«Հայերի էթնիկ զտումները նշանավորեցին այն պահը, երբ միջազգային արդարադատությունը դադարեց լինել պաշտպանության մեխանիզմ և դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև։ Մենք տեսանք, թե ինչպես մի ամբողջ ժողովրդի իրավունքների ոչնչացումը արդարացվեց «դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների» լեզվով։ Ինչպես պատասխանատվությունը փոխարինվեց հետևանքների կառավարմամբ։ Ինչպես իրավունքի լեզուն փոխարինվեց աշխարհաքաղաքական ռեալիզմի լեզվով»,– նշվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթում, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում՝ «Միջազգային արդարադատության մարտահրավերները» քննարկման բաժնում։
Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Եվրոպայում ստեղծված միջազգային արդարադատության համակարգը նախատեսված էր այն պետությունների համար, որոնք ընդհանուր առմամբ ճանաչում էին օրենքի գերակայությունը և իշխանության սահմանափակումները և պատրաստ էին առաջնորդվել դրանով։
Այդ համակարգն այլևս չի համապատասխանում այն քաղաքական իրականությանը, որը նախատեսված է կարգավորելու համար։
Կարդացեք նաև
Խորհրդային Միության փլուզումից հետո ի հայտ եկավ մի նոր, հսկայական քաղաքական տարածք, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները բարեփոխման կարիք չունեին․ դրանք պետք է նոր ծնվեին։ Սակայն համակարգը վերակառուցելու փոխարեն Եվրոպան պարզապես հին ինստիտուտները տարածեց նոր իրողությունների վրա։
Հենց այդ պահից միջազգային արդարադատություն մտան նոր կատեգորիաներ՝ փոխզիջում, աշխարհաքաղաքական նպատակահարմարություն և շահերի հավասարակշռություն։ Քաղաքականությունն սկսեց սահմանափակել իրավունքը, մինչդեռ իրավունքը ստեղծվել էր քաղաքականությունը սահմանափակելու համար։ Արդյունքում վերջին տասնամյակներում հասուն ժողովրդավարությունների թիվը նվազում է։ Սա ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմները դադարել են կատարել իրենց զսպման գործառույթը։
Այսօր միջազգային արդարադատությունն ավելի ու ավելի շատ աղետներ է արձանագրում, բայց անկարող է կանխել դրանք։ Անհատներին պետությունից պաշտպանելու համար ստեղծված համակարգը սպառնում է դառնալ այնպիսի համակարգ, որը պետություններին պաշտպանում է պատասխանատվությունից։ Սա հենց այն իրավիճակն է, որից մենք ցանկանում էինք խուսափել, երբ այս դահլիճում բարձրացնում էինք Արցախում հայերի էթնիկ զտումների հարցը։
Հայերի էթնիկ զտումները նշանավորեցին այն պահը, երբ միջազգային արդարադատությունը դադարեց լինել պաշտպանության մեխանիզմ և դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև։ Մենք տեսանք, թե ինչպես մի ամբողջ ժողովրդի իրավունքների ոչնչացումը արդարացվեց «դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների» լեզվով։ Ինչպես պատասխանատվությունը փոխարինվեց հետևանքների կառավարմամբ։ Ինչպես իրավունքի լեզուն փոխարինվեց աշխարհաքաղաքական ռեալիզմի լեզվով։
Հարգելի՛ գործընկերներ,
Արցախը բացահայտեց ոչ միայն մեկ ժողովրդի ողբերգությունը։ Այն ցույց տվեց, թե ինչի է վերածվել միջազգային արդարադատության համակարգը։ Եվրոպան, ընդունելով ուժով ձևավորված իրականությունը, ստեղծել է վտանգավոր նախադեպ․ երբ իրավիճակը փակուղի է մտնում, օրենքը դադարում է վերականգնել արդարությունը, այն սկսում է ծառայել հետևանքներին։
Նման նախադեպերը չեն մնում զուտ որպես լոկալ։ Դրանք ուրվագծում են ապագա ճգնաժամերի պատկերը։ Որտեղ օրենքը դադարում է վերականգնել արդարությունը, ապագան ձևավորվում է ոչ թե նորմերով, այլ հնարավորություններով։ Սա միայն հայ ժողովրդի մասին չէ։ Խոսքը Եվրոպայի ապագայի մասին է՝ ներառյալ ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանները, ինչպիսին Գրենլանդիան է։
Այսօրվա քննարկումն անցյալի մասին չէ։ Այն վերաբերում է կանոններին, որոնցով կապրի Եվրոպան։ Մենք պետք է հիշենք․ միջազգային արդարադատությունը տուժում է, երբ այն խախտվում է։ Բայց այն մահանում է, երբ խախտումների հետևանքները ընդունվում են որպես քաղաքական իրականություն»։


















































