Այսօր՝ հունվարի 28-ին, Փարաքարի Մշակույթի և գեղարվեստի կենտրոնի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումը նվիրված էր Հայոց բանակի հիմնադրման 34-ամյակին՝ որպես հարգանքի և երախտագիտության խոնարհում համայնքի այն քաջարի զավակներին ու նրանց ընտանիքներին, ովքեր անձնվիրաբար կանգնել և կանգնած են Հայրենիքի պաշտպանության առաջնագծում:
Միջոցառմանը ներկա էին համայնքապետարանի ղեկավար կազմը, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներ, զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներ, ազատամարտերի մասնակիցներ, սպաներ, պահեստազորայիններ, դպրոցների զինղեկներ ու համայնքի բնակիչներ։
Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով:
Համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Մարգարյանը.
«Մեր համայնքը հպարտ է իր այն զավակներով, ովքեր ծառայում և ծառայել են Հայոց բանակում՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն, քաջություն և հյարենասիրություն: Ազգային նշանակության այս տոնական օրն ամբողջովին նվիրված է մեր համայնքի այն քաջարի անձանց և նրանց ընտանիքի անդամների մեծարմանը, ովքեր առավելագույնն արեցին մեր սուրբ հայրենիքի պաշտպանության գործում։ Ձեր ծառայությամբ դուք արժանապատվորեն եք կրում հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը»,- նշված էր ուղերձում։
Կարդացեք նաև
Հայրենասիրական ոգով հագեցած միջոցառումն ուղեկցվեց ասմունքով ու երաժշտական կատարումներով՝ համայնքի շնորհալի սաների, ինչպես նաև հրավիրված երգիչ-երգչուհիների և պարային համույթների մասնակցությամբ:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Մարատ Բալայանը, Ալյոնա Բալույանը, «Արեգ» ավանդական երգի և պարի համույթը, ինչպես նաև Փարաքարի Հովիկ Էդգարյանի անվան Արվեստի դպրոցի, «Այգեկ» արվեստի դպրոցի, Ժորա Այվազյանի անվան պարային կենտրոնի սաները։
Ասմունքով հանդես եկավ Ասյա Հովսեփյանը։
Հանդիսավոր միջոցառումն եզրափակվեց Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սպասավոր Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանի և Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Պարթև Աշուղյանի օրհնանքի խոսքով:
Նշենք, որ Հայոց բանակի կազմավորման գործում Փարաքար համայնքից անմիջական մասնակցություն են ունեցել շուրջ 7 856 զինվոր, սպա, կամավոր, ազատամարտիկ և թիկունքի աշխատող։
Փարաքար համայնք


















































