-Տգիտությունը մարդուն մեղքից չի ազատում: Որ մարմարյա տապանաքարը Ալեքսանդր 1-ին Ջուղայեցունն է, կարող է չիմանար, բայց որ դա տապանաքար է, դա ուղղակի մարդը կտեսնի, եթե հարբած չէ, սթափ վիճակում է, – Aravot.am-ին ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ արձագանքելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի օգնական Վրեժ Դուրգարյանի արդարացումներին, թե 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում բողոքի ցույցի ժամանակ չի իմացել, որ շիրիմների վրա է բարձրացել:
Տեր Վրթանեսը պնդեց, որ Դուրգարյանը սթափ վիճակում չի եղել և երեք անգամ քաղաքավարի ներքևից խնդրել է, որ ցած իջնի. «Ինքը այդ խմած ամբոխին ուղեկցողներից էր, ինքը սթափ չէր, որ խոսք հասկանար»:
«Ես չեմ իմացել, հետևաբար մեղք չեմ գործել, իսկ ով գիտեր ու բարձրացել է, նա Աստծո պատիժը նույն պահին ստացավ, նրան ստենդ տեղադրեցին, ոչ թե ինձ»,– լրագրողների հետ զրույցում ասել էր Վրեժ Դուրգարյանը՝ նկատի ունենալով Տեր Վրթանեսին, որը սրտամկանի ինֆարկտ էր ստացել տաճարի վրա հարձակման ժամանակ։
-Ես ինֆարկտ ստացել էի մինչև դա, երբ առաջին անգամ Մայր տաճարի դռանը քացով ու ձեռքով խփում էին, այդ ժամանակ բարկությունից արդեն ինֆարկտ էի ստացել: Փառք Աստծո, որ ստացել էի, որովհետև ինֆարկտից հետո էլ հիմա ինձ շատ լավ եմ զգում: Եթե ես ֆիզիկական վնաս եմ կրել, ինքը բարոյական վնաս է կրել՝ որպես հակաեկեղեցական, հերձվածող, Փաշազադեի ու Իլհամ Ալիևի պատվերը կատարող: Ինքը որևէ ձևով արժանապատվություն չունի, իր տգիտությունն իրեն երբեք չի արդարացնում: Կարող է նույնիսկ չգիտեր էլ, որ ամենայն հայոց կաթողիկոսը ամենայն հայոց կաթողիկոս է, ինքը նաև այնքան տգետ է, որ չգիտեր, որ դա մայր տաճարն է ու այդտեղ խմած պիտի չլինեին: Ինքը նաև այնքան տգետ է, որ չգիտեր, որ գործի ժամին օպերայի աշխատողներին չի կարելի հավաքել, տանել մայր տաճարի ու վեհարանի դեմ… բարոյականությունից, ազնվությունից, մարդկային արժանապատվությունից հեռու խուլիգան է, որը վերադասին հաճոյանալու համար ամեն խուլիգանության պատրաստ է՝ հակառակ իր հասուն տարիքի: Այդ տարիքին տգետ լինելն ամոթ է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































