«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Բանակի օրը՝ սիրո, պատասխանատվության և սթափության օր:
Հայաստանի բանակը, թերևս, վերջին մի քանի տասնամյակների հետ համեմատած այսօր առավել քան երբևէ մեր ուշադրության և սիրո կարիքն ունի։ Ոչ միայն ուժեղանալու, այլ նաև վերականգնվելու համար՝ հատկապես հոգեբանորեն։
Վերջին տարիները մեր բանակի համար չափազանց ծանր էին։ Բայց այդ փորձությունը նաև մի կարևոր բան ցույց տվեց՝ բանակը չի կարող գոյատևել միայն իներցիայով։ Այն պահանջում է մշտական վերանայում, արդիականացում և քաղաքական կամք։
Վերջին հինգ տարիների դրական փոփոխություններից ամենակարևորը սեփական ռազմարդյունաբերության զարգացումն է։ Տասնամյակներով մենք կախված էինք արտաքին մի աղբյուրի մատակարարներից, և այդ կախվածությունը ներկայացվում էր որպես բնական։ Սակայն ճգնաժամը պարզ ցույց տվեց՝ ռազմական ոլորտում կախվածությունը մի կենտրոնից վտանգ է։ Հնարավորինս մեծ չափով բանակի պահանջները պետք է փակվեն ներքին ռեսուրսներով, իսկ արտաքին մատակարարումները՝ դիվերսիֆիկացվեն։
Կարդացեք նաև
Ռազմարդյունաբերությունը կարող է և պետք է դառնա երկրի տնտեսության լուրջ բաղադրիչ և այստեղ մենք համարձակ նպատակներ պետք է դնենք, օրինակ՝ ռազմարդյունաբերությունը հասցնել ՀՆԱ-ի 10%-ի չափ։
Միևնույն ժամանակ կան խնդիրներ, որոնց մասին նույնպես պետք է դիսկուրս բացել, որ չկրկնվի մինչպատերազմական դեգրադացնող վիճակը՝ «բանակի մասին կամ լավը կամ ոչինչ»։
Առաջին՝ բանակի թվաքանակի կրճատումը մոտ 20%-ով կամ ծառայության ժամկետի նվազեցումը։ Սա կարծում եմ վերջին երեսուն տարիների ամենամեծ բացասական քայլերից էր, որն ունեցավ մեր բանակը։
Երկրորդ՝ ժամանակակից մարտավարական կանոնադրության բացակայությունը։ Անկախությունից հետո երկար տարիներ մեր բանակը առաջնորդվել է Խորհրդային բանակի ռազմական կանոնադրությունով, որոնք ձևավորվել էին այլ ժամանակի և այլ պատերազմի համար։ Մինչդեռ պատերազմը արմատապես փոխվել է՝ տեխնոլոգիաներով, անօդաչուներով, տեղեկատվական դաշտով, ճշգրիտ հարվածներով։
Առաջին անհրաժեշտ քայլերից մեկը պետք է լինի կառավարման և մարտավարության ամբողջական վերանայումը՝ համաշխարհային առաջատար փորձի հիման վրա։
Երրորդ՝ կիբերանվտանգության բաղադրիչը։ Հայաստանը, ունենալով զարգացած ՏՏ ոլորտ, պարտավոր է այդ ներուժը դարձնել անվտանգության գործիք։ Ոնց կարող է այդքան զարգացած ՏՏ ոլորտ ունենալ Հայաստանում ու չունենալ կիբեր զորքեր բանակում։ Էդպիսի իրավիճակ ունենք, որովհետև մեր գեներալները հիմնականում ավելի հպարտ ու ոլորտի մասին ավելի թույլ պատկերացումներ ունեն, քան մեր ՏՏ ոլորտի մասնագետները։ Այդ պատճառով մեր բանակը բոբիկ է նաև այդ ոլորտում։
Միևնույն ժամանակ պետք է արձանագրել ձեռքբերումները։
Սեփական ռազմարդյունաբերության ձևավորումը, ռազմական գնումների դիվերսիֆիկացիան, ամրաշինական աշխատանքները սահմանների ողջ երկայնքով՝ սրանք կարևոր քայլեր են, որոնք ցույց են տալիս, որ շարժ կա։
Հունվարի 28-ը պետք է մեզ հիշեցնի մի պարզ բան․ բանակը միայն զինվորականների գործը չէ։ Դա պետական մտածողության, տնտեսական կարողության և հասարակական ուշադրության արդյունք է։
Բանակի ուժեղանալու այլընտրանքը պետության բացակայությունն է։
Շնորհավոր Բանակի օրը, ընկերներ։ Թող մեր սերն ու ուշադրությունը բանակի նկատմամբ չլինեն միայն խորհրդանշական ու պաթոսային, այլ վերածվեն հետևողական, գիտակցված և երկարաժամկետ աջակցության, իսկ բանակը կայուն գնա դեպի տարածաշրջանի ամենամարտունակ բանակի տիտղոսի վերանվաճման ուղղությամբ։


















































