Արցախյան 2020թ․ սեպտեմբերյան կործանարար պատերազմը ցավալի դաս եղավ մեզ համար։ Հետագայում նման պարտություններից խուսափելու նպատակով 2020-ի վերջում, 21-ի սկզբներում պատերազմի մասնակից նվիրյալների կողմից ստեղծվեցին տարբեր ռազմամարզական, կրթական հասարակական կառույցներ, որոնք սկսեցին աշխատել մատաղ սերնդի հետ։ Նման կառույցներից է «Ապագա զինվոր» ռազմամարզական ակումբը՝ Սամսոն Մուրադյանի տնօրինությամբ։ Հայոց բանակի սպան կարճ ժամանակում կարողացավ իր հիմնադրած ակումբում ընդգրկել հարյուրավոր երեխաների՝ անկախ սեռից։
Տարբեր առիթներով ներկա եմ եղել «Ապագա զինվոր»-ի միջոցառումներին՝ տոնական, հոբելյանական արարողություններ, պարապմունքներ, ճամբարներ, ու միշտ ոգևորվել եմ մեր երեխաներով, նրանց ուսուցիչ-հրամանատարներով։ Հունվարի 28-ին Երևանում՝ Խուլ֊համրերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում, նշվեց ռազմամարզական ակումբի հիմնադրման 5-ամյա տարեդարձը՝ նվիրված նաև Հայոց բանակի վերակազմավորման 34 ամյակին։
Կարդացեք նաև
Ներկա էին Արցախյան պատերազմներում անմահացած Հերոսների ծնողներ, հարազատներ, մարտական ընկերներ, զինվորականներ, ակումբին սատարող կառույցների («Կալիբր» խանութ, «Առյուծ-Արծիվ» երկրապահ միություն, «Էլբակյան կրթահամալիր» և այլ) ղեկավարներ, ներկայացուցիչներ, ապագա զինվորների ծնողներ, հյուրեր։
Դահլիճի բեմում «Ապագա զինվոր»-ի սաներն էին՝ տարբեր տարիքի, սեռի ու համապատասխան դասակների։ Եղավ լռության րոպե, հնչեցին ՀՀ և Հայոց բանակի Օրհներգերը։ Ներկաներին ողջունեց ակումբի հիմնադիր-տնօրեն, փոխգնդապետ Սամսոն Մուրադյանը։ Շնորհավորելով Հայոց բանակի օրվա առթիվ՝ անդրադարձավ իր ղեկավարած ակումբի գործունեության։ Կարևորեց այն որպես Հայոց բանակի մի փոքր, բայց հուսալի հիմնաքար։ Տեղեկացրեց այժմ նույն դպրոցում թրծված շատ տղաներ ծառայում են Հայոց բանակում, տարիների ընթացքում մոտ 200 հոգի եղել են բանակի զինվոր, և գրեթե բոլորի ծնողները, ինքը զորամասերի հրամանատարների կողմից շնորհակալագրեր են ստացել։ Նույն ակումբի աղջիկ-սաներից նույնպես կան, որ ընդունվել են ռազմական ուսումնական հաստատություններ, կան նաև դիմորդներ։ Իր սաները նաև ռազմական ուսուցում են անցել արտերկրի համապատասխան ուսումնական հաստատություններում, այժմ էլ կան ուսանողներ։ Շնորհակալություն հայտնեց իր սաներին, նրանց ծնողներին, որ գիտակցում են Հայոց բանակի դերը, և իրենց զավակներին ուղղորդել են հանրակրթական դպրոցից բացի, սովորեն ռազմամարզական արվեստ։ Շնորհակալություն հայտնեց աջակիցներին, առանձնապես կարևորեց «Տաշիր»-ի դերը, որ աջակցել է իրենց ֆինանսապես։
Ս․ Մուրադյանի հրավերով բեմ բարձրացան Անմահ Հերոսների ծնողները, հարազատները, ովքեր ակումբի կողմից արժանացած պատվոգրերի, հուշանվերի, կանայք՝ ծաղիկների։
Ներկա էր նաև գյումրեցի, 2016թ․ Ապրիլյան քառօրյայի Անմահ հերոս «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի մայրը՝ Նունե Ստեփանյանը։ Իր խոսքում Հերոսի մայրը կարևորեց ակումբի դերը, բոլոր երեխաներին տվեց իր մայրական օրհնանքը՝ ասելով․ «Շնորհավորում եմ բոլորիս բանակի 34 ամյակի կապակցությամբ։ Շատ հպարտ եմ՝ կան նման երեխաներ, որ կշարունակեն մեր տղաների գործը։ Արցախը հետ կբերենք, այն եղել է մերը, կա ու կլինի։ Փառք մեր տղաներին, որ իրենց կյանքը տվեցին հանուն Արցախի, և որ մենք հպարտ քայլում ենք այս հողի վրա։ Շնորհավորում եմ երեխաներին նման ելույթների համար և մաղթում եմ՝ նման երևույթները լինեն միայն ցուցադրական, երբեք պատերազմ չտեսնեն։ Ես ինչ տեսել եմ, բավական է։ Բարձր պահենք մեր տղաների պատիվը»։ Խոսքի վերջում Ա․ Մուրադյանին իրենց ընտանիքի կողմից նվիրեց Արփինե Սարիբեկյանի հեղինակած «Պարոնայք սպաներ» գիրքը, որում նաև Մերուժանի մասին է գրված։
Միջոցառմանը ներկա էր շուշեցի ուսուցչուհի Նարինե Ավանեսյանը, որն իր սաների հետ եկել էր շնորհավորելու «Ապագա զինվոր»-ի 5-ամյա տարեդարձը և Հայոց բանակի օրը։ Տեղեկացրեց՝ անձամբ է ճանաչել Մերուժանին։
Ես էլ տեղեկացրեցի, որ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղի նորակառույց դպրոցը կոչեցինք Մերուժան Ստեփանյանի անունով։ Անվանակոչմանը ներկա էին Մերուժանի ծնողները, հարազատներ, Արցախի Նախագահը, կառավարության անդամներ, զինվորականներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարությունը, Մոշաթաղի և հարակից բնակավայրերի բնակիչներ, ուսուցիչներ, աշակերտներ։
Հավերժի ճամփորդ մեր Հերոսների ծնողներին մեծարելուց հետո ակումբի սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով։ Եղավ նաև համերգային մաս։ Հրավիրված երգիչների կողմից հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, որոնք ուղեկցվեցին ակումբի սաների պարային կատարումներով։ Դահլիճին ոգևորեց նաև փոքրիկ երգչուհի Սաբինա Միրզոյանի՝ ռազմահայրենասիրական երգերի կատարումով։ Ելույթ ունեցան ու Արցախի բարբառը ներկայացրեցին փոքրիկ արցախցիները, Երևանի թիվ 119 մսուր-մանկապարտեզի սաները։ Նույն մսուր-մանկապարտեզի կողմից նույնպես շնորհակալագիր հանձնվեց Ս․ Մուրադյանին։
Ս․ Մուրադյանի և իր ղեկավարած ակումբի ուսուցիչների համար առավել կարևոր է հատկապես իրենց սաների ու նրանց ծնողների կողմից տրված պատվոգրերը, շնորհակալագրերը, որոնք ընդունեցին ոգևորությամբ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ












































































