգալի մասը, որ իբր վերականգնում են, վնասվել է պատերազմների ընթացքում՝ դիտավորյալ թիրախավորմամբ. Շուշիի Ամենափրկիչը 2 անգամ գերճշգրիտ զինատեսակով 2020թ հոկտեմբերին, մի քանի անգամ թիրախավորվել է նաեւ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եւ այլ բնակավայրերում գտնվող հուշահամալիրներ: Ադրբեջանական ստորաբաժանումները օկուպացիոն թիրախ էին դարձրել նաեւ Շուշիի մզկիթները, որ Իրանի նախագահի այցերի ընթացքում ցույց էին տալիս, թե իբր վերականգնել են:
Այդ մզկիթները թիրախավորվել էին 2020թ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերին եւ նոյեմբերի սկզբին: Եվ մի շատ կարեւոր հանգամանք էլ, եթե խոսենք նույն Շուշիի մզկիթների վերականգնողական աշխատանքների մասին, ապա նշենք, որ Ադրբեջանի կառավարության մեդիաշոուները դրա հետ աղերսներ չունեն, հատկապես որ Շուշիի Վերին թաղի Գոհար աղայի մզկիթը վերականգնվել է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, հիմնադրամի միջոցներով, որը որոշակի առումով համակարգում էր Ռուբեն Վարդանյանը:
Ի դեպ, «վերականգնողական» աշխատանքները Ադրբեջանի իշխանություններն Արցախում իրականացնում են խախտելով հուշարձանների վերականգնման մասին համընդհանուր հռչակագրերն ու գիտական կոնցեպցիաները, մինչդեռ Արցախի իշխանությունները, որպեսզի այդ մզկիթի վերականգնողական աշխատանքները համապատասխանեն միջազգային գիտական չափանիշներին, այսպիսի կոնցեպտ էին ընտրել՝ հետազոտող խումբ կար, որը մզկիթի տարածքում հետազոտական աշխատանք էր իրականացրել, երկրորդ փուլում, որն ամենակարեւորներից էր, աշխատանքը իրականացվել էր Իրանից հրավիրված ոլորտի առաջատար մասնագետների ներգրավմամբ: Եթե Արցախի պարագայում վերականգնումն արվել է իրանցի մասնագետների վերահսկողությամբ, ադրբեջանցիներն ուղղակի աղավաղել են այդ կոնցեպցիան եւ բոլոր «վերականգնողական» աշխատանքներում նպատակը տարածաշրջանի քաղաքակրթական հետքը վերացնելն է»:
Հովիկ Ավանեսովի ձեւակերպմամբ. «Թեեւ Ադրբեջանի բռնազավթել է Արցախի տարածքը, իրենց պետական քարոզչամեքենան այն ներկայացնում է ադրբեջանական, միեւնույն է ի հայտ են գալիս հակակշռող հանգամանքներ՝ հազարավոր եկեղեցիներ, խաչքարեր, ամեն քայլափոխի՝ հայագիր արձանագրություններ, որոնք փաստում են տարածքի՝ հայկական լինելու մասին: Ադրբեջանական կոնցեպտի մեջ նաեւ հայկական պատմական գերեզմանոցների, հայկական թաղամասերի ոչնչացումն է, պատահական չէ, որ առաջին թիրախներից մեկը պատմական գերեզմանոցները դարձան՝ Շուշիի, Սղնախ գյուղի եւ այլ բնակավայրերի:
Պատմական գերեզմանոցները ոչ միայն ցույց են տալիս, թե ով է հուղարկավորված այդտեղ, այլեւ դրանք տվյալ բնակավայրի պատմության բաղադրիչ են, վկաները: Օրինակ՝ Շուշիի պատմական գերեզմանոցների տապանաքարերը հետաքրքիր սկզբունք ունեին, բացի նրանից, որ ներկայացված էր, թե ով է հուղարկավորված եւ որ թվականին, բոլոր տապանաքարերի հետնամասերում կային քանդակներ, որոնք պատկերում էին, թե տվյալ անձը ինչ արվեստի կամ արհեստի ներկայացուցիչ է: Մենք սա պետք է դիտարկենք ոչ թե գերեզմանոցի կամ տապանաքարի ոչնչացում, այլ մի ամբողջ մշակութային կոդի ոչնչացում:
Պետք է ցույց տանք, որ այդ փաստաթղթով եւս մեկ անգամ Ադրբեջանի ղեկավարությունը ի ցույց է դնում այն, որ Արցախում կատարված վանդալիզմի բոլոր դեպքերը՝ լինի յուրացում, ոչնչացում, թե պղծում, պետական մակարդակով է իրականացվում: Այն ապօրինի բնակեցման քաղաքականությունը, որ Ադրբեջանն իրականացնում է վանդալիզմի դեպքերին զուգահեռ, եւս այդ կոնցեպտի բաղադրիչ է: Հավանաբար, հակահայկական քաղաքականության գործիք դարձած ուդիներին էլ կներգրավեն այս գործընթացներում, եւ չի բացառվում, որ որոշ հայկական եկեղեցիներ նրանց փոխանցեն: Իրականում այդ ապօրինի բնակիչները մեծ սպառնալիք են Արցախի մշակութային ժառանգության համար: Այս ահազանգը պետք է հնչեցնենք, եւ նշենք, որ Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգությունը համամարդկային նշանակություն ունի, Ադրբեջանի ղեկավարությունը ոչնչացնում է ոչ թե զուտ հայկական մշակութային արժեք, հարվածում հայկական ինքնությանը, այլեւ ոչնչացնում, պղծում եւ ձեւախեղում է համամարդկային նշանակություն ունեցող քաղաքակրթական արժեքներ:
Այդպիսով ոչ միայն հայ ժողովուրդն է զրկվում բացառիկ հուշարձաններից, այլ համաշխարհային քաղաքակրթությունը, որովհետեւ ամեն մի հուշարձան իր հատուկ դիմագծով ձեւավորում է քաղաքակրթական փազլ ասվածը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































