«Բարեւ ձեզ։ Կարոտե՞լ եք։ Չէ՞։ Ես որ ձեզ կարոտել եմ հաստատ»,- այսպես սկսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսը։
Նա մանրամասն անդրադարձ կատարեց աշխարհաքաղաքական զարգացումներին՝ նկատելով, որ չափազանց հետաքրքիր գործընթացներ են եւ այդ համատեքստում գնահատելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ փաստեց․ «ԱՄՆ-ը ինքն է ապամոնտաժում այն աշխարհակարգը, որը իրենք էլ ձեւավորել են ու դա արտացոլված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության մեջ»։
Ռոբերտ Քոչարյանն առանձնացրեց այդ ռազմավարության հիմնական թեզերը․
ԱՄՆ-ն ընդունում է, որ աշխարհը բազմաբեւեռ է, ընդունում է, որ հրաժարվում է գաղափարական հեգեմոնիայից՝ ոչ թե հեգեմոնիայից առհասարակ։ ԱՄՆ-ը հիմնական հակառակորդ համարում է Չինաստանը, ՌԴ-ի հետ պատրաստ են հարաբերություններ ձեւավորել եւ համագործակցել, Եվրոպային էլ առանձնակի դերակատարում չի շնորհվում․ «Եվ մեզ համար հետաքրքիր հանգամանք՝ զրո հիշատակում Հարավային Կովկասի մասին․ սա նշանակում է՝ ԱՄՆ-ը այստեղ չունի ֆունդամենտալ շահեր՝ ոչ տնտեսական, ոչ քաղաքական»։
Կարդացեք նաև
Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանը նկատում է՝ ԱՄՆ նախագահն ասում է, որ միջազգային իրավունքն իրեն չի հետաքրքրում, իրեն բացառապես իր բարոյական չափանիշներն են զսպում, նրա արտաքին հարցերով խորհրդական Միլլերն էլ ասում է, որ ԱՄՆ-ը գերտերություն է, իշխում է եւ իշխելու է, որ քաղաքավարությունը միջազգային հարաբերություններում այլեւս անցյալում է մնացել եւ այլն։
Ինչպե՞ս համատեղել այս երկու՝ իրար հակասող սկզբունքները՝ հարցի համատեքստում Ռոբերտ Քոչարյանը խոսեց այս ամենի հետեւանքների մասին․ «Կամ պետք է լինի մեծ պատերազմ, կամ աշխարհը պետք է բաժանեն ազդեցությունների գոտիների։ Թրամփը անում է երկրորդը՝ կառավարվող էսկալացիայով»։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ բնական հարցին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է․
«Աշխարհը շատ ավելի վտանգավոր է, Հայաստանը պետք է անի ամեն ինչ՝ գերտերությունների շահերի բախման կենտրոնում չհայտնվելու համար․ հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ նավը օվկիանոս չի հանում՝ չվտանգելու համար եւ նավը, եւ անձնակազմը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































