Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված անձը ՔՊ-ի ներսում բավականին ազդեցիկ դեր կարող է ունենալ, եթե վերադառնա. Մեսրոպ Առաքելյան

Հունվար 27,2026 22:50

– Ինչքան էլ ՀՀ իշխանությունները ներկայացնում են, որ այդ մարդիկ են խնդրել, որ տեղափոխվեն Հայաստան, հակված եմ այն մտքին, որ ադրբեջանցիներն այդ մարդկանց իրենց հայրենիքից արտաքսել են և ՀՀ իշխանությունների հետ կազմակերպել նրանց ՀՀ տեղափոխվելը,– Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն՝ անդրադառնալով Արցախից ՀՀ տեղափոխված վերջին 11 հայերին:

Նրա խոսքով՝ Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանումից հետո այդ մի քանի հայերի առկայությունը միշտ եղել է մտահոգիչ, քանի որ ակնհայտ էր՝ նրանք խնդիր են ունեցել, որի պատճառով մեր մյուս հայրենակիցների հետ չեն եկել ՀՀ։

Անդրադառնալով տեղեկությանը, որ 11 հայերի հետ ՀՀ տեղափոխվող՝ Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում ցուցմունք տված Միշա Գրիգորյանին ճանապարհի կեսից վերադարձրել են Արցախ, քանի որ նա շատ է խնդրել, որ իրեն ՀՀ չտեղափոխեն՝ նշելով, թե այնտեղ իրեն կսպանեն, պարոն Առաքելյանն այսպես արձագանքեց.

«Զերծ կմնամ որևէ անձի որևէ վարքագծի վերաբերյալ մեկնաբանությունից։ Նրանք բոլորը հայ են՝ անկախ նրանից, թե ինչ վարքագծի հետևանքով էին որոշել մնալ և հիմա ինչ վարքագիծ են դրսևորում։ Ակնհայտ է, որ այդ անձինք իրենց առողջական խնդիրներով արդեն բեռ էին դարձել ադրբեջանցիների համար։ Եթե սկզբում քարոզչական նկատառումներով ադրբեջանցիները նրանց օգտագործում էին՝ արցախցիների բռնի տեղահանմանը հակադրելու համար, ցույց տալով, որ ինչ-որ հայեր որոշել են մնալ և, հետևաբար, բոլորը կարող էին մնալ, ապա հիմա այդ քարոզչական օրակարգն այլևս չկա, և Արցախում մնացած հայերը նրանց համար պարզապես բեռ էին դարձել։

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված մարդուն՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող հայի վարքագծին որևէ գնահատական տալը տրամաբանական չէ։ Փաստացի այդ մարդն էլ է գերի եղել․ մի գերին մյուս գերու դեմ ցուցմունք է տվել, և դա կարևորել կամ մեղադրել չի կարելի։ Ինչ վերաբերում է այն վախերին, թե Հայաստանում իրեն կարող էին սպանել գերիների դեմ ցուցմունք տալու համար, այդ տեսանկյունից այդ մարդուն պետք է հիասթափեցնեմ։

Ցավոք, այն վարքագիծը, որ այդ մարդը որդեգրել է՝ գտնվելով ադրբեջանցիների ճնշման և վերահսկողության ներքո, ՀՀ իշխանության ու քարոզիչների մեծ մասը շատ ավելի վատ վարքագիծ է դրսևորում Բաքվի բանտում գտնվող գերիների նկատմամբ, քան այդ մարդն է արել։ Եթե այդ մարդը վերադառնա Հայաստան, առնվազն իշխող կուսակցության ներսում բավականին ազդեցիկ դեր կարող է ունենալ, այնպես որ վախենալու խնդիր չի ունենա»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031