Հունվարի 16-ից՝ արդեն 10 օրից ավելի, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մոտ 50 հորատողներ գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի ավելացում։ Գործադուլավորներն Ալավերդի համայնքի Ախթալա եւ Շամլուղ բնակավայրերի բնակիչներ են, որոնք աշխատում են Շամլուղի հանքավայրում։ Շամլուղի հանքերում արդյունահանված հանքաքարը, Ախթալայում հարստացվելուց հետո, մեծ բեռնատարներով առաքվում է Վրաստանի Բաթումի նավահանգիստ, այնտեղից էլ՝ արտերկիր։
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ սեփականատերը Վահե Մաքսիմի Հակոբյանն է, որը նախկինում եղել է Սյունիքի մարզպետ, ԱԺ պատգամավոր, Ջրային կոմիտեի ղեկավար։ Լեռնահարստացման կոմբինատի տնօրենը Վահե Հակոբյանի հորեղբորորդի Վիլեն Հակոբյանն է։
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արհմիության ղեկավար, Ախթալայի, Ալավերդու նախկին փոխհամայնքապետ Սասուն Վարդումյանը մեզ հայտնեց, որ գործադուլավոր հանքափորներն իրենց աշխատավարձի բարձրացման պահանջի հետ նաեւ դժգոհություն են ներկայացրել, որ, բացի հանքափորությունից, հանքերում պայթեցման, փականագործի, բանվորական այլ աշխատանքներ են կատարում, որի համար չեն վարձատրվում։ Գործադուլի ընթացքում գործարանի տնօրինության հետ բանակցություններ են ընթանում, որի ընթացքում ձեռնարկության տնօրինությունը համաձայնել է, որ հավելյալ աշխատանքները՝ պայթեցումները եւ այլն, կիրականացնեն այլ բանվորներ։ Ս․ Վարդումյանն ասաց, որ ձեռնարկության տնօրինության հետ համաձայնության են եկել՝ անկախ այս գործադուլի արդյունքներից, գործարանի տնօրինության եւ արհմիության միջեւ համագործակցություն հաստատելու, առկա խնդիրները փուլերով լուծելու վերաբերյալ։
500 աշխատող ունեցող լեռնահարստացման կոմբինատի միայն 50 հանքափորներն են գործադուլ անում, մյուսները սպասում են գործադուլի հաջողությանը, որպեսզի գործադուլավոր հանքափորների աշխատավարձի բարձրացման դեպքում իրենց աշխատավարձն էլ որոշակի չափով բարձրանա։ Ս․ Վարդումյանը հայտնեց, որ հանքափորների գործադուլի հետեւանքով լեռնահարստացման կոմբինատը պարապուրդի չի մատնվել, աշխատում է պահեստներում կուտակված հանքաքարով, որը կբավարարի եւս մի քանի օր։ Նրա վկայությամբ՝ գործադուլավոր հանքափորներին փոխարինելու, հանքերում աշխատելու համար մոտ 20 հնդիկ են բերել, որոնց տեղավորել են Փոքր Այրում գյուղի հյուրատանը։ Սակայն հնդիկները դեռեւս հանքահորում աշխատանքի չեն անցել։
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































