Լրահոս
Օրվա լրահոսը

Ես մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ. Լեւոն Զուրաբյան

Հունվար 28,2026 19:55

Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Զինված Ուժերի բոլոր ներկայացուցիչներին, զինվորականներին՝ շարքայիններին եւ ամբողջ սպայական կազմին, վետերաններին, մեր ամբողջ ժողովրդին։

Ալեքսանդր Մակեդոնացին ասել է. «Ես չեմ վախենում առյուծների բանակից, եթե այն կառավարում են ոչխարները, ես վախենում եմ ոչխարների բանակից, որի զորավարը առյուծ է»։

1988-ի բովում եւ Անկախությամբ ստեղծված բանակը առյուծների բանակ էր, որի հիմնադիրներն ու զորավարները նույնպես առյուծներ էին։ Այդ բանակը փրկեց հայությանը բնաջնջումից եւ նվաստացումից, պատմական հաղթանակներ շնորհելով հայ ազգին։
Ես մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ։ Դա մեզ պետք է ոչ թե պատերազմի համար, այլ այն բանի համար, որ այլեւս պատերազմ չլինի։ Դա մեզ պետք է այն բանի համար, որ ոչխարների բերած պարտությունների եւ նվաստացումների շղթան փակվի։

Մենք նոր տիպի բանակ ենք ստեղծելու։ Բանակը պետք է դառնա տեխնոլոգիական զարգացման լոկոմոտիվը եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ձեռնարկությունների գլխավոր գործընկերը։

Պետք է ստեղծվեն բարձր տեխնոլոգիաների հետ կապված զորամիավորումներ, որոնք ժամանակակից պատերազմի պահանջները բավարարող առաջադրանքներ կդնեն եւ պատվերներ կապահովեն մեր արդյունաբերության համակարգի եւ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ գիտակրթական համակարգի համար։ Այդ նոր զորամիավորումները իրենք պետք է մաս կազմեն գիտահետազոտական եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համապետական համակարգին։

Զորակոչված երիտասարդները պետք է ոչ թե կտրվեն քաղաքացիական կյանքի գործունեությունից, վնասելով իրենց գիտական, կրթական, ստեղծագործական եւ ձեռնարկատիրական աճին եւ հեռանկարներին, այլ, ընդգրկվելով իրենց հմտություններին համապատասխան զորամիավորումների մեջ, բազմապատկեն իրենց մասնագիտական աճի հնարավորություններն ու ներուժը, հետագայում օգտագործելով ձեռք բերված կապերը եւ փորձը քաղաքացիական կյանքում։

Մենք ստեղծելու ենք այդպիսի բանակ, որը դառնալու է խաղաղության պահպանման եւ տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման գլխավոր երաշխավորներից մեկը։
Ի գո՜րծ։
Լևոն Զուրաբյան

Հայ Ազգային Կոնգրես

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031