«Երբ խոսում ենք առողջապահական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի մասին, գերակշռող մեծամասնության մոտ տպավորություն է ստեղծվում, որ խոսում են պացիենտի կողմից բժշկին վճարվող գումարներից, դեղերի նշանակումից ստացված «ատկատներից» եւ այդ շղարշի ներքո կորում են այն իրական կոռուպցիոն ռիսկերը, որոնք իրականում կան մեր երկրում: Չեմ արդարացնում փողերի սեւ շրջանառությունը առողջապահական ոլորտում, սակայն որպես պրակտիկ բժիշկ գործընկերներիս հետ շփման արդյունքում կարող եմ ասել, որ դա իրականանում է այն պատճառով, որ պետական համակարգում սահմանվող առողջապահական ոլորտի բուժծառայությունների գները ծիծաղելի են: Օրինակ՝ վերցնենք ապահովագրական համակարգում սոնոգրաֆիայի արժեքը երեք հազար դրամ է, դուք երբեւէ այդ գումարով սոնոգրաֆիա արած կա՞ք, գաստրոսկոպիան, որը դժվարամատչելի հետազոտություն է՝ 12.000 դրամ: Դուք այդ արժեքով երբեւէ հետազոտվե՞լ եք: Ընդ որում՝ ասեմ, որ բուժաշխատողը ստանում է դրա 20 տոկոսը, որը եւս հարկվում է: Այսօր ֆինանսապես ավելի ձեռնտու է անձրեւոտ եղանակին աշխատել տաքսու ծառայության վարորդ, քան՝ բժիշկ,- այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած աշխատաժողովի ժամանակ ասաց բժիշկ Գեւորգ Գրիգորյանը:
Ըստ Գրիգորյանի՝ «Մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, բայց մոռանում ենք շուկայական հարաբերությունների մեջ պետության բիրտ ներխուժման մասին, օրինակ ապահովագրությունը: Մինչ այժմ ունեինք մասնավոր ապահովագրական համակարգ, եւ չկար ոչ մի տեսակի դժգոհություն: Ամսական 9100 դրամով ես ունեի մասնավոր ապահովագրություն ու անհամեմատ ավելի մեծ ծառայությունների փաթեթ, քան այսօր պետությունը տրամադրում է 10 800 դրամով: Արդյո՞ք այս տարի Համաշխարհային բանկի վարկի պատճառով հապճեպ ընդունած այս ապահովագրական համակարգը չի հանդիսանում քաղաքական կոռուպցիա ու ընտրողների բանակի գեներացիա: Իմ դիտարկմամբ՝ հանդիսանում է»:
Բժիշկ Գրիգորյանն այլ հարցեր էլ առաջ քաշեց՝ արդյո՞ք անպատասխան հարցերի առկայությունը ոլորտային կոռուպցիայի համար պարարտ հող չի հանդիսանա. «Գերակշռող բժշկական կենտրոններն այս պահի դրությամբ չունեն հստակ գնացուցակ ու հիվանդությունների կոդեր, որոնցով պատրաստվում են աշխատել: Սա արդյո՞ք կոռուպցիոն ռիսկ չէ, արդյո՞ք յուրային հիվանդանոցներին ավելի շուտ գնացուցակը տրամադրելը մրցակցային առավելության տրամադրում չէ: Նման երեւույթները մեր ոլորտում շատ են»:
Կարդացեք նաև
Քննարկման ամբողջական տեսանյութը՝ ստորեւ.
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































