Երեւանի Ռուսական տանը կայացավ Վլադիմիր Վիսոցկուն նվիրված «Ես, ինչ խոսք, ետ կգամ» ժողովածուի՝ հայերեն-ռուսերեն զուգադրությամբ եւ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լեւոն Բլբուլյանի թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Գիրքը, որ լույս է տեսել Երևանի Ռուսական տան աջակցությամբ, ներկայացվեց անմահ Վիսոցկու ծննդյան 88-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկոյի ընթացքում:
Երեկոն բացեց Երեւանի Ռուսական տան մշակութային նախագծերի մասնագետ Արամ Գյուրջյանը՝ կատարելով Վիսոցկու հայտնի «Я не люблю» երգը: «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշեց, որ գրքի առանձնահատուկ արժեքը նրա երկլեզու ձեւաչափն է, որտեղ առաջին անգամ կողք կողքի ներկայացված են ե’ւ հայերեն թարգմանությունը, ե’ւ բնագիրը։ «Բոլորիս հայտնի է քրեստոմատիական այն ձեւակերպումը, որ եթե Պուշկինի «Եվգենի Օնեգինը» ռուսական կյանքի հանրագիտարանն է, ապա Վիսոցկին, թերևս, խորհրդային կյանքի հանրագիտարանը»,-ասաց Վադիմ Ֆեֆիլովը։
Կարդացեք նաև
Ռուս-հայկական համալսարանի Մեդիայի, գովազդի եւ կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարկարյանը ընդամենը մեկ նախադասություն ասաց. «Ես, ինչ խոսք, ետ կգամ»… իսկ նա ոչ մի տեղ էլ չէր գնացել, պարզապես հունվարի 25-ին կդառնար 88 տարեկան»:
Երեկոյի հատուկ հյուրը Լեւոն Բլբուլյանն էր: Վիսոցկին Հայաստանում թանկ ու հայտնի անուն է, եւ Բլբուլյանը դրանում մեծ ներդրում ունի որպես նրա ստեղծագործությունների լավագույն թարգմանիչ: Պատահական չէ, որ ընկերները ժամանակին նրան մականուն էին գտել՝ Լեւոն Վիսոցկի:
Երեկոյի ծրագիրը հագեցած ու կենդանի էր։ «Ես, իհարկե, կվերադառնամ» գրքից տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ բանաստեղծություններ կարդացին՝ ռուսերեն եւ հայերեն։
Դեռեւս անցյալ տարի Aravot.am-ին տված հարցազրույցում Լեւոն Բլբուլյանը գրքի մասին խոսելիս ասել էր, որ ջանացել է բնագրին հարազատ մնալ, առավելագույնս հաղորդել Վիսոցկու բանաստեղծությունների տրամադրությունն ու ոգին, հիմնական ասելիքը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Հայաստանում Ռուսական տան





















































