Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաներում հայտարարեք ու փակեք այս թեման։ Հատկապես, որ խիստ սահմանափակ թվով մարդիկ են մնացել». Վարդան Հարությունյանը՝ Հայկ Սարգսյանին

Հունվար 27,2026 22:40

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.

«ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին։

Հարգելի Հայկ, մամուլից տեղեկացա, որ դու զինվորական ծառայությունից խուսափածների վերաբերյալ օրենսդրական հերթական նախաձեռնությամբ ես հանդես գալիս։ Նախաձեռնության նրբությունների մեջ խորանալ չեմ ցանկանում։ Մինչեւ ՔՊ իշխանության գալն էլ այս խնդիրը օրենսդրական կարգավորում ուներ, որից հազարավոր քաղաքացիներ են օգտվել։ ՔՊ իշխանության գալուց հետո դու նոր նախաձեռնություն բերեցիր։ Չգիտեմ, թե քանի մարդ է օգտվել ՔՊ ժամանակների կարգավորումից, բայց վերջին օրերի քո ելույթներից տեղեկացա, որ այժմ հետախուզման մեջ գտնվող մոտ 1200 հայրենակից ունենք։ Հիմա հարց՝ արժի՞ արդյոք 1200 մարդու համար նոր օրենք մշակել ու ընդունել։ Որքանո՞վ է դա արդարացված։

Հայաստանն այսօր բոլորովին նոր իրավիճակում է։ Եղել է պատերազմ, եղել է ծանր պարտություն, այսօր, ըստ կառավարության բարձրագոչ հայտարարությունների, խաղաղության շրջան է։ Մի կողմ թողնենք հանգամանքը, որ կառավարությունը չգիտի, թե ինչ է պարտադրված խաղաղությունը եւ ինչ է իրական խաղաղությունը։ Եթե հասկանար՝ պատերազմ չէր լինի։ Սա, բայց, այլ հարց է։

Առաջարկում եմ, որ քո պատգամավորության էս քանի ամիսն ավելի արդյունավետ օգտագործես, եթե, իհարկե, ցանկանաս կամ կարողանաս։

Դու փորձում ես զինծառայությունից խուսափածներից փրկագին գանձել։ Քեզ դա արդար է թվում։ Մեկը ծառայել կյանքն է վտանգել կամ զոհել, իսկ մյուսն այն գնում է։ Որքանո՞վ են սրանք համադրելի։ Ժամանակ առաջ սա գուցե արդարության պատրանք ստեղծեր, բայց այսօր պատգամավորների, կառավարության անդամների ու վարչապետի ստացած պարգեւավճարի ֆոնին ուղղակի զավեշտ է։

Չեմ էլ ցանկանում հիշատակել, որ ձեր կառավարության անդամների ու պատգամավորների մի հսկայական հատված, տարբեր պատրվակներով, բանակում չի ծառայել։ Քո այսօրվա թիմակիցներն իրեց չծառայելը կազմակերպելու հնարավորություններ ունեցել են, իսկ Հայաստանից հեռացածները՝ ոչ։ Հնարավորությունների հարց է։ Սա է տարբերությունը։ Այսօր արդեն բանակից ձեր խուսափածները հսկայական պարգեւներ են ստանում, իսկ էս մյուս խուսափածները պետք է փրկագին վճարեն։
Քեզ սա գուցե չանհանգստացնի, քեզ մոտ այս հարցը գուցե չծագի, այլոց մոտ, բայց, ծագում է։
Իսկ մտածե՞լ ես՝ էդ որքան պետք է վաստակած լինի Ռուսաստանի խորքերում (իսկ մերոնց մեծ մասը հենց Ռուսաստանում են) ապրած զինակոչիկը, որ իր հայրենիքում ապրելու իրավունքը, ընդ որում, քո նշած սանդղակով, գնի։

Քանի պատգամավոր ես, եթե ներում են, իհարկե, քո հնարավորություններն, ապա ջանք թափիր, որ զինակոչից խուսափած ԲՈԼՈՐՆ անխտիր համաներվեն։ Համաներում հայտարարեք ու փակեք այս թեման։ Հատկապես, որ խիստ սահմանափակ թվով մարդիկ են մնացել։ Քեզանից սա է մնալու։
Հակառակ դեպքում մեր այդ հայրենակիցները վերադառնալու հնարավորությունից կզրկվեն, ու օտար երկրի անարդար պատերազմի զոհը կդառնան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031