Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել. վերաքննիչ դատարանը դատական սխալի առկայության պայմաններում գործը չի բեկանել

Հունվար 29,2026 11:43

«Փաստինֆո». ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել, ըստ «Դատալեքս» համակարգի՝ գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, 2024թ․ սեպտեմբերի 20-ին հրապարակել է Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով վերջինիս մեղսագրվող արարքում և ազատելով քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, ինչը ոչ արդարացնող հիմք է համարվում։ Ի դեպ, Հրայր Թովմասյանի գործով դատավճռի հրապարակումից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջխաղացում է ունեցել՝ նշանակվելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել, որոնցով պաշտպանության կողմը արդարացում է պահանջել, մեղադրող կողմը՝ բեկանել վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով Թովմասյանին պատասխանատվությունից ազատելու մասին դատական ակտը և դատապարտել նրան ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Մեսրոպ Մակյանի, Ժենյա Մելիքսեթյանի՝ անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Նախագահող Արմեն Հովհաննիսյանը, սակայն, հատուկ կարծիք է ներկայացրել՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանը դատական սխալ է թույլ տվել և գործը պետք է ուղարկվի Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Հատուկ կարծիքում արձանագրում է եղել առ այն, որ երկու վկայի ցուցմունքներն ապացուցողական զանգվածից հանելու պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշմամբ մատնանշված ապացույցները բավարար չեն, որ որակական կողմից ապահովվի ապացուցման առարկայի՝ քննարկված տարրերի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը, հետևաբար, Հովհաննիսյանը չի համաձայնել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ մատնանշված այդ ապացույցներով կարող է հաստատված համարվել երկու դրվագներով վերագրված արարքների հիմքում դրված և առաջադրված մեղադրանքի տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող՝ վերը քննարկված փաստական հանգամանքները, հետևաբար նաև մեղադրյալի մեղավորությունը:

Միևնույն ժամանակ, դատավորն արձանագրել է, որ դատարանը բավարար գործողություններ չի իրականացրել՝ վկաներին դատարան ներկայացնելու և Հրայր Թովմասյանի՝ հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելու համար, ինչով և զրկել ինչպես իրեն, այնպես էլ հետագայում վերաքննիչ ատյանին ՝ վերը քննարկված փաստական հանգամանքների հաստատման կամ չհաստատման, հետևաբար նաև մեղքի հարցի լուծման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու օբյեկտիվ հնարավորությունից։ Այլ կերպ՝ դատավորն արձանագրել էր, որ առնվազն այդ մասով առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի այնպիսի էական խախտումներ, որոնց պայմաններում վիճարկվող դատավճիռն ինքնին ենթակա էր բեկանման։

«Այսպիսով, ամփոփելով ողջ վերոշարադրյալը և հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածը՝ սույն հատուկ կարծիքով հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասի կապակցությամբ մեծամասնության կարծիքին՝ փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից տվյալ դեպքում թույլ էր տրվել դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող այնպիսի դատական սխալ, որի դեպքում վիճարկվող դատավճիռն ինքնին ենթակա էր ամբողջությամբ բեկանման, իսկ վարույթը՝ Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցման»,- նշել էր նախագահող Ա․ Հովհաննիսյանը։

Այդուհանդերձ, դատարանը որոշել է անփոփոխ թողնել դատավճիռը։ Այդ որոշումը, սակայն, օրինական ուժի մեջ դեռ չի մտել, գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031