Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ գալիք ամիս սպասվելիք այցը Հայաստան եւ Ադրբեջան փաստում է Հարավային Կովկասի աճող կարեւորության մասին՝ ասել է Հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող «Միջազգային ճգնաժամային խումբ» ոչ կառավարական կազմակերպության՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուցերան՝ հարավկովկասյան զարգացումներին նվիրված պանելային քննարկման ժամանակ։
«Սպիտակ տանը նախորդ տարի օգոստոսի 8-ի հայտնի հանդիպումից հետո շատ բան է կատարվում։ Միացյալ Նահանգների նախագահը, Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը մի շարք համաձայնագրեր ստորագրեցին։ Դրանից հետո դեպքերն արագ են ընթանում», – ասել է Կուցերան։
Որպես իր խոսքի վկայություն բանախոսը հիշեցրել է, ի թիվս այլ զարգացումների, հունվարի 13-ին TRIPP ծրագրի կենսագործմանը վերաբերող ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների համատեղ հայտարարության մասին։
Կարդացեք նաև
«Հետագիծը երեքի դեպքում էլ նույնանման է»
Կուցերան մեկնաբանել է նաեւ հարավկովկասյան եռյակի ներքաղաքական իրողությունները՝ նշելով, որ «կարելի է հանգստորեն ասել, որ երեք երկրներն էլ ավելի ավտորիտար են դառնում»։ Նա ընդունել է, որ դեպի ավտորիտարիզմ երեք պետությունների ընթացքը տարբերվում է, բայց «հետագիծը երեքի դեպքում էլ նույնանման է»։
Վերլուծաբանը նկատել է, որ Հայաստանում եւ Վրաստանում զուգահեռ գործընթացներ են ընթանում՝ «ազատ խոսքի եւ քաղաքական ընդդիմության բռնաճնշման ավելացմամբ»։ Կուցերան արձանագրեց նաեւ, որ միջազգային հանրության արձագանքը Հայաստանում եւ Վրաստանում զուգահեռ զարգացումներին «բավականին տարբեր» է եղել։
Քննարկումը՝ ստորեւ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































