Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ վարչապետը կարեւորել է կառավարության եւ ՍԴՀԿ-ի միջեւ ձեւավորված կառուցողական համագործակցությունը։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ՎՍԴՀԿ նախկին ատենապետ, ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ:
– Օրինակ, եթե Դուք լինեիք կուսակցության շարքերում, կհամագործակցեի՞ք Փաշինյանի հետ:
– Փաշինյանն իմ գործընկերն է եղել, ես նրան շատ հարգանքով եմ վերաբերվել, չգիտեմ՝ այժմ չեզո՞ք կլինեի, թե՞ նրա կողքին, սակայն հաստատ նախկին իշխանությունների կողմը չէի գնա, դա միանշանակ է: Ես վաղուց էի տեսնում, որ Հնչակյան կուսակցությունն իշխանությունների կողմն է անցել, եւ դա շատ նորմալ եմ համարում:
– Ադրբեջանից բենզին են բերում, ցորեն, օրը մի քանի անգամ հայասպան Ալիեւին շնորհակալություն են հայտնում, ցեղասպանությունը կասկածի տակ են դնում… Եկեղեցին են քանդում: Անգամ թուրք ժողովրդի կողմից այդքան մերժված ու ատելի Էրդողանին են երկրպագում: Այս ամենը նորմա՞լ եք համարում: Նման ուժը կարո՞ղ է լինել անկախ:
Կարդացեք նաև
– Դա խաղաղության պրոցեսի մի մաս է, այլընտրանքային վառելիք ձեռք բերելու համար են այդպես վարվում: Ինչ է` հավերժ պատերա՞զմ պիտի լիներ, որ լավ լիներ: Եթե հարաբերությունները կարգավորում են այդ պետությունների հետ, չի նշանակում, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ են, դա նշանակում է, որ ցանկանում են խաղաղության գործընթաց սկսել, համագործակցել հարեւանների հետ, ինչը շատ ավելի անվտանգ է այսօր, քան Ռուսաստանի հետ լինելը: Մեր կուսակցությունն առաջ հստակ ռուսամետ ուժ է եղել, սակայն այսօր դեպի ՌԴ ուղին փաստերով համարում ենք խիստ սխալ:
– Ի՞նչ փաստեր ունեք, օրինակ, որը ռուսամետությունն ավելի վտանգավոր է դարձնում, քան թրքամետությունը:
– Շատ փաստեր: Պատերազմի ժամանակ նրանց գործողությունների բացակայությունը միայն հերիք է, անգամ դիվանագիտական ասպեկտում ոչինչ չարեցին, չաջակցեցին: Անգամ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումը ՌԴ-ն համարեց, որ սուտ է, նման բան չկա:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































