-Իշխանություններն անընդհատ ասում են, թե համակարգային կոռուպցիա չկա: Նրանք հավանաբար նկատի ունեն, որ եթե որեւէ մեկը ենթադրաբար պարեկին կաշառք է տալիս, ապա դրանից Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը բաժին չունեն: Նախ՝ մենք հլը փաստ չունենք, որ այդպես չէ, որ իսկապես իրենք չունեն, բայց համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր, վտանգավոր տեմպերով գոյություն ունի,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը, որը համակարգում է նաեւ AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որի շրջանակում այսօր կազմակերպվել էր կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով:
Արդեն աշխատաժողովի ժամանակ Բաբայանն ասաց, որ 2018-ից իշխանության եկածներն անընդհատ կոռուպցիայի դեմ պայքարի մասին են բարձրաձայնում, բայց հողի վրա կոռուպցիայի վերացումը չենք տեսնում:
Կարդացեք նաև
-Կոռուպցիայի դեմ պայքարում ընդհանրապես չկա առաջընթաց՝ հակառակ բարձրագոչ հայտարարությունների: ՀՀ կոռուպցիայի ընկալումը տարիներ շարունակ չի փոխվում, եզրակացնում ենք, որ քաղաքական խոսքը, թե պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, չի արձանագրում իրական չափելի արդյունք: Հասարակությունը չի հավատում հակակոռուպցիոն քաղաքականությանը, համաձայն որի՝ միայն 3 տոկոսն է հակակոռուպցիոն պայքարը համարում ձեռքբերում իշխանությունների կողմից,- աշխատաժողովի ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնի» հետազոտությունից մի հատված ներկայացրեց Բաբայանը:
Նա նաեւ ասաց, որ հաջորդ խնդիրը, որ արձանագրել են՝ ընտրողական արդարադատությունն է ու անձեռնմխելի բարձրաստիճաններն են, քրեական վարույթները հիմնականում ուղղված են քաղաքական ընդդիմախոսներին. «Իշխանությանը մոտ կանգնած մարդկանց գործերը կամ չեն քննվում, կամ կարճվում են կամ անորոշ ժամկետով ձգձգվում են: Հաջորդ խնդիրը, որ արձանագրել ենք՝ քաղաքական կոռուպցիայի բաց դաշտ 2026 թվականի ընտրություններից առաջ. կուսակցությունների ֆինանսները ընտրական շրջանում փակ են վերահսկողությունից, վարչական ռեսուրսի չարաշահումը մնում է անպատիժ, դիտորդական առաքելություն իրականացնողների գործունեությունը կարող է չարամիտ սահմանափակվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































