Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՐԻՓՓ-ը մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու»․ Ռոբերտ Քոչարյան

Հունվար 29,2026 12:30

«ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Հայկական շահը այստեղ չի երեւում ընդհանրապես: Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, կիսակողմ է: Այս ծրագիրը կարող է մեզ հանել այդ բախման կետից, եթե ինքը ընդլայնվի, ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ։ Օրինակ, ծրագրին միանան Չինաստանը կամ Ռուսաստանը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ԹՐԻՓՓ ծրագրի մասին հարցին:

«ԹՐԻՓՓ -ը պետք է մեծանա, կարող է լինել երկու ԹՐԻՓՓ․ ԹՐԻՓՓ մեկը՝ Մեղրիի հատված, ԹՐԻՓՓ երկուսը՝ Նախիջեւանի հատված: Դրանք բովանդակությունը ու կարգավորումները նույնն են լինելու: Չստացվի, որ հայ-ամերիկյան պրոյեկտը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար պրոյեկտ է: Ես հասկանում եմ մեկ բան, որ ԱՄՆ-ը փորձելու է այս ծրագիրը «բրթել» առաջ․ անկեղծ ասած՝ չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահը: ԱՄՆ -Հայաստան, ԱՄՆ-Ադրբեջան ամբողջ արտաքին առեւտրի ծավալը կազմում է ԱՄՆ-ի ամբողջ արտաքին առեւտրի ծավալի մոտավորապես 0.004 տոկոսը։ Սա ոչինչ է: ԱՄՆ-ը Հարավային Կովկասում տնտեսական զրոյական շահ ունի եւ այս հետաքրքրությունը կապված է մեկ հանգամանքի հետ՝ Իրանի, Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ, ուրիշ բացատրություն չկա: Շատ եմ փորձել լարել իմ երեւակայությունը գտնելու համար ինչ-որ բան, բայց չկա: Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Այս թեմայով՝ Հայաստանի տնտեսական շահին վերաբերվող մեկ այլ հարցի պատասխանելիս՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց․ «ԹՐԻՓՓ-ը մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու։ Ես տպավորություն ունեմ, որ մարդիկ ի պաշտոնե պատասխանատվություն են կրում հարցերի վերաբերյալ, որոնցից բացարձակապես ոչինչ չեն հասկանում. յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխավորն առաջին հերթին բանակն է: Եվ, ի դեպ, եթե դու ունես մարտունակ բանակ ոչ թե պատերազմ սկսելու համար, այլ խաղաղություն ունենալու համար: Քո մարտունակ բանակը ավելացնում է կշիռդ ուրիշների հետ հարաբերություններում: Որքան մարտունակ է բանակդ, իսկ տնտեսությունդ ավելի հզոր, այնքան ավելի հետաքրքիր դաշնակիցներ կարող ես ունենալ և այնքան իրենք են արժեւորելու քո դերը: Եթե դու քեզանից ոչինչ չես ներկայացնում՝ քեզ հետ ի՞նչ ընկերություն անեն: Միջազգային հարաբերություններում այդ սենտիմենտները չկան»։

Ասուլիսի սրահում՝ ետնանկարում Արարատ լեռան նկարն էր, Եկեղեցին խորհրդանշող պատկերներ։ Լրագրողի դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Մեսիջը ճիշտ եք հասկացել, արժեքներից չենք հրաժարվում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031