Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ այս մեկը մեզանից ուժեղ է, այն մեկը ուժեղ է, չհասկացա, որեւէ մեկը կարող է ասել, որ մենք ուժեղ չպետք է լինե՞նք»․ Արման Թաթոյան

Հունվար 28,2026 16:03

«Մենք ներկայացրել ենք քայլեր, որոնք տանում են դեպի ապահով խաղաղություն»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, մեզ պաշտպանելու կարողություն։ «Եթե մենք չունենանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն, եւ մեր խաղաղությունը կախված եղավ ուրիշի կամքից, ուրիշի թելադրած պայմաններից, դա խաղաղություն չէ, դա վտանգավոր ինքնախաբեություն է մեր ապագայի համար։ Ոչ մի բան նշանակություն չունի, եթե դու չունես անվտանգություն»,- նշեց նա։

Անդրադառնալով հունվարի 27-ը զոհերի հիշատակի օր սահմանելու որոշմանը՝ Թաթոյանն ասաց․ «Շատ դատապարտելի, նսեմացնող արարք էր, ամոթալի վախկոտություն, որ իշխանությունը հունվարի 27-ը նախատեսեց որպես հիշատակի օր։ Դա պատահական ընտրված օր է, ձեւական օր է, որը չունի ոչ մի բովանդակություն, այդ օրը մեզ համար չունի ոչ մի հիշողության նշանակություն։ Այս օրը պարզապես ընտրվել է պաշտոնյաների հարմարության համար, որ նրանք գան, իրենց ֆորմալ արարողակարգին մասնակցեն ու գնան։ Այդ օրը նրանց համար որեւէ արժեք չունի, դա կոնկրետ քաղաքական ընտրություն էր։ Մենք ունենք մեզ համար կարեւորագույն օրեր, որոնք մեզ համար ոչ միայն դժվարության օրեր են, նաեւ պետք է լինեն սիմվոլներ՝ մեր ուժի, զարգացման ու վեր հառնելու համար։ Մենք ունենք Ջերմուկի վրա հարձակման օրը՝ սեպտեմբերի 12-ը, 13-ը, սեպտեմբերի 27-ը, սեպտեմբերի 19-ը, այս օրերը բոլորն այս իշխանության օրոք են եղել, այս օրերը մեզ համար դարձել են ցավի օրեր հենց այս իշխանության օրոք»։

Թաթոյանն ասաց, որ գործող իշխանության օրոք հնարավոր չէ ապահով խաղաղություն, դա հնարավոր է իրագործել գալիք ընտրություններում նոր վարչապետ ընտրելու միջոցով միայն։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Թաթոյանն իր ներկայացրած 4 քայլերում խոսել է նաեւ ռազմական բյուջեն ավելացնելու հարցի մասին։ Նա նշել է, որ իրենց պաշտոնավարման առաջին տարվա ավարտին պետք է հասնել ռազմական հավասարակշռության։ «Մենք կընդունենք օրենսդրություն, որով պաշտպանության ծախսերը երբեք չեն կարող լինել Հայաստանի ՀՆԱ-ի 8 տոկոսից ցածր։ Սա նշանակում է՝ մեր պաշտոնավարման առաջին տարվան հաջորդող պետական բյուջեով ռազմական ծախսերն առնվազն մեկ միլիարդ դոլարով ավելի են լինելու այսօրվա ծախսերի համեմատ»,- նշել է Թաթոյանը։

«Առավոտ»-ի հարցին, թե ինչպե՞ս են իրականացնելու այդ ամենը, ՀՀ իշխանություններն այսօր ասում են, թե չենք կարող Ադրբեջանի ու Թուրքիայի բնակներից ուժեղ բանակ ունենալ, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Ես հստակ թվերը ներկայացրել եմ, որը պրոֆեսիոնալ հաշվարկների ու մոտեցումների արդյունք է։ Մինչեւ մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտը պետք է օրենքի մակարդակով ամրագրվի, որ բանակի ֆինանսավորումը չի կարող ՀՆԱ-ի 8 տոկոսից ցածր լինել։ Սա նշանակում է, որ առաջին պաշտոնավարմանը հաջորդող տարվա բյուջեով 1 մլրդ դոլարով ավելի է լինելու ռազմական բյուջեն, քան այսօր կա։ Երկրորդը, պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին, այո, մենք արդեն խոսում ենք հավասարակշռման մասին։ Իսկ որ այդպես ասում են՝ այս մեկը մեզանից ուժեղ է, այն մեկը ուժեղ է, այսինքն՝ չհասկացա, որեւէ մեկը կարող է ասել, որ մենք ուժեղ չպետք է լինե՞նք։ Մենք չպիտի ունենանք կարողություն՝ ինքներս մեզ պաշտպանելո՞ւ, դա որտե՞ղ է գրված։ Այո, մենք պետք է լինենք ուժեղ, պետք է կարողանանք ձեռք բերել ինքներս մեզ պաշտպանելու հուսալի կարողություն»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031